Հեղաշրջում` տաքսի ծառայության ոլորտում 2012թ. վերջին և 2013թ. սկզբին հայկական տաքսի ծառայության ոլորտում Taxoline-ը հեղաշրջում արեց: «Մեկ քաղաք, մեկ հեռախոսահամար» կարգախոսով շուկա մտած ծառայությունը հնարավորություն էր տալիս մեկ հեռախոսազանգով տաքսի պատվիրել քաղաքի ցանկացած կետից, և ընդամենը մի քանի րոպեից մեքենան տեղում էր լինում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները տաքսի ծառայության ոլորտում կիրառելու և մարդկանց փոխադրումը հեշտ, արագ ու հաճելի կազմակերպելու միտքը ծագել էր Արմեն Բաղդասարյանի մոտ:
«Շուկայում հիմնականում թաղամասային տաքսի ծառայություններ էին: Մարդիկ զանգում էին իրենց թաղամասի տաքսի ծառայություն ու մեքենա պատվիրում` կարծելով, որ ծառայության գրասենյակը մոտիկ է տեղակայված ու մեքենան շուտ կմոտենա: Իրականում դա խաբկանք էր. ինչո՞ւ, որովհետև շատ հաճախ նրանց մեքենաները գտնվում էին քաղաքի տարբեր մասերում` պատվեր էին կատարում, ու մարդիկ ստիպված էին միջինը 30-40 րոպե սպասել մինչև կմոտենար մեքենան` այն դեպքում, երբ նույն պահին տարածքում բազմաթիվ այլ մեքենաներ կային`տարբեր տաքսի ծառայություններից: Զգացի, որ դա խնդիր է, որը արագ լուծում է պահանջում»,- պատմում է Taxoline-ի հիմնադիր Արմեն Բաղդասարյանը:
Ծրագրավորողների թիմը կարճ ժամանակ անց թողարկեց Taxoline հավելվածը, որը հեռախոսի մեջ ներբեռնելով` պատվիրատուն առանց զանգի պատվիրում էր մեքենա և ընդամենը 3-4 րոպեից մեքենան տեղում էր լինում: Շուկայում նոր մշակույթ ներմուծած կազմակերպությանը, ինչպես և կանխատեսվում էր, բազմաթիվ դժվարություններ էին սպասվում.
«Այդ մշակույթը նորություն էր, ուստի կարծրատիպ էր կոտրում թե´ վարորդների, թե´ հաճախորդների մոտ: Վարորդները սովոր էին, որ իրենց պարտադիր պետք է զանգեն կամ ռացիայով ասեն` այսինչ հասցեում պատվեր կա: Ստիպված եղանք շատ երկար աշխատել նրանց հետ, մինչև սովորեցին, թե ինչպես պետք է աշխատել: Կրկնում եմ` վարորդներին աշխատանքի նոր սկզբունքները հասկանալի դարձնելու համար շատ ջանք ենք թափել: Քիչ չենք աշխատել նաև հաճախորդների հետ, ովքեր չէին պատկերացնում, որ հնարավոր է առանց զանգի մեքենա պատվիրել, բայց կարևորն այն է, որ հաղթահարել ենք այդ դժվարությունները, և այսօր թե´ զանգի, թե´ հավելվածի, թե´ մեր կայքի միջոցով` ում ինչպես հարմար է, մեքենա են պատվիրում: Մեքենա, ոչ թե տաքսի, որովհետև մենք մեզ տաքսի ծառայություն չենք համարում, այլ` կազմակերպություն, որը մարդկանց փոխադրումն իրականացնում է արագ, ապահով ու հաճելի: Իսկ հիմա Taxoline-ը անվանափոխվեց Rocket-ի, քանի որ մտադրված ենք մեր լուծումները կիրառենք նոր ոլորտներում»,- անցյալից ներկա անցումը կարճ-կոնկրետ ներկայացնում է հիմնադիրը` չմոռանալով նշել` վարորդների վարքին ու կեցվածքին խստորեն հետևում են առաջին իսկ օրվանից:
Արդյունքում հավաքվեց վարորդների մի թիմ, որը մատուցում է պատշաճ ու որակով ծառայություն: Տաքսի ծառայության ոլորտում արված նորամուծությունը անմիջապես գրավեց թե’ տեղական, թե´ արտասահմանյան ընկերությունների ուշադրությունը: Rocket-ը համագործացության առաջարկներ ստացավ տարբեր ոլորտի կազմակերպություններից` բանկերից, հյուրանոցներից, դեսպանատներից, ծրագրավորման ընկերություններից, լրատվական ծառայություններից և մի շարք այլ հաստատություններից:
«Ներկա պահին 100 ընկերությունների ենք սպասարկում. այդ առումով ամենախոշորն ենք: Մենք շահավետ լուծումներ ենք առաջարկում նաև կորպորատիվ հաճախորդներին: Նրանք հավելվածի միջոցով կարող են կորպորատիվ երթեր կատարել: Նրանց տրամադրում ենք պրոմոկոդ, որը կորպորատիվ ընկերության և մեր ծառայության աշխատանքը համակարգող ներկայացուցիչը տրամադրում է ընկերության աշխատակցին և վերջինը հանգիստ մուտք է գործում համակարգ, գրանցվում և օգտվում կորպորատիվ փաթեթից: Նրա երթերը ավտոմատ գրացվում են կազմակերպությանը տրամադրած համակարգում, և ընկերությունը կարողանում է տեսնել կատարված երթերն ու ինքնուրույն ռեփորթ անել»:
Ամբողջությամբ՝ yelaket.am