Լուիզա Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Ջեմմա Ադամյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սերժոն, Տիգրան Գյուլումյանը և այլ դերասաններ Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում կներկայանան նոր սիթքոմի շրջանակում։ Այս մասին Tert.am Life–ին հայտնում են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Ամուսնացածների լիգա» խորագրով սիթքոմը եթերում կլինի յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:30-ին: Այն կպատմի երեք ամուսնացած զույգերի առօրյայի և խնդիրների մասին: Հերոսները շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է ամուսնական կարգավիճակը:
«Ամուսնացածների լիգա» անվանումը պատահական չէ ընտրված։ «Այդպես է կոչում հերոսներից մեկն այն կյանքը, որտեղ հայտնվում է մարդը հարսանիքից հետո: Այդտեղ գտնվելու համար հարկավոր է համբերություն, զիջելու ունակություն, հումոր և աշխատասիրություն: Այս լիգայում չկան հաղթողներ և պարտվողներ, չկան մեծ դրամական պարգևներ. միակ մրցանակը, որին կարելի է արժանանալ` ամուսնու հետ միասին երջանիկ լինելն է»,– հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։
Այս սիթքոմը տաղավարային չէ, նկարահանումներն իրականանում են տարբեր վայրերում։ Ֆիլմաշարի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Աշոտ Աբրահամյանը, պրոդյուսերները՝ Արման Միտոյանը և Սերժ Նալբանդյանը:
Ամբողջությամբ՝ life.tert.am