Միգրենը գլխացավի ամենատարածված ձևերից մեկն է: Պարբերաբար կրկնվող գլխացավերի մասին նշումների կարելի է հանդիպել դեռևս Հիպոկրատի աշխատություններում:
Մարդկության գրեթե 11 տոկոսը տառապում է այս հիվանդությամբ, որից 10 տոկոսի մոտ դասական տեսակն է: Ցավը կարող է տևել 1 ժամից մինչև մի քանի օր` սկսվելով գլխի մի կողմից: Ցավը կարող է կենտրոնանալ ճակատային մասում, քունքերի մոտ, իսկ երբեմն էլ կարող է թվալ, որ ցավը տարածվել է ամբողջ մարմնով: Երբեմն ցավն ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխումով, գլխապտույտով ու հաճախամիզությամբ, լույսի ու ձայների հանդեպ գերզգայունությամբ: Միգրենի նոպաներն առանձնանում են իրենց սրությամբ ու հաճախականությամբ: Միգրենի պատճառ կարող են հանդիսանալ մի շարք գործոններ: Ահա դրանցից մի քանիսը. որոշ տեսակի սննդամթերքի հանդեպ զգայունությունը` հատկապես ալկոհոլն ու ամինաթթուներ պարունակող սննդամթերքները, եղանակի կտրուկ փոփոխությունները, ֆիզիկական լարվածությունը, պայծառ կամ անընդհատ թարթող լույսը, քնելու ռեժիմի խանգարումը, տհաճ հոտերը, ծովի մակարդակից շատ բարձր գտնվելը, արյան մեջ շաքարի ցածր տոկոսը, կանանց մոտ հորմոնային շարժի ժամանակ, որ կապված է դաշտանային ցիկլի հետ:
Հիմնականում միգրենի նշաններ կարող են առաջանալ 15-30 տարեկանում: Գիտնականների կողմից ապացուցվել է, որ միգրենով հիվանդների մոտ 70 տոկոսն ունեն նույն գանգատով բարեկամներ ու ազգականներ, իսկ ավելի հաճախ, եթե երեխայի մոտ միգրենի երևույթներ են ի հայտ գալիս, հետազոտությունները ցույց են տալիս, որ ծնողներից մեկն անպայման տառապում է միգրենով: Միգրենից առաջացած ցավերն ավելի կարող են սաստկանալ կռանալու կամ այլ ֆիզիկական աշխատանք կատարելու ժամանակ:
Յուրաքանչյուր մարդ, ով տառապում է ուժեղ գլխացավերով, պետք է բժշկական հետազոտություն անցնի, որպեսզի բացառվեն ավելի լուրջ հիվանդությունները` ուռուցք, գլխուղեղի անոթների անևրիզմա և այլն:
Այս հիվանդության բնույթն ու ընթացքն այնքան տարբեր է, որ բուժման մոտեցումներն էլ պետք է խիստ անհատական լինեն: Հաճախ մեկին օգնող միջոցները կարող են անօգուտ լինել մյուսի համար: Այնպես որ, միգրենի բուժման առաջին սկզբունքն անհատական մոտեցումն է, պացիենտի համբերատարությունը: Պետք է նաև հաշվի առնել, որ միգրենը բուժվում է ոչ միայն դեղամիջոցներով, այլ նաև դրան նպաստող գործոնները վերացնելով: Նաև մեծ կապ ունի կենսակերպը: Միգրենի բուժման ժամանակ օգտագործվում են անալգետիկների խմբի պրեպարատներ: Պետք է այս ընթացքում հրաժարվել ծխելու սովորությունից, ալկոհոլից և հնարավորինս կարգավորել քունը: Մինչև նոպայի ավարտը պետք է պառկել լուռ ու ոչ այնքան լուսավոր ու սառը սենյակում: Երբեմն նույնիսկ խորհուրդ է տրվում գլխի վրա սառույց կամ սառը մի բան դնել: Նոպայի ժամանակ չի կարելի խմել սուրճ, թեյ ու նարնջի հյութ: Եթե հիվանդին քնելն օգնում է, ուրեմն նա պետք է նաև հանգստացնող պրեպարատներ ընդունի և քնի, որքան ցանկանում է:
Այս հիվանդությանը պրոֆիլակտիկ բուժում չեն նշանակում հղիության դեպքում: Նաև պետք է շատ զգույշ լինել ցավազրկող պրեպարատներ օգտագործելիս: Ցանկացած ցավազրկող միջոց, նույնիսկ բժշկի կողմից նշանակվածները, չի կարելի օգտագործել մեկ շաբաթվա մեջ երկու անգամից ավելի: Բանն այն է, որ դեղերի սիստեմատիկ գործածությանն օրգանիզմը սովորում է և այլևս ոչնչով չի կարողանում օգնել գլխացավերին, իսկ նոպաները սկսում են կրել հաճախակի բնույթ: Այս դեպքում պետք է դիմել բժշկի, որպեսզի բժիշկը կարգավորի գլխացավերից ազատվելու ծրագիրը:
Գիտնականները պարզել են, որ կանանց մոտ միգրենի դեմ լավագույն միջոց է հանդիսանում սեռական կյանքով ապրելը: Արյան մեջ կորտիկոստերոիդների մակարդակի բարձրացումը՝ գրգռվելու և օրգազմի ժամանակ, հանդիսանում է շատ լավ անալգետիկ:
– Միգրենի դեպքում վերցնել հավասարաչափ` կատվախոտի արմատ, թթվիճ առյուծագի: Երեք ճաշի գդալ խառնուրդին ավելացնել երեք բաժակ եռջուր: Թրմել ողջ գիշեր: Առավոտյան քամել և ընդունել օրը 3 անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ:
– Վերցնել հավասարաչափ` ուրց ու եղեսպակ: 3 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 3 բաժակ եռջուր և թրմել ողջ գիշեր: Առավոտյան քամել ու նորից խմել նույն ձևով:
– Ջրիկ մաքուր մեղրը մերսել գլխի մաշկին, գլուխը փաթաթել սրբիչով և թողնել 5-6 ժամ (եթե մեղրը մաքուր է, այն ամբողջությամբ ներծծվում է մաշկի մեջ):Հետո մազերը լվանալ: Կրկնել 10 օր: Արդյունքը կզգաք ինքներդ:
– Կանաչ թեյախոտով պատրաստել թեյ, ավելացնել մի քիչ անանուխ և խմել 1 բաժակ, իսկ երեկոյան գլուխը լվանալ խնկածաղկի ջրաթուրմով:
Սուսաննա Ազատյան
Դեկտեմբեր 19, 2008
168.am