7 նշան, որ դեռահասը դեպրեսիայի մեջ է
Advertisement 1000 x 90

7 նշան, որ դեռահասը դեպրեսիայի մեջ է

Դեռահասներին հաճախ բնորոշ է ինքնակործանմանն ուղղված ապակառուցողական վարքագիծը։ Պատահական չէ, որ ինքնասպանների շուրջ 26 տոկոսը դեռահասներ են։ Դեռահասության  տարիքում դեպրեսիան շատ վտանգավոր է հենց այդ պատճառով․ այն դեռահասին կարող է դրդել ինքն իրեն վնասելու և նույնիսկ ինքնասպանության։ Ուստի, շատ կարևոր է ժամանակին հասկանալ, որ նրա մոտ դեպրեսիա է և օգնության դիմել։

Սիրելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստ

Եթե նախկինում դեռահասը հետաքրքրությամբ գրքեր էր կարդում, համակարգչային խաղեր խաղում, ֆիլմեր կամ մուլտֆիլմեր դիտում և հանկարծ ամեն ինչի նկատմամբ հետաքրքրությունը կորցնում է, դա առանց ուշադրության մի թողեք․ փորձե՛ք հասկանալ, թե ինչ է նրա հետ կատարվում և ինչն է նրան անհանգստացնում։ Բացառված չէ, որ նրա մոտ դեպրեսիա է։

Քնի խանգարում

Դեռահասների շրջանում քնի ցանկացած խանգարում (քիչ քնելը կամ չափազանց երկարատև քունը) ևս կարող է դեպրեսիայի նշան լինել։ Եթե նույնիսկ քնի խանգարումն այլ պատճառներ ունի, դա անուշադրության մատնել չի կարելի։

Շփվելու ցանկության բացակայություն

Եթե դեռահասը բնույթով ինտրովերտ է և այնքան էլ շփվող բնավորություն չի ունեցել, ապա մարդկանց հետ չշփվելու նրա ցանկությունը հասկանալի է։ Բայց եթե նախկինում նա ընկերության ոգին էր, սակայն հանկարծ կորցրել է հետաքրքրությունը շփման նկատմամբ և ինքնամփոփ է դարձել, դեպրեսիայի ակնհայտ նշան է։

Սննդային վարքագծի փոփոխություններ

Այն, թե ինչպես է դեռահասն ուտում, նրա հոգեբանական վիճակի մասին շատ բան կարող է ասել։ Եթե դեռահասը սկսել է ուտել սովորականից ավելի շատ կամ ընդհանրապես հրաժարվում է ուտելիքից, հնարավոր է, նա խնդիրներ ունի։

Ինքնասպանության նկատմամբ բարձր հետաքրքրություն

Շատ դեռահասներ թեկուզ մեկ անգամ մտածել են ինքնասպանության մասին, սակայն մեծամասնության մոտ դա ավարտվում է միայն «զղջացող» և գերեզմանին լաց լինող ծնողների ու համադասարանցիների մասին երևակայություններով։ Բայց եթե դեռահասը մշտապես մտածում և խոսում է ինքնասպանության մասին, այդ մասին ֆիլմեր դիտում, դեպրեսիվ երաժշտություն լսում և ինքնասպանության վերաբերյալ կայքեր այցելում, ահազանգելու ժամանակն է։

Դպրոցում առաջադիմությունը

Եթե դեռահասը, որը նախկինում լավ էր սովորում, սկսել է երկուսներ կամ երեքներ ստանալ, կամ սիրահարվել է, կա՛մ նրա մոտ դեպրեսիա է սկսվել։

Տրամադրության տատանումներ

Դեպրեսիայով տառապողներն աչքի են ընկնում բարձր զգայունությամբ, նրանց մոտ հաճախ տրամադրության վայրիվերումներ են տեղի ունենում։ Եթե դեռահասի մոտ նման տատանումներ միշտ եղել են, դա անհանգստանալու առիթ չէ, սակայն եթե նախկինում նա հանգիստ ու հավասարակշռված էր, իսկ այժմ իրեն այլ կերպ է պահում, պետք է հոգեբանի հետ խոսել։

med.news.am