
Անցած շաբաթ ԱՄՆ Թեքսաս նահանգում մեծ ավերածությունների պատճառ դարձած Հարվի փոթորիկը անակնկալ նվեր է մատուցել, ափ նետելով մեծ ատամներով և մինչ այժմ մասնագետների համար անծանոթ հսկա ծովահրեշի լեշը: Ինչպես հայտնում է The Guardian-ը, հղում անելով կենսաբան Փրիթի Դեսայի Twitter-յան գրառմանը, տարերքը քաշվելուց հետո ափ էր նետել հավանաբար կույր, տորպեդանման, ողորկ ծովահրեշի լեշը: Այն աչքի էր ընկնում իր սուր ատամներով: Տեղաբնակները սարսափած էին, իսկ կենսաբանները՝ զարմացած, քանի որ հրեշն ասես Հովարդ Լաֆքրաֆթի մութ պատմությունների հերոսներից լիներ:
Ամերիկացի կենսաբան Քենեթ Թայը, որն աշխատում է Սմիթսոնյան ինստիտուտին կից Բնագիտության Ազգային թանգարանում, ենթադրում է, որ դա սրապոչ օձաձկան տեսակ է, և պատկանում է Aplatophis chauliodus ձկնատեսակին: Հարվին սկիզբ է առել Մեքսիկական ծոցից, որը նաև այդ ձկնատեսակի բնավայրն է: Այդ կենդանիները հատակասեր են, բնակվում են 100 մ խորության վրա: Անսովոր տեսքն էլ խորը ջրերում բնակվելու հետևանք է:
Այդ կենդանիներն ունեն մինչև 80 սմ երկարություն: Այնուամենայնիվ, կոնկրետ տեսակին պատկանելիության հարցում գիտնականները ընդհանուր եզրակացության դեռ չեն եկել:
popmech.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը