Ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենը հպարտանում է իր երեխաներով։ Ի տարբերություն նրա` երեխաները կարդում ու գրում են հայերեն։ Այսօր Ռոզի Արմենն իր այգում խաղող է աճեցնում ու ավանդական հայկական տոլմա է պատրաստում։
«Ցավոք, այդպես էլ հայերեն չսովորեցի։ Վատ եմ խոսում, ու եթե մի բան էլ գիտեմ` պատմական հայրենիք այցելությունների շնորհվ է», — ասաց Ռոզի Արմենը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նա լավ է հիշում` ինչպես առաջին անգամ Երևան եկավ. երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, նրա աչքերն արցունքոտվեցին, ու չհասկացավ` երջանկության արցունքնե՞ր էին, թե՞ զայրույթի, որ օտար հողում է ծնվել։
Սրտով ու կոչումով հայերը
Ռոզին ծնվել է դերձակի ու վարսահարդարի ընտանիքում, մայրը ծնվել է Անկարայում, հայրը` Նախիջևանում։ Հիշում է, որ տանը միշտ հայերեն էին խոսում, սակայն դպրոցում ստիպված էր սովորել ու խոսել միայն ֆրանսերեն։
«Որպեսզի մենք հասկանանք մեր մայրենի լեզուն, ծնողներս հայերենի ուսուցիչ էին վարձել։ Հիշում եմ` կիրակի օրերին ռադիոյով հայկական ալիք էին միացնում, ու մենք մայրենի լեզվով երգեր էինք լսում։ Մեզ հայրենասեր են դաստիարակել, միշտ գիտակցում էինք, որ մենք հայ էինք», — ասաց Ռոզին։
Երգչուհին հայրենասիրական ոգով է դաստիարակել նաև իր երեխաներին։Նրանք մկրտվել են Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներով։ Երգչուհին փորձել է հայերով շրջապատել իրեն։
«Երբ Մադրիդում էի ապրում, հեշտ էր, քանի որ այնտեղ հայերը շատ էին։ Երեկոյան մենք հավաքվում էինք, միասին ժամանակ անցկացնում», — ասաց Ռոզին։
Երբ Ֆրանսիա վերադարձավ, ապրում էր Փարիզից 60 կմ հեռավորության վրա, որտեղ միայն մեկ հայ ընտանիք կար։
«Մենք աշխատում ենք չմոռանալ` ով ենք։ Այգումս խաղողի մեծ թուփ կա։ Մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ մենք խաղողի թուփ ենք հավաքվում ու տոլմա պատրաստում», — ասաց Ռոզի Արմենը։
Ամեն անգամ Երևանից մեկնելիս իր հետ տանում է ոչ միայն պատմական հայրենիքի մասին հիշողությունները, այլև իր և որդու սիրելի քաղցրավենիքները` ընկույզի ու վարդի թերթիկներից պատրաստված մուրաբաներ։
Երգը միավորեց անվանի հայերին
Ռոզին չորս տարեկանից երգում է ու միշտ երազել է երգչուհի դառնալ, չնայած ծնողները փորձել են հետ պահել այդ մտքից։
«Ծնողներս կարծում էին, որ երգելով ապրուստի միջոց չեմ վաստակի։ Նույնիսկ որոշ ժամանակ գրասենյակում քարտուղար եմ աշխատել, տպագրական մեքենայով էի աշխատում։ Ամեն անգամ լացելով էի տուն վերադառնում», — ասաց Ռոզին։
Բայց նա իր ուզածին հասավ ու 22 տարեկանում ֆրանսիական երգերի առաջին ձայնասկավառակը թողարկեց։ 1965 թվականին առաջին անգամ Հայաստան եկավ, որտեղ ծանոթացավ, իսկ հետագայում ընկերացավ հայ մեծ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի հետ, ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն էլ նրա համար երգ գրեց։
«Երևանում ինձ ամենուր ուղեկցում էր Առնո Բաբաջանյանը, որն ասես ավագ եղբայրս լիներ։ Նա ասում էր, որ քաղաքը մեծ է, ու ես կկորչեմ։ Երեկոյան մենք նրա տանն էինք հավաքվում ու անմոռանալի ժամանակ անցկացնում։ Նրա զոքանչը հիանալի ուտեստներ էր պատրաստում», — ասաց երգչուհին։
Ռոզի Արմենը Արամ Խաչատրյանի սիրելի երգչուհին էր։ Մի անգամ Մոսկվայում, երբ Ռոզին նրա «Գարուն Երևանը» երգեց, մաեստրոն նրա հարդարման սենյակ գնաց, բռնեց ձեռքն ու շնորհակալություն հայտնեց իր ստեղծագործությունն այդքան խորն ընկալելու համար։
Լեգենդար Ռոզի Արմենը Հայաստան է եկել «Արմենիա» հեռուստաընկերության «Ծագումով հայեր» հայտնի հաղորդման 10-ամյակի կապակցությամբ։