Սթիվեն Քյուրքջյան. «Հույսն ամենակարևոր զգացումն է աշխարհի գոյատևման համար». auroraprize.com
Advertisement 1000 x 90

Սթիվեն Քյուրքջյան. «Հույսն ամենակարևոր զգացումն է աշխարհի գոյատևման համար». auroraprize.com

Սթիվեն Քյուրքչյանը 1972 եւ 1980 թվականներին արժանացել է Պուլիցերյան մրցանակների տեղական մասնագիտական հետաքննական լրագրության համար: Ավելին, նա իր ներդրումն է ունեցել The Boston Globe-ի Spotlight թիմի կողմից Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բոստոնի թեմում հոգեւորականների կողմից սեռական ոտնձգությունների լուսաբանման գործում, ինչը 2003թ. հանրային ծառայության համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի: The Boston Globe-ի Վաշինգտոնի բյուրոյի նախկին ղեկավարի ու Spotlight հետաքննական սյունակի նախկին հեղինակի հետ խոսել ենք ժամանակակից մեդիայի, աշխարհի ապագայի եւ ճանաչման կարեւորության մասին:

«Ավրորա» մրցանակը ձգտում է հրատապ խնդիրների վերաբերյալ բարձրացնել աշխարհի տեղեկացվածությունը: Ի՞նչ եք կարծում, դա ինչպես պետք է արվի:

«Ավրորա» մրցանակը պատմություն է դարձել: Ի՞նչ է պատմությունը: Այն տեղի ունեցող ինչ-որ կարեւոր բան է, որի մասին մարդիկ պետք է տեղյակ լինեն: Կարծում եմ, որ «Ավրորա» մրցանակն առանձնահատուկ է նրանով, որ այն նոր բողբոջել սկսող ծաղիկ է, սակայն այն ծաղիկ է, քանի որ հույս է բերում աշխարհին:

Կան կազմակերպություններ, որոնք, ըստ իս, կատարում են Աստծո գործը՝ մեծատառ Ա-ով: Այդ կազմակերպությունները կատարում են Աստծո գործը եւ դա անում են ամենուր, որտեղ ճգնաժամ կա, աղքատություն, թշվառություն ու կործանում կա: Այդ կազմակերպություններն առանձնացնում են աշխարհի ու առանձին շրջանների խնդիրները եւ փորձում լուծում գտնել դրանց: «Ավրորան» իր աշխատանքով փորձում է առաջ մղել, հանրայնացնել այդպիսի խմբերին, եւ դա հրաշալի է: Այդ մարդիկ ծանր աշխատանք են կատարում եւ, երբեմն, նույնիսկ չեն կարողանում գլուխները դնել բարձին ու հանգիստ շունչ քաշել, ինչն էլ ճանաչվում ու գնահատվում է: «Ավրորայի» արածը հրաշալի բան է: Այն ցույց է տալիս աշխարհի գնահատանքն այս շատ կարեւոր կազմակերպությունների հանդեպ:

Դրան ուղեկցում է մի այլ բան՝ հույսը: Հույսն ամենակարեւոր զգացումն է աշխարհի գոյատեւման համար, քանի որ այն մեզ արթնացնում է առավոտյան՝ հավատ ներշնչելով, որ այսօր նոր օր է լինելու՝ ավելի լավ օր: Ահա թե ինչ է անում հույսը: Ասում են՝ եթե օգնես մարդկանց, կարիքի մեջ գտնվողներին՝ լինեն նրանք փախստականներ, թե ցեղասպանություն վերապրածներ, մենք քեզ ճանաչում կտանք:

Առանց այս մարդկանց առաջընթացի, մնացածը դրականորեն չեն արձագանքի, ուստի կարծում եմ, որ «Ավրորան» օգնում է աշխարհը մի փոքր ավելի լավ վայր դարձնել: Որքան ավելի ճանաչված են նրանք դառնում, ավելի շատ լուսաբանում են ստանում, մեդիան սկսում է նրանց ավելի շատ ուշադրություն դարձնել, այդքանով այդ կազմակերպությունները կարողանում են ավելի լավ կատարել Աստծո գործը:

Ներկայումս որոշակի անվստահություն կա մեդիայի եւ կազմակերպությունների նկատմամբ: Ի՞նչ կարող ենք անել դա փոխելու համար:

Ես համաձայն չեմ: Այն մեդիան, որին ես հավատում եմ՝ սկսած The New York Times-ից մինչեւ Դիլիջանում գործող տեղական թերթը, աշխատում է այնպիսի լրագրողներով, ովքեր սովորել են լինել արդար եւ խորաթափանց: Եթե ինչ-որ վատ բան է տեղի ունենում, նրանք սկսում են ավելի խորը փորել փորձում են հասկանալ՝ արդյոք ինչ-որ սխալ բան կա, որը ես անմիջապես չեմ նկատում:

Մեդիան շատ կարեւոր դեր ունի այս իրավիճակները բարելավելու հարցում: Այն լավագույնս աշխատում է, երբ պահպանում է հանրության վստահությունը, վստահությունն առ այն, որ իրենց գրածն ազնիվ ու ճշգրիտ է: Մենք կցանկանայինք, որ աշխարհն ավելի լավ վայր լիներ, մենք կցանկանայինք ի ցույց դնել այն մարդկանց, ովքեր լավ քայլեր չեն կատարում, սակայն եթե մենք դա ճիշտ, համապարփակ, արդար ու խորաթափանց կերպով չենք անում, ապա մարդիկ սկսում են կորցնել վստահությունը մեդիայի նկատմամբ: Մենք չպետք է չարաշահենք այդ վստահությունը՝ գնալով յուրաքանչյուրի հետեւից, ով որեւէ նշան է ցույց տալիս՝ առանց տեղեկատվության, առանց փաստերի: Մենք պետք է մեր հոդվածները հիմնենք փաստերի վրա: Այն պետք է լինի խորաթափանց եւ համոզիչ հասարակության համար:

Ովքե՞ր են փոփոխություն բերողները, որ կարող են լուծել հումանիտար խնդիրները: Ի՞նչ դեր կարող է մեդիան խաղալ:

Կարծում եմ՝ մենք բոլորս էլ այդ գործում դեր ունենք: Մենք բոլորս քաղաքացիներ ենք: Եկեք որպես օրինակ դիտարկենք փախստականների ճգնաժամը: Մենք չենք ավարտում լուսաբանումը փախստականների վիճակի նկարագրությամբ ու տխրությամբ: Մենք չենք կարող պատմությունը, լուսաբանումն ավարտել այդ կետում: Պետք է ցույց տանք, թե որոնք են ուժերը, որոնք են հակամարտության հիմնական կողմերը՝ ինչու են նրանք ներգրավված: Ծիծաղելի է, որ այս հարցը, այս ճգնաժամը շարունակվում է հինգից վեց տարի: Այն չպետք է շարունակվեր այսքան երկար:

Կա՞ն մարդիկում կցանկանայիք առաջադրել հաջորդ տարվա «Ավրորա» մրցանակի համար:

Շատ կազմակերպությունների մասին եմ կարդացել, որոնք հրաշալի աշխատանք են կատարում անտնության, ժանտախտի, սովի հաղթահարման ուղղությամբ: Յուրաքանչյուր երկրում կան կազմակերպություններ, որոնք աշխատում են այս հարցերի շուրջ: Կարեւոր է ամբողջացնել «Ավրորայի» շրջանակը, նվիրատվության շղթան, առաջ մղել այդ կազմակերպություններին:

auroraprize.com