Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը թողել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրենի պաշտոնը, քանի որ իր թեկնածությունն է դրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրություններում: Այս մասին նա ասաց armtimes.com-ի հետ զրույցում: Ռեժիսորը վստահ է, որ իր հեռանալը չի խանգարի, որ «Ոսկե ծիրանը» շարունակի հաջողություններ գրանցել:
«Քանի որ «Ոսկե ծիրանն» արդեն շատ ամուր կանգնած է ոտքերի վրա, և ամեն ինչ լավ է ընթանում, կարծում եմ՝ հեշտությամբ կշարունակի իր ճանապարհը: Իսկ ես ավելի կարևոր գործ եմ համարում կինոյին օգնելը: Որքան հնարավոր է, «Ոսկե ծիրանի» միջոցով օգնեցինք, բայց հայկական կինոն կատաստրոֆիկ վիճակի մեջ է: Դեռ չի հասել այն բարձունքին, որին արժանին է, և ես որոշեցի թեկնածությունս դնել: Կան մի քանի թեկնածուներ: Ի սկզբանե ինձ մոտ ցանկություն չկար, բայց քանի որ բազմաթիվ կինեմատոգրաֆիստներ խնդրեցին, որ համաձայնեմ, հասկացա, որ հիմա շատ կարևոր ժամանակ է, որ պաշտպանվեն կինոգործիչների իրավունքները, կինոն տարվի ճիշտ ճանապարհով: Կարծում եմ՝ կարող եմ անել և համաձայնեցին»,- ասաց նա:
Հարություն Խաչատրյանը նշում է, որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվելուց հետո կմիավորի բոլոր կինոփառատոնները: Կզբաղվի ոչ միայն «Ոսկե ծիրանով», այլև Հայաստանում անցկացվող բոլոր կինոփառատոններով: Կփորձի ամուր հիմքերի վրա դնել կրթությունն այս ոլորտում:
««Ոսկե ծիրանի» կողքին անպայման կլինեմ, բայց ոչ միայն «Ոսկե ծիրանի», այլ ամբողջ կինեմատոգրաֆի, որովհետև իրավունք չկա առանձնացնելու: Կզբաղվենք ոչ միայն «Ոսկե ծիրանով», այլ բոլոր կինոփառատոններով, կինոինստիտուտով, Ազգային կինոկենտրոնով: Նաև պետք է լուրջ կապեր հասատատել աշխարհի հետ: Ես կապեր ունեմ: Կարծում եմ՝ որոշումս ազնիվ և ճիշտ է»,- ասաց նա:
«Ոսկե ծիրանի» հիմնադիր խորհրդի որոշմամբ՝ կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: Խաչատրյանը նշեց, որ նախագահ չընտրվելու դեպքում «Ոսկե ծիրան» չի վերադառնա: Կզբաղվի իր ֆիլմերով:
«Չընտրվեմ, նոր ֆիլմ եմ սկսում: Այնպես որ, ես չեմ լքում «Ոսկե ծիրանը», սիրով գնում եմ ավելի կարևոր աշխատանքի: Եթե չստացվի… իմ ֆիլմերը պետք է վերջացնեմ»,- ասաց նա:
Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ին: