Շատ հաճախ մարդիկ բողոքում են, որ հեռուստատեսությամբ նայելու բան չկա, դե իսկ հիմնական պատճառներից մեկն էլ հաղորդավարներն են, ովքեր ներկայումս եթերում են: Կարծում եմ՝ շատերն են իրենց համար ընտրում իր սիրելի հանդսիավարին, ում խոսքը, ում վարած գրագետ և պրոֆեսիոնալ հարցազրույցները իրոք հաճույք են պատճառում: Պրոֆեսիոնալիզմը իհարկե գալիս է տարիների փորձից, բայց նաև աշխատասիրությունից: Այս հրապարակման մեջ առանձնացրել ենք մի քանի պրոֆեսիոնալ հարցազրուցավարների, ովքեր իրոք իրենց գործի վարպետն են, բայց ասածներիս հետ չհամաձայնվելը ձեր իրավունքն է:
Արտակ Ալեքսանյան
Լրագրող, հաղորդավար «Բանաձև» ընկերության հիմնադիր, Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը հեռուստատեսային մեծ փորձ ունի: Նրա մի շարք նախագծեր, իսկապես մեծ հաջողություններ են գրանցել և ամենակարևորը՝ հայկական հեռուստատեսային շուկայում ժամանակին բավականին տարբերվող էին: Արտակի հաղորդումները նայելիս ՝ հեռուստադիտողը միանշանակ կարող է երկար գամվել հեռուստաէկարնին, ի դեպ գովելի է նաև նրա վստահությունը, որը իհարկե ակնհայտ երևում է հաղորդման ժամանակ: Այսպսի օրինակ՝ Սիրուշոյին հատուկենտ հաղորդումների հյուր կարել է տեսնել, մանավանդ Հայաստանում: Կարծում եմ՝ շատերն էին հիշում նրա մասնակցությամբ հաղորդումը, ինչ եմ ուզում ասել, որ հյուրի համար էլ միանշանակ կարևոր է, թե ով է հաղորդմանը մասնակցում և ամենակարևորը, թե ով է հարցազրուցավարը:
Արման Խարզայան
Չնայած իր երիտասարդ տարիքին Արման Խարզայանին միանշանակ պետք է դասել պրոֆեսիոնալ հարցազրուցավարների ցուցակում: Ժամանակին Դար 21 հեռուստաընկերության եթերում վարում էր Բիո Ռիթմ բժշկական հաղորդումը , որը բավականին հանրամատչելի ներկայացնում էր բժշկական հարցերը, այնուհետև նա փորձեց իրեն մեկ այլ ոճում և Բացարձակ արժեք հաղորդման ժամանակ տաղավար հյուրընկալած հյուերերի հետ քննարկում էր այնպիսի թեմաներ, որոնք հանրությանն այդքան էլ հայտնի չէին: Բնականաբար հյուրերից շատերի հետ նա ծանոթ չէր, և այնպիսի վստահություն պետք է ներշնչեր, որ հյուրը կարողանա բացվել, կիսվել: Ինչ խոսք՝ Արմանի մոտ դա ստացվում էր: Այս ամենի կողքին իհարկե հաճելի է տեսնել եթերից կոկիկ հագնված երիտասարդին, ով նույնքան կոկիկ և գրագետ խոսք ունի: Ի դեպ, երբ կարդում ես նրա կենսագրությունը և աշխատանքային փորձը, հասկանում ես, որ միանշանակ այս ցուցակում նա տեղ ունի: Համագործակցել է ՌԴ տարբեր հեռուստաընկերությունների հետ, ստացել է միջազգային կարգի որակավորում և բազմաթիվ պատվոգրեր ունի տվյալ ոլորտում:
Արթուր Բախտամյան
2007 թվականին Արթուր Բախտամյանն արժանացել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչմանը: Սա մի կոչում է, որ հենց այնպես չես կարող վաստակել, դրա համար տարիների փորձ և ջանքեր են պետք: Մեր ծնողները միանշանակ կհիշեն Արթուր Բախտամյանի հեղինակած հաղորդումները, օրինակ՝ Կեսգիշերային ճեպընթացը: Դա այն ժամանակների լավագույն հաղորդումն էր:
Սաթիկ Սեյրանյան
Քաղաքական ոլորտի սիրահարները միանշանակ կփաստեն, որ Արմենիա հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարը լավագույնն է, ինչ խոսք՝ Սաթիկ Սեյրանյանի շնորհիվ: Դեռ 2013 թվականին մեկնարկած հաղորդումը կարելի է ասել դաշտի առաջատարներից է: Բնականաբար, հեռուստադիտողին բացի Սաթիկի գրագետ հարցազրույցները, գրավում է նաև կանացի և կոկիկ տեսքը: