98 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր և դիզայներ Կսավիե Ատենսիոն: Այդ մասին հայտնել է Variety-ն:
Ատենսիոն ծնվել է 1919 թվականին Կոլորադոյի նահանգում: Նա Disney ընկերությունում աշխատել է 1938-ից մինչև 1984 թվականը: Մուլտիպլիկատորը մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Պինոկիո»-ն և «Ֆանտազիա»-ն:
Ատենսիոն նաև հանդես է եկել որպես Դիսնեյլենդների մի քանի ատրակցիոնների սցենարի հեղինակ, որոնց թվում են՝ «Տեսիլային կալվածքը» և «Կարիբյան ծովի ծովահենները»: Վերջինիս համար նա նաև գրել է «Յո-հո» («Ծովահենի կյանքը ինձ համար է») երգի բառերը, որը հնչում է ատրակցիոնում ուղևորության ժամանակ: Կոմպոզիցիան օգտագործվել է նաև «Կարիբյան ծովի ծովահենները» շարքի ֆիլմերում: