Արա լեռան դժբախտ դեպքի մանրամասները. ինչպես բնության «չար կատակը» մարդու կյանք խլեց
Advertisement 1000 x 90

Արա լեռան դժբախտ դեպքի մանրամասները. ինչպես բնության «չար կատակը» մարդու կյանք խլեց

Տաք եղանակից հալած ձյունն իջել է արշավականների մարմնի ծանրությունից՝ 6 հոգու ստիպելով մոտ 30-40 մետր ցած գլորվել։ Փրկարարները ստիպված են եղել երկու կիլոմետր ոտքով անցնել մինչև գագաթ` խմբի անդամներին հասնելու համար:

Երեկ՝ հունվարի 28-ին, Արայի լեռան վրա տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են շտապել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատների եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Աշխատանքներին մասնակցել են նաեւ 20 լեռնագնաց։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնաթերթի կայքում։

Հիշեցնենք, որ երեկ Արայի լեռ բարձրացած 18 հոգանոց արշավախմբի անդամներից մեկը` Նաիրուհի Սիմոնյանը, մահացել է ձնահոսքի պատճառով։

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) պետ, փ/ծ մայոր Հայկ Նաղդալյանը մանրամասնել է՝ մոտ 50 սմ ձյունը և ուժեղ բուքը բարդացրել են արագ տեղաշարժը, փրկարարները ստիպված են եղել երկու կիլոմետր ոտքով անցնել մինչև գագաթ, որտեղ խմբի անդամներն են եղել։

Ձնահյուսից տուժած ուղեկցորդը վերջույթների կոտրվածք ուներ, խմբի անդամ պրոֆեսիոնալ բժիշկը նրան անշարժացրել էր, իսկ մյուսները՝ տրամադրել իրենց հագուստը ցրտից պաշտպանելու համար։ Տուժածը պատգարակով տեղափոխվել և հանձնվել էր լեռան ստորոտին սպասող շտապօգնության բրիգադին։

«Ուղեկցորդը շոկային վիճակում էր, 3-4 ժամ ցավ էր զգացել։ Մյուս վիրավորը վնասել էր ոտքը, սակայն կարողանում էր քայլել։ Արշավականները հոգնած էին ու ցրտահարված։ Լեռնագնացները մինչև վերջ աշխատեցին մեզ հետ»,- ասել է կենտրոնի պետը։

Փրկարարի դիտարկմամբ՝ Արայի լեռան ռելիեֆը վերուվար կառուցվածք ունի, այստեղ հաճախ է մառախուղ գրանցվում։ Նախորդ տարիների դեպքերը ցույց են տվել, որ լեռան տարածքում հեշտ է մոլորվելը և փխրուն ժայռերի պատճառով վնասվածք ստանալը։

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ, փրկարար-լեռնագնաց Սուրեն Դանիելյանն էլ նշել է, որ Ծաղկեվանքի տարածքն ամենավտանգավոր հատվածն է, քանի որ կանաչապատ լանջերից հետո կտրուկ իջվածք է։ Ուղեկցորդ, լեռնագնաց Էդգար Նավասարդյանը ձնահյուսի առաջին հարվածն իր վրա է կրել։ Տաք եղանակից հալած ձյունն իջել է արշավականների մարմնի ծանրությունից՝ 6 հոգու ստիպելով մոտ 30-40 մետր ցած գլորվել։

Ի պատասխան հարցին՝ արդյոք արշավախումբը չէր զգուշացվել հնարավոր վտանգների մասին, Սուրեն Դանիելյանը նկատել է՝ տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ են Ծաղկեվանք այցելում, պարզապես այս տարվա տաք եղանակը «չար կատակ» արեց։

Էդգար Նավասարդյանն այժմ հիվանդանոցում է, նախատեսվում է երեք բարդ վիրահատություն։ Հետագա վերականգնողական բուժումը մոտ մեկ տարի կտևի։

armeniasputnik.am