Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանն արտոնյալ գնով է գազ ստանում և եթե մեկ այլ երկիր ավելի էժան գազ առաջարկի, քան Գազպրոմը, Հայաստանը պատրաստ է պայմանագիր ստորագրել: Արտնոյալ պայմանները, սակայն, չեն տարածվում բնակչության վրա: Հայաստանի բնակիչը շատ ավելի թանկ է վճարում գազի համար, քան, օրինակ, հարևան Վրաստանի բնակիչը: Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային, որի արտադրության միջոցները Հայաստանում ավելի դիվերսիֆիկացված են, քան Վրաստանում:
Օրինակ, Վրաստանը չունի ատոմակայան, որն էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է:
Համեմատենք գազի և այլ կոմունալ վճարները Հայաստանում և Վրաստանում: Վրաստանում գործում է բնակչությանը գազ մատակարարող 3 ընկերություն՝ ԿազՏրանսԳազը Թբիլիսիում, Սոկարն ու Սակորգազին՝ շրջաններում:
Թբիլիսիում 1 խմ գազի գինը 46.1 թեթրի է (մոտ 90 դրամ), իսկ շրջանների բնակչության համար՝ 57 թեթրի (110 դրամ): Վրաստանում մինչև 100 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի համար Թբիլիսիում վճարում են 0.11 լարի (21.3 դրամ), շրջաններում՝ 0.12 լարի (23.3 դրամ):
101-301 կՎտ/ժամ սպառողները վճարում են 0.14 լարի Թբիլիսիում և 0.16՝ շրջաններում: 301-ից ավելի օգտագործողները վճարում են 0.18 և 0.21 լարի 1 կՎտ/ժամ դիմաց:
Թբիլիսիում աղբահանրության վճարը մեկ մարդու հաշվով ամսական 2.5 լարի է (486 դրամ): Ջրի սակագինը հաշվարկվում է կամ խորանարդ/մետրով կամ 1 անձի հաշվով: Սակագները հետևյալն են՝ 1 խ/մ՝ 0.26 լարի (50 դրամ), 1 անձի հաշվով՝ ամսական 3.15 լարի (610 դրամ):
Վրաստանում, ինչպես Հայաստանում, չկա կենտրոնացված ջեռուցման համակարգ, այդ պատճառով յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում ինչպես ջեռուցել իր տունը: Վրաստանում 4 հոգուց բաղկացած միջին ընտանիքը կոմունալ ծառայությունների համար ամռանն ամսական միջինը վճարում է 50-100 լարի (մոտ 10-20 հազար դրամ), ձմռանը՝ 200-300 լարի (40-60 հազար դրամ):
Հայաստանում 1 խ/մ գազի սակագինը 139 դրամ է, անապահով ընտանիքների համար՝ 100 դրամ: 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը Հայաստանում 45 դրամ է, գիշերային սակագինը՝ 35 դրամ: Հայաստանում 1 խ/մ ջրի սակագինը 180 դրամ է:
Աղբահանության վճարը հետևյալն է՝ կենցաղային աղբի համար՝ յուրաքանչյուր բնակչի համար առավելագույնը ամսական 400 դրամ կամ մեկ քառակուսի մետր մակերեսի համար առավելագույնը 25 դրամ:
Վրաստանում գազը Հայաստանից էժան է մոտ 30%-ով, էլեկտրաէներգիան՝ մոտ 50%-ով, ջուրը՝ 360%-ով:
Հայաստանում միջին աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, հունվար-հունիսին կազմել է 190711 դրամ է, իսկ Վրաստանում 980 լարի՝ նույնքան, որքան Հայաստանում:
Ենթադրենք ամռան ամսին 4 հոգանոց ընտանիքն օգտագործել է 200 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, 50 խ/մ գազ, 20 խ/մ ջուր և վճարել է աղբահանության տուրքը:
Հայաստանում այդ ընտանիքը կվճարի 20000 դրամ: Վրաստանում նույն ընտանիքը կվճարի 12500 դրամ:
Այսինքն՝ վրացի ընտանիքն այս դեպքում մեկ ամսվա կտրվածքով 7500 դրամ ավելի քիչ է վճարում: Այս տարբերությունն ավելի կմեծանա ձմռան ամիսներին, երբ անհրաժեշտ կլինի տաքացնել տունը գազով կամ էլեկտրաէներգիայով: