Խորեն Լևոնյան, Սոս Ջանիբեկյան, Անի Երանյան, Սամվել Սարգսյան, Գուժ Մանուկյան, Վարդան Հովսեփյան, Քրիստինա Կույումչյան, Գևորգ Գրիգորյան դերասանական կազմով նոր դրաման արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողների մոտ։ Այն եթերում կլինի հոկտեմբերին։
Tert.am Life–ը եղել է հեռուստանովելի նկարահանման հրապարակում։ Ներկայացնում ենք մեր տեսախցիկի ֆիքսած կադրերն ու հարցազրույց դերասան Խորեն Լևոնյանի հետ։
Ոլորտում Խորենը հայտնի է որպես պահանջկոտ դերասան։ Նրա համար կարևոր է ոչ թե դերերի քանակը, այլ որակը, այդ իսկ պատճառով ամեն կերպար մարմնավորել չի համաձայնում։ «Հնարավորինս փորձում եմ ընտրել նկարահանող այն խումբն ու մարդկանց, որոնք ավելի պրոֆեսիոնալ են, աշխատում են համախմբված և հասկանում են՝ ինչ են ուզում։ Պահանջների մասին խոսել ճիշտ չի լինի, որովհետև մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ 50 տարին մեկ է առաջընթաց լինում։ Քանի որ բոլորս հայ ենք, պահանջներ չունենք, փորձում ենք մեկս մյուսին օգնել և աշխատել համերաշխ»,– ասաց դերասանը։
Սցենարիստ Անահիտ Մխիթարյանի ստեղծած հերոսը դերասանին հետաքրքրել է, սակայն կերպարի մասին բացահայտումներ ո՛չ Խորենը, ո՛չ Ելենան չեն անում։ «Հետաքրքիր, անսպասելի, տարօրինակ, միաժամանակ, ճիշտ կերպար է»,– նշեց դերասանը` մնացածը թողնելով հեռուստադիտողների դատին։
Փոխարենը նա պատմեց, թե ինչպես են ընթանում նկարահանումները։ Մինչև այս Խորենը ծանոթ չի եղել Ելենա Արշակյանի նկարահանող խմբին, սակայն շատ տպավորված է պրոֆեսիոնալ աշխատանքով։ «Նկարահանող խմբին ընտրում եմ` ըստ նախնական փուլերի աշխատանքների։ Այդ ընթացքում հասկանում ենք իրար, փորձում տեսնել` նույն կե՞րպ ենք մտածում, թե՞ ոչ, ընդհանուր բան կա՞, թե՞ չէ։ Ես տպավորված եմ, թե գործից հասկացող ինչքան երիտասարդ մարդիկ են հավաքված այստեղ։ Նրանք պատրաստ են սովորելու և սխալն ուղղելու, եթե մի բան չգիտեն, չեն ուզում ցույց տալ, թե գիտեն։ Այսպիսի խմբի հետ աշխատելիս աշխատանքային հաջողությունն անխուսափելի է։ Գուցե, հեռուստադիտողին ինչ–որ բան դուր չգա, բայց մեր աշխատանքի որակը գերազանց է»,– նկատեց Խորենը, ապա կատակեց, որ «սևամորթների» խումբ է հավաքված. օր ու գիշեր աշխատում են։
Մեր նախորդ զրույցում դերասանը նշել էր, որ ուզում է խաղալ այնպիսի ֆիլմերում, որոնք ասելիք կունենան, նյութը կհասնի հանդիսատեսի հոգուն և կկարողանա ինչ-որ բան փոխել։ Ինչպես նշել է Ելենա Արշակյանը, «Հետհաշվարկը» ներելու և ներել կարողանալու մասին է։ Խորենից հետաքրքրվեցինք` որքանո՞վ է այս ֆիլմն իրեն հետաքրքիր հեռուստադիտողի աչքով։ «Ես կարծում եմ` 24 մասանոց այս ֆիլմը ոչ բոլորի համար է։ Երևի, 16+ կամ 18+ է, որովհետև վրեժն ու դաժանությունը ֆիլմում շատ են։ Կցանկանայի, որ հեռուստադիտողը սա նայի, բայց չկրկնի իրական կյանքում։ Կարծում եմ` կհետաքրքիր մարդկանց, որովհետև ամեն սերիան իր առանձին հետաքրքրությունն ունի, իրադարձությունները գնալով ավելի են սրվում։ Լավ ֆիլմ է։ Կարծում եմ, այն մարդիկ, որոնք կմիացնեն հեռուստացույցը, չեն փոշմանի ֆիլմին հետևելու համար»,– ասաց դերասանը։
Այս ֆիլմում իրադարձությունները ծավալվում են Խորեն Լևոնյան–Անի Երանյան–Սոս Ջանիբեկյան եռյակի շուրջ։ Նրանք առաջին անգամ են համագործակցում իրար հետ։ Խորեն Լևոնյանին և Սոս Ջանիբեկյանին հանրությունը միշտ մրցակցության մեջ է դրել։ Խորենից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում համագործակցությունը Սոսի հետ և ինչ վերաբերմունք ունի նման խոսակցություններին։ «Ես, ընդհանրապես, շատ լուրջ չեմ վերաբերում այդպիսի բաներին, որովհետև Սոսն իմ ընկերն է։ Երկուսս էլ դերասան ենք։ Մենք մրցակցության մեջ չենք։ Սա դերասանական աշխատանք է, ոչ թե մրցավազք։ Ամեն մեկս, կարծում եմ, լավ ենք կարողանում կատարել մեր աշխատանքը։ Սոսի դերն այս ֆիլմում շատ լավն է։ Մենք իրար հետ լավ լեզու ենք գտնում և շատ լավ աշխատում ենք»,– եզրափակեց Խորենը։
Ամբողջությամբ՝ life.tert.am