Վենիտիկի կինոփառատոնի շրջանակներում արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, բացի մամուլի հրապարակումներից, այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան, «Սիբիսի» հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտնելով իր վրդովմունքը, այնուամենայնիվ, հուսահատություն է հայտնել՝ ասելով. «Մենք կարող ենք դադարեցնել այդ գործընթացը՝ միայն այդ թեմայով ավելի շատ ֆիլմեր նկարահանելու և դրանք ցուցադրելու միջոցով, սակայն նույնիսկ եթե դա տեղի չունենա, ապա հնարավորություն կստեղծվի պատմել իրականության մասին և այն կլսվի»:
Ադրբեջանական հիստերիային անձամբ կինոռեժիսորը շատ հանգիստ է վերաբերվում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ այն սպասելի էր և որևէ կերպ չի կարող խանգարել իր աշխատանքին: «Ես իմ պայքարի ձևն եմ ընտրել աշխարհին ցույց տալու և ապացուցելու իրական ճշմարտությունը,- ասել է կինոռեժիսորը,-: Ավելին՝ այժմ աշխատում եմ իմ հաջորդ նախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի վրա, որը մեկ այլ դիտանկյունից կներկայացնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և մարդկային ճակատագրերի վրա դրա ազդեցությունը»: