Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, «Կինոպարկ» կինոթատրոնում տեղի ունեցավ «Իմ անցյալի դիմանկարը» 18+ խաղարկային լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին կինոռեժիսոր և սցենարիստ Վիգեն Չալդրանյանը, ռեժիսոր ու դերասան Միքայել Պողոսյանը, դերասան Լևոն Հարությունյանը, ռեժիսոր Կարո Բալյանը, դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, դերասան Սերգեյ Թվմասյանը, դերասանուհիներ Աննա Հարությունյանը, Անաիս Սարդարյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք:
«Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, այն ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Կիրակոսյանի կյանքի մասին է, ում մանկությունն անմիջականորեն անդրադարձել է իր հետագա կյանքի վրա՝ դարձնելով նրան չափից ավելի զուսպ, չշփվող, բարդույթներով լի, որի պատճառով կորցնում է իր կյանքի երկու կանանց: Ֆիլմում հերոսի հոգեբանական բարդ խնդիրներով ցուցադրվում է մարդու մանկության մեծ ազդեցությունը իր ողջ կյանքի վրա, մատնանշվում, որ ռիսկի չդիմելը, սեփական իլյուզաների ու երևակայության զոհը դառնալը բերում է դատարկության ու միայնության:
Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց ռեժիսորը՝ 23-ամյա Ֆիլիպ Պողոսյանը, ով Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած որոշ բացթողումներին, ընդհանուր առմամբ գոհ է իր շխատանքից.
«Սա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է, որին, որպես երիտասարդ ռեժիսոր, շատ եմ սպասել: Հիմա ամփոփելով աշխատանքս՝ կարող եմ ասել, որ գոհ եմ արդյունքից, միևնույն ժամանակ, օբյեկտիվորեն դատելով՝ կասեմ, որ կցանկանակի որոշ ուղղումներ անել: Գիտեք, ուրախ եմ, որ այսօր ես կարող եմ նաև թերությունների մասին խոսել, քանի որ դրանք միշտ էլ լինում են ու կարևոր է, որ դրանք ընդունես, այլ ոչ թե աչքերդ փակ ինքդ քեզ գովերգես: Երբ հասկանում ես թերություններդ, հաջորդ աշխատանքդ ավելի գրագետ ես անում ու այդպիսով անդադար սովորում ես: Իհարկե, բաներ կան, որ միայն ես կնկատեմ ու ինձ հետ միասին նաև կինոյի վարպետները, օպերատորները, բայց ուրախ եմ, որ պրեմիերայից հետո լսեցի հիմնականում դրական կարծիքներ»,- նշեց Ֆիլպը:
Հարցին, թե ֆիլմի պրոդյուսերը, ով նաև այս ֆիլմի պատվիրատուն է համարվում, գո՞հ է սեփական կյանքի պատմության էկրանավորումից, պատասխանեց.
«Թեև իսկապես սա պատվեր էր, բայց ես այլևս այն այդպես չեմ համարում, քանի որ Դավիթի հետ այս ֆիլմի շնորհիվ շատ մտերմացանք: Կարծում եմ՝ նա գոհ է ու բավարարված: Ֆիլմի դիտումից առաջ նրան խորհուրդ տվեցի նայել ուղղակի դիտորդի աչքերով, քանի որ ինքս որոշել էի այդպես անել, բայց վերջում պարզեցի, որ նրա մոտ դա ստացվել էր, իսկ ինձ մոտ՝ ոչ: Ես միևնույն է ֆիլմը դիտեցի որպես դերասան ու ռեժիսոր, ինչի շնորհիվ էլ ողջ ընթացքում մտածում էի մասնագիտական հարցերի մասին: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ «Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմի իրական հերոսը՝ Դավիթը, իր կյանքի պատմությունը էկրաններին տեսնելով՝ ոչ միայն հասավ իր նպատակին, այլև տպավորված հեռացավ»:
Խոսելով ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Թամարա Գևորգյանի հետ, դերասանուհին կիսվեց իր տպավորություններով.
«Ընդհանուր առմամբ ֆիլմն ինձ հետաքրքիր էր, իհարկե, կային բացթողումներ, թերություններ, ինչը շատ բնական եմ համարում: Ինձ համար գլխավորն այնն էր, որ կար հետաքրքիր մոտեցում, նուրբ հումոր ու ճաշակ»,- նշեց Թամարան ու հավելեց, որ նկարահանումների ընթացքում ունեցած սպասելիքները մասամբ են արդարացված.
«Ես խիստ եմ իմ մասնագիտության հանդեպ ու ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ դժգոհ եմ ինքս ինձնից: Այս իսկ պատճառով միայն մասամբ են սպասելիքներս արդարացված, միաժամանակ, գիտակցում եմ, որ իմ նման տեսակետն ավելի առողջ է, քան, եթե ես հիացած լինեի իմ աշխատանքով»:
Խոսելով իրեն հասած կարծիքների մասին՝ Թամարան հավելեց.
«Կարծիքները շատ էին ու հիմնականում դրական: Կային մարդիկ, ովքեր ասացին, որ ինձ դրական կերպարում չէին պատկերացնում, բայց համոզվեցին, որ միայն բացասական հերոսուհիների չէ, որ կարող եմ մարմնավորել: Շատերի տեսակետներին էլ ավելի ուշ կծանոթանամ, երբ առանձին կշփվեմ նրանց հետ: Առհասարակ, սիրում եմ առողջ կրիտիկան ու չեմ խուսափում դրանցից»:
Հավելենք, որ ֆիլմի գլխավոր հերոսներն են Ֆիլիպ Պողոսյանը, Թամարա Գևորգյանը, Գայանե Մարտիրոսյան, նկարահանվել են նաև Դավիթ Հակոբյանը, Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Արմեն Բարսեղյանը և այլք: Օպերատորը՝ Վարդան Հարությունյանն է, նկարիչը՝ Լուկաշ Մեդոյանը: