Ընձառյուծը` վիրտուալի եւ իրականության խաչմերուկում. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ընձառյուծը` վիրտուալի եւ իրականության խաչմերուկում. aravot.am

Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծին (հովազին), որը երկար տարիներ Կարմիր գրքի «բնակիչ» է, վերջին տարիներին սկսեցին հաճախակի  հիշել:

«Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ավելի քան 15 տարի, և 2002-ից սկսած մինչ օրս գործող ծրագրի պատասխանատուներն իրենց  վերջին ուսումնասիրությունով փաստում են, որ, ըստ ֆոտոթակարդների միջոցով ստացված տվյալների, Հայաստանի տարածքում գրանցվել է այդ կենդանատեսակի ընդամենը 10 առանձնյակ:

Կենդանաբանները նշում են, որ թեև վայրի բնության մեջ բարդ է տեսնել այդ կենդանուն, սակայն այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ընձառյուծը «վերակենդանացել» է, և յուրաքանչյուր ոք կարող է իր սմարթֆոնով «կենդանացնել» ընձառյուծին` եռաչափ անիմացիայի տեսքով:

Նախաձեռնությունն իրականացվել է X-TECH ընկերության աջակցությամբ, որն, ըստ «Կովկասյան ընձառյուծի պահպանություն» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանի, միացել է WWF-Հայաստանի «Ընձառյուծի խնամակալների ցանց»-ին:

«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնելու արշավի արդյունավետությունը՝ յուրահատուկ կապ ստեղծելով մարդու և բնության միջև: Արշավի նպատակն է միավորել հասարակության լայն շերտերի, միջազգային կառույցներին, պետական և մասնավոր հատվածին ընձառյուծի և դրա` որս հանդիսացող տեսակների պահպանության մեխանիզմները  հզորացնելու նպատակով»,- ասում է նա:

WWF- Հայաստան գրասենյակը հավելվածի ընձառյուծի հատուկ մարկերները տեղադրել է Երևան քաղաքի մարդաշատ վայրերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և կրթական օջախներում, որպեսզի, սմարթֆոնում ներբեռնելով «ARLOOPA» հավելվածը, հնարավոր լինի ոչ միայն «կենդանացնել» ընձառյուծին, այլ նաև նկարվել նրա հետ, լսել կենդանու ձայնը: X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանը նշում է, որ այս նախաձեռնությունը հետաքրքրեց իրենց, և առաջին անգամ էր, որ իրենց աշխատանքով առնչվեցին վայրի բնության պահպանությանը:

«Վայրի բնության պահպանությանը մենք փորձեցինք օգնել` գործի դնելով տեղեկատվական տեխնոլոգիաները: Նախաձեռնությունն ամիսներ առաջ  մասնակցել է նաև ԱՄՆ-ում կայացած AR/VR ցուցահանդեսին, որտեղ բնության պահպանության և տեղեկատվական տեխնոլոգիաների նման համակցությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել»,- ասում է նա: Նախաձեռնության հեղինակները մատնանշում են, որ սա նոր գաղափար է, որի նպատակը վտանգված տեսակների վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է, և իրենք համոզված են, որ հաջողություն են գրանցել:

«Եթե մինչ այդ տպագրական նյութեր էինք ստեղծում, որպեսզի դրանցով տեղեկատվություն մատուցենք և կրթենք հասարակության լայն շերտերին, ապա այսօր նորարարական մեթոդներով կարողանում ենք ամբողջովին  «կլանել» տեղեկատվական դաշտը»,- ասում է Ա. Գասպարյանը՝ հավելելով, որ արդեն իսկ ունեն մարկերի 20. 000 սքանավորում, իսկ առնվազն 100.000 մարդ տեղեկացել և ներգրավվել է արշավում:

Այս նախաձեռնությունը էկոկրթության ժամանակակից տարբերակներից է: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժանելի մասն են, և դրանք կարելի է լավագույնս ծառայեցնել բնության պահպանությանը:

Դրական այս փորձը մեծ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում, օրինակ`UNDP-ն,  նույն գաղափարը օգտագործելով, ձյունահովազին է ներկայացրել Ղրղզստանում անցկացված միջազգային ֆորումի ընթացքում: Արման Աթոյանին հայտնի է, որ այդ միջազգային ֆորումում նշվել է, որ նախաձեռնության հեղինակը Հայաստանն է:

Գալուստ Նանյան

Ամբողջությամբ՝ aravot.am