Որքան են վարձատրում հայաստանյան կազմակերպություններն իրենց աշխատակիցներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան են վարձատրում հայաստանյան կազմակերպություններն իրենց աշխատակիցներին

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականի մարտին կազմել է 167 767 դրամ։ Այդ թվում՝ պետական ու համայնքային կազմակերպություններում աշխատավարձը 140 553 դրամ է, ոչ պետական կազմակերպություններում՝ 184 526 դրամ։

Այս տվյալները հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Սակայն նույն ԱՎԾ-ն հրապարակել է նաև ավելի մանրամասն տվյալներ աշխատավարձերի մասով, որոնք ոչ պակաս հետաքրքիր են։ Օրինակ՝ ինչպես է տարբերվում աշխատավարձը փոքր, միջին և մեծ կազմակերպություններում։

Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մարտ ամսվա դրությամբ հանրապետությունում գործում է 35 625 կազմակերպություն, որոնցում աշխատում է ընդհանուր առմամբ 531 917 մարդ։  Պետական հատվածի 4091 կազմակերպությունները աշխատանքով ապահովում են 202 719 մարդու, ոչ պետական հատվածի 31 534 կազմակերպությունները՝ 329 198 մարդու։

Կազմակերպությունների մեծ մասը փոքր գործատուներ են։ Այսպես, 35 625 կազմակերպություններից 33 837-ը (95%-ը) ունեն 1-ից 49 աշխատող։ 50-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունները 1788-ն են (5%-ը)։ Խոշոր ու գերխոշոր 5% գործատու-կազմակերպություններում աշխատում է ավելի շատ մարդ (մոտ 319 հազար), քան մնացած 95% կազմակերպություններում (212.9 հազար մարդ)։

Իսկ ինչպե՞ս են վարձատրում այս կազմակերպություններն իրենց աշխատակիցներին։ Ինչպես տեսնում եք աղյուսակում, 1-9 աշխատող ունեցող գերփոքր կազմակերպություններում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 101 702 դրամ է։

10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում միջին աշխատավարձը 128 814 դրամ է։

50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում միջին աշխատավարձը 161 561 դրամ է։

250 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում միջին աշխատավարձը 231 838 դրամ է (նման գերխոշոր գործատուների թիվը 239 է)։

Այսինքն, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների, Հայաստանում աշխատավարձի չափը ուղիղ համեմատական է կազմակերպության մեծությանը. որքան շատ աշխատող ունի ընկերությունը, այնքան բարձր է վարձատրությունը։

b4b.am