Նա 29 անգամ կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը, եղել է Պաղեստինում ու Օդեսայում, գրել է 30 գիրք և 50 հազարից ավելի նամակ։
Ծնվել է հենց այն ժամանակ, երբ Հալեի գիսաստղը մոտեցել է Երկրին, և իր մահից մեկ տարի առաջ ասել է. «Եկել եմ այս աշխարհ Հալեի գիսաստղի հետ և նրա հետ էլ գնալու եմ»։ Այդպես էլ եղել է, հենց իր մահվան տարում Հալեի գիսաստղը հեռացավ Երկրից։ Ի դեպ, եղբոր մահն էլ մեկ ամիս առաջ տեսել էր երազում։
Մարկ Տվենը, իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս (1835-1910), ծնվել է ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Ֆլորիդա քաղաքում։ Դժվար է հավատալ, որ այս տաղանդավոր ու սրամիտ մարդը կարող էր ամաչկոտ լինել, բայց, ժամանակակիցների պնդմամբ՝ այդպես էլ կար, հատկապես՝ կանանց միջավայրում։ Դժբախտ պատահարն է օգնում, որ նա վերջապես համարձակվի ամուսնության առաջարկ անել իր ընկերոջ քրոջը՝ Օլիվիային։ Ինքն ու ընկերն անսարք կառքից շրխկում են գետնին, Մարկը վնասվածքներ է ստանում, տուժածին խնամում է ընկերոջ քույրը, և երևի հենց այդ ընթացքում էլ համարձակվում է նրա ականջին ինչ-որ բաներ շշնջալ։ Կարճ ասած՝ ամուսնանում են։ Չար լեզուներն ասում են՝ Օլիվիան Մարկ Տվենի կյանքում եղած առաջին և վերջին կինն է, որը մի օր սայթաքում է սառույցի վրա ու հաշմանդամ դառնում։ Մարկը հոգատար ամուսին էր, օգնում էր նրան՝ ինչով կարող էր։ Ասում են՝ կնոջ մահը շատ ծանր է տարել, առանց Օլիվիայի չէր պատկերացնում իր կյանքն այս աշխարհում։ Չափազանցություն է, թե ճշմարտություն՝ ո՞վ իմանա. ամեն դեպքում՝ հաճույքով հավատանք, որ այդպես էլ եղել է։ Ի վերջո, տղամարդկանց աշխարհում էլ են բացառություններ լինում։
Օլիվիան խստաշունչ տիկին էր, և անկողնային սիրախաղերը չէին գրավում նրան։ Երևի պատճառը դա է, որ մեր մանուկների սիրելի գրողը, կնոջից գաղտնի, էրոտիկ տեքստեր գրելու թուլություն է ունեցել։ Օրինակ՝ «1601 թվական. զրույցներ բուխարու մոտ» ստեղծագործությունը։ Այս բուխարու մոտ Անգլիայի թագուհու շուրջը հավաքվում են պալատականները և պատմում իրենց սեքսուալ քաջագործությունների մասին։ Համարյա թե՝ «Հազար ու մի գիշեր»։
Ամեն դեպքում նրանք միասին ապրել են 34 տարի՝ մինչև Օլիվիայի մահը, չորս երեխա են ունեցել, բայց ընտանեկան կյանքում նրանց երջանիկ ասելը մեծ չափազանցություն կլինի։ Գրողի մի երեխան մահանում է մեկուկես տարեկանում, երկու աղջիկները՝ երեսունը չեն բոլորում։ Իսկ միակ ողջ մնացած դուստրը՝ Կլարան, քիչ հոգս չի պատճառում հորը։ Մեծ գրողի աղջիկն ինքն իրեն ներշնչել էր, որ տաղանդավոր դաշնակահար է, և մեներգիչների, երաժշտության ուսուցիչների, հյուրախաղերի համար պարտադրում էր հորը, որ գրպանները դատարկի։ Թերևս, Մարկ Տվենը հաճույքով ճանապարհ կհարթեր իր միակ աղջկա համար, եթե նա իրոք տաղանդավոր լիներ։ Ավաղ, նույնիսկ շնորհալի չէր, և եթե Կլարան դա չէր հասկանում, հայրը ե՛ւ տեսնում էր, ե՛ւ հասկանում։ Կլարան նաև շատ սիրառատ էր, և սիրեկաններին փոխում էր թաշկինակի պես։ Աչալուրջ մամուլն էլ չէր զլանում, հերթական սկանդալը թափահարում էր գրողի քթի տակ, և Տվենը նրանց էլ էր վճարում՝ իր աղջկա հերթական «չարաճճիության» մասին լուրերի հրապարակումը կանխելու համար։ Օգնությունը Ռուսաստանից եկավ։ Նշանավոր դաշնակահար Օսիպ Գաբրիլովիչը խնդրեց Կլարայի ձեռքը, հոգնատանջ հայրն էլ ուրախությամբ հանձնեց նրան ե՛ւ Կլարայի ձեռքը, ե՛ւ Կլարային՝ ոտքից գլուխ։ Ուրախությունը կրկնապատկվեց, որովհետև մեծ դաշնակահարի հետ մի տանիքի տակ ապրելով՝ Կլարան վերջապես հասկացավ, որ ինքը պետք է այդուհետ միայն դաշնամուրի փոշին մաքրի և հրաժարվի մեծ երաժիշտ դառնալու երազանքից։
Մարկ Տվենի նախասիրած գույնը սպիտակն էր։ Ոտքից գլուխ ճերմակ նրա հագուստի տակից ծիկրակում էր կարմիր գուլպան։ Ամերիկացիներն այլ գույներ չեն տեսել նրա վրա։
Մոլի ծխող էր, նրա սիգարը միշտ մխում էր, հանգչում էր միայն այն ժամանակ, երբ գրողը քնած էր։ Այս սրամտությունը, որն ում ասես՝ վերագրում են, առաջին անգամ ասել է Մարկ Տվենը. «Ծխելը թողնելուց հեշտ բան չկա, ես հո դա լավ գիտեմ՝ հազար անգամ արել եմ էդ բանը»։ Սկսել է ծխել ութ տարեկանից, այնպես որ՝ տպավորությունը, թե Հեքլբերի Ֆինն ավելի սրտամոտ է իրեն, քան Թոմ Սոյերը, երևի թե սխալ չէ։
Մյուս մոլությունն էլ բիլիարդն էր։ Ու որքան մեծանում էր, այս խաղի նկատմամբ կիրքն ավելանում էր ու ավելանում։ Պատմում են, որ իր 70-ամյակը նշելուց հետո, ժամը 24.00-ին ընկերոջ հետ վերադառնում է իր տուն, առաջարկում է մի քիչ բիլիարդ խաղալ, և այդ «մի քիչ»-ը տևում է մինչև առավոտ։ Կաթնավաճառի ձայնն է ուշքի բերում նրանց։ Թղթախաղից էլ չէր հրաժարվում։ Նրա տանը չգրված օրենք կար. իր հյուրերը կամ պետք է բիլիարդ խաղային, կամ՝ թղթախաղ։ Եթե որևէ մեկը քամահրանքով էր վերաբերվում այդ զվարճանքներին, այլևս գրողի տուն ոտք դնելու բախտ չէր ունենում։
Գրամեքենայի առջև նստող առաջին գրողն է Մարկ Տվենը։
Նա մտերիմ էր աշխարհի ամենաառեղծվածային մարդկանցից մեկի՝ բազմաթիվ հայտնագործությունների հեղինակ Նիկոլայ Տեսլայի հետ։ Երևի հենց նրա հետ բարեկամությունն էլ ոգևորել էր իրեն, քանի որ ինքն էլ է մի քանի գյուտերի հեղինակ։ Օրինակ՝ լրագրողների համար պոկովի էջերով ծոցատետր է ստեղծել, շարժունակ դարակներով պահարան, նաև՝ փողկապ կապելու գործիք և այլն։
Տվենը պաշտում էր կատուներին, ու այդ առիթով ասել է. «Եթե մարդուն խաչասերեն կատվի հետ, մարդկային ցեղը միայն կշահի դրանից, իսկ ահա կատվայինը՝ ակնհայտորեն կտուժի»։
Կյանքի վերջին տարիներին, ասում են, շատ ընկճված էր, բայց շարունակում էր սրամտել։ Թևավոր խոսք դարձած այս արտահայտությունը՝ իմ մահվան մասին լուրերը գերչափազանցված են, հենց Մարկ Տվենն է ասել, երբ «New York Journal»-ում կարդացել է իր մահախոսականը։