Կետոգենային դիետան՝ երկարակեցության գաղտնի՞ք
Advertisement 1000 x 90

Կետոգենային դիետան՝ երկարակեցության գաղտնի՞ք

Մեծաքանակ ճարպեր պարունակող կետոգենային դիետան նպաստում է կյանքի տևողության երկարացմանը և նվազեցնում է երիտասարդ տարիքում մահվան հավանականությունը։ Նման անսպասելի եզրակացության եկել Բաքի անվան Ծերացման հետազոտության ինստիտուտի անդամ էրիկ Վերդինի ղեկավարությամբ աշխատող ամերիկացի գիտնականները։

Cell Metabolism ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականներն օգտագործել են 1 տարեկան մկներ, որոնց համար հատուկ սննդակարգ են մշակել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու առավելագույնի հասցնելով արյան պլազմայի մեջ բետահիդրօքսիբուտիրատի քանակը (կետոնային մարմինների տարատեսակներից մեկը)։ Մկների սննդակարգը 89-90 տոկոսով բաղկացած է եղել ճարպերից, ընդ որում, կետոգենիկ սննդակարգը ընդմիջվել է նաև սովորականով։ Այս սննդակարգով սնվող մկներին համեմատել են այլ կրծողների հետ, որոնք այլ սնունդ են ընդունել։ Հետազոտողները նշում են, որ չնայած ճարպերի մեծ քանակին, ոչ մի կրծողի քաշ գրեթե չի փոխվել՝ ի տարբերություն նրանց, որոնք «սովորական» սննդակարգ են պահպանել կամ միայն ճարպեր են կերել։

Պարզվում է, որ ինչպես սովորական սննդակարգով ընդմիջվող (ցիկլիկ), այնպես էլ անընդմեջ կատոգենային դիետան երկարացրել է կրծողների կյանքի միջին տևողությունը՝ կրճատելով հասուն տարիքում մահանալու հավանականությունը։ Սակայն դա չի երկարացրել ծեր մկների կյանքը։

Գիտնականները նաև ստուգել են մկների ճանաչողական և ֆիզիկական ունակությունները 12-14-ամսական, 22-24-ամսական և 28-30–ամսական հասակում։ Պարզվել է, որ ցիկլիկ դիետան նպաստել է ծերանալիս նորմալ հիշողությունը պահպանելուն։ Բացի այդ, էխոկարդիոգրամմայի արդյունքները ցույց են տվել, որ դա երկարացրել է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքը։

Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ, որոնք կարող են ապացուցել մարդու օրգանիզմի վրա կատոգենիկ սննդակարգի դրական ազդեցությունը։

med.news.am