Ռեփեր և ջութակահար. Արամոյի և Էմմա Պետրոսյանի որդին` Ավո Գևորգյանը, առաջին հայացքից համադրում է անհամադրելին` դասական ու փողոցային երաժշտությունը։ Հիմա նա որոշել է միքսել երկու ուղղությունները և ստանալ երաժշտական նոր ոճ։ Այս օրերին Ավոն Հայաստանում է։ Քանի դեռ չի մեկնել Գերմանիայի Էսսեն քաղաք` շարունակելու ուսումը, Tert.am Life–ը նրա հետ զրուցել է ստեղծագործական նորությունների, էքսպերիմենտալ նախագծի և ընկերուհու մասին:
3,33 հիփ–հոփ խմբում Ավոյի զբաղվածությունը մշտական չէ, պատճառը հեռավորությունն է։ «Շատ ցավալի է, որ թե՛ ես, թե՛ Նարեկը (A’Chilla) կյանքի բերումով Հայաստանում չենք ապրում։ Ֆելոյի հետ նոր երգեր սպասվում են, բայց դժվար է շատ աշխատել հեռավորության վրա։ Երբ լինում ենք Երևանում, փորձում ենք, ինչքան հնարավոր է, շատ աշխատել։ Մենք միշտ համագործակցում ենք, սակայն առաջիկայում սոլո կատարումներով ալբոմ կթողարկեմ»,– ասաց ռեփերը։
Ալբոմում զետեղված կլինեն Ավոյի առաջին սոլո կատարումները։ «Կարծում եմ` ժամանակն էր։ Երբ երգը գրում ես մինչև վերջ, ստացվում է սոլո, երբ գրում ես 10-12 երգ, մտածում ես` ինչո՞ւ չհամախմբես և ալբոմ ստեղծես։ Ամեն դեպքում, ալբոմի մեջ կլինեն ստեղծագործություններ նաև Ֆելոյի հետ»,– ասաց նա։
Սպասվող ալբոմը էքսպերիմենտալ է լինելու։ Ավոն որոշել է միախառնել ջութակն ու հիփ–հոփը։ Ասում է` ստացվում է երաժշտական հետաքրքիր ուղղություն, որը նոր է աշխարհում։ «Լինելու է դաբլ CD, մեկը` հիփ–հոփ, մյուսը` ջութակով նոր գործիքային երաժշտություն (new instrumental music)։ Այս ալբոմում ջութակի և հիփ–հոփի խառնուրդն եմ ցույց տալու։ Համադրությունը կողքից մի քիչ անհասկանալի է թվում, բայց հնարավոր է ստանալ այդպիսի երաժշտություն։ Աշխարհում դաշնամուրով կա այդպիսի երաժշտություն, ջութակով` ոչ։ Սա գեղեցիկ և նոր մի բան է։ Այսինքն` ջութակը մինչև օրս հնչում է միայն որպես դասական երաժշտություն կամ առավելագույնը` Յանիի մակարդակի, ես փորձում եմ դա բերել ուրիշ ուղղության վրա և ցույց տալ աշխարհին, որ ջութակով հետաքրքիր ուրիշ ուղղություններ էլ կարելի է բացահայտել»,– ասաց Ավոն ու հավելեց, որ նոր ալբոմը պատրաստ կլինի ամենաուշը հաջորդ տարվա ապրիլին։
Հարցին` մեծ բեմերից դեռ կլսե՞նք իր անունը, երաժիշտը պատասխանեց, որ ինքը չի ձգտում դրան. «Ինձ երբեք չի ձգել դա, ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս»։
Ավոն այս փուլում շարունակում է սովորել Գերմանիայում, աշխատում է տեղի երկու նվագախմբերի հետ, ունի տրիո` հայ ալտահարուհու և կորեացի դաշնակահարուհու հետ, որոնց հետ բազմաթիվ համերգներ են ունենում։
Ֆելիքս Խաչատրյանի տարեդարձի առթիվ 3.33–ի նոր համերգին ներկա էր նաև Ավոյի հայրը` Արամոն։ Հարցին` ծնողներն ինչպե՞ս են վերաբերում երաժշտական տարբեր ուղղությունների համադրությանը և ի՞նչ գնահատական են տալիս իր աշխատանքին, Ավոն պատասխանեց, որ ծնողներն իրեն շատ չեն գովում։ «Ես շատ շնորհակալ եմ դրա համար։ Հայրս եկել էր ոչ միայն ինձ լսելու, այլև Ֆելիքսին շնորհավորելու։ Պապայիս դուր եկան ոչ միայն իմ ելույթները, այլև ընդհանուր համերգը։ Իրեն դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք, սիրում է նոր երաժշտությունը. հիփ–հոփը, գուցե, այդքան էլ նոր չէ, բայց իր համար նոր երաժշտություն է»,– նկատեց ռեփերը։
Ավոն նշեց, որ կցանկանար ավելի երկար մնալ Հայաստանում, սակայն ուսումն ու աշխատանքը թույլ չեն տալիս. «Գալիս եմ իմ սարերը, էներգիա ստանամ, որ վերադառնամ անձրևների մեջ»։
Հիմա նրան Հայաստան հետ կանչող ևս մի մարդ կա` սիրելին` 21–ամյա Էլյան։ Նա պատմեց, որ ընկերուհին ևս ջութակահարուհի է։ Զույգը ծանոթացել է Կոնսերվատորիայում դեռ տարիներ առաջ, երբ Ավոն Երևանում էր սովորում, սակայն հարաբերություններն ավելի ուշ են զարգացել։
Խոսելով փոխհարաբերությունների վրա հեռավորության ազդեցության մասին` Ավոն նկատեց, որ ամեն բան հակասական է. «Հեռավորությունը և՛ բարդացնում է, և՛ հեշտացնում, և՛ ուժեղացնում, և՛ թուլացնում, և՛ ուրախացնում է, և՛ ջղայնացնում։ Զգացողությունները խառն են, բայց շատ հետաքրքիր։ Աննորմալ ա, բայց նորմալ»։