Շաքարախտի բուժման երկու նորագույն մոտեցում. բացատրում է մասնագետը
Advertisement 1000 x 90

Շաքարախտի բուժման երկու նորագույն մոտեցում. բացատրում է մասնագետը

Վերջին տարիներին գիտնականները շաքարախտի բուժման բազմաթիվ նոր մոտեցումներ են մշակել, որոնցից որոշները շատ արդյունավետ են եղել և աշխարհի զարգացած երկրներում արդեն ակտիվորեն կիրառվում են: Դրանցից երկուսի մասին, որոնք Հայաստանում, ցավոք, դեռ չեն կիրառվում,  NEWS.am-ի թղթակցին պատմել է շաքարախտի և կլինիկական դեղագործության մասնագետ Հակոբ Անթառամյանը:

Ըստ նրա՝ 2-րդ տիպի շաքարախտն այսօր հաճախ թիրախավորում է պացիենտի ոչ թե ենթաստամոքսային գեղձն, այլ գլխուղեղը, լյարդը, ստամոքսը, մկանները և, իհարկե, երիկամները:

SGLT2 ինհիբիտոր

SGLT2 ինհիբիտորները 2-րդ տիպի շաքարախտի բուժման դեղամիջոցների դաս են: SGLT2 – ը երիկամներում գլյուկոզայի ներծծմանը մասնակցող սպիտակուց է: SGLT2 ինհիբիտորները արգելափակում են երիկամներում գլյուկոզայի ներծծումն ու նպաստում օրգանիզմից դրանց դուրս բերելուն՝ դրանով իսկ գլյուկոզայի մակարդակը նվազեցնելով արյան մեջ:

Հակոբ Անթառամյանը նշել է, որ այդ դեղամիջոցը շաքարախտ ունեցողի օրգանիզմից մեկ օրում կարող է դուրս բերել մինչև 120մգ հավելյալ գլյուկոզա: Ավելին, նրանք իջեցնում են ճնշումն ու նպաստում ավելորդ քաշի նվազեցմանը, ինչը, որպես կանոն, շաքարախտով հիվանդներին հատուկ է:

Մասնագետը նշել է, որ այդ դեղամիջոցները երիկամներին չեն վնասում, սակայն կարևոր է, որ պացիենտի երիկամներն առողջ լինեն. այդ դեպքում դրանք կնպաստեն շաքարախտի արդյունավետ վերահսկմանը:

Ըստ Անթառամյանի՝ այդ դեղամիջոցներն արդեն ակտիվորեն կիրառվում են ԱՄՆ-ում: Միակ խնդիրը թանկությունն է. դրանցով բուժումն ամսական շուրջ 400 դոլար արժի:

Ինկրետիններ

Ինկրետինները հորմոնների դաս է, որոնք խթանում են ինսուլինի արտազատումը և սննդի ընդունմանն ի պատասխան՝ վերամշակվում են աղիներում: Առողջ մարդկանց մոտ մինչև 70 տոկոս ինսուլինի արտազատումը պայմանավորված է հենց ինկրետինների գործունեությամբ, իսկ 2-րդ տիպի շաքարախտ ունեցողների մոտ այն նկատելիորեն ցածր է:

Ինկրետինների ուսումնասիրությունը գիտնականներին այն եզրակացության է բերել, որ դրանք կարելի է կիրառել նաև 2-րդ տիպի շաքարախտի բուժման մեջ: Այդ առումով սկզբունքայնորեն կարևոր են ինսուլինի արտազատման գլյուկոզայից կախված խթանումը և գլյուկագոնի արտազատման վրա ճնշումները:

Հակոբ Անթառամյանը նշել է, որ շաքարախտի բուժման երկու մեթսդներն էլ շատ խոստումնալից են թվում և կարող են օգնել նվազեցնել շաքարախտից մահացությունների թիվը, ինչպես նաև լուծել շաքարախտից բխող խնդիները:

med.news.am