Մեզի հետազոտություն. ինչպե՞ս պատրաստվել
Advertisement 1000 x 90

Մեզի հետազոտություն. ինչպե՞ս պատրաստվել

Մեզի քննությունը պատկերացում է տալիս ինչպես միզասեռական համակարգի վիճակի մասին, այնպես էլ կարող է պարզաբանել այլ օրգան-համակարգերի հիվանդությունների հետ կապված որոշակի հարցեր: Առավել ճշտգրիտ տվյալներ ստանալու համար հարկավոր է հետևել որոշ կանոնների՝

  1. Նախօրեին խորհուրդ չի տրվում սննդի մեջ օգտագործել մրգեր, որոնք կարող են փոխել մեզի գույնը (գազար, բազուկ և այլն), միզամուղ դեղամիջոցներ: Նմուշ վերցնելու նախօրեին չի կարելի նաև օգտագործել ալկոհոլ և կատարել ծանր ֆիզիկական աշխատանք:
  2. Մեզը հավաքելուց առաջ պետք է մանրակրկիտ լվանալ սեռական օրգանների շրջանը: Կանայք մենստրուացիայի շրջանում չպետք է հանձնեն մեզի քննություն :
  3. Անհրաժեշտ է հավաքել առավոտյան մեզը, որը գիշերվա ընթացքում խտանում է, քննության տվյալներն այդպիսով առավել ճշգրիտ են ստացվում:
  4. Պետք է հավաքել մոտ 50-100 մլ մեզ` հատուկ տարայի մեջ: Տարան պետք է լինի չոր և մաքուր: Հարկավոր է հանձնել առավոտյան մեզը և այն հասցնել լաբորատորիա մոտակա մեկ ժամվա ընթացքում: Այլ տարբերակ է նաև մեզի հանձնումը հենց լաբորատորիայում:
  5. Խորհուրդ է տրվում սկզբում մեզի փոքր քանակություն բաց թողնել զուգարանի մեջ ու այնուհետև, չդադարացնելով միզարձակումը, նշված քանակով մեզը հավաքել տարայի մեջ:

Մեզը ենթարկում են աչքով տեսանելի (մակրոսկոպիկ) և աչքով անտեսանելի քննության:

Մակրոսկոպիկ (աչքով տեսանելի) ցուցանիշներ՝

  • Ծավալ – մեզի օրական ծավալը (ինչը չափվում է ողջ օրվա ընթացքում հավաքած մեզը չափելով) կոչվում է օրական դիուրեզ: Այն հիմնականում կազմում է 1.5-2.0 լիտր՝ օրվա ընթացքում ընդունած հեղուկի մոտ 70-80%-ը: Օրական դիուրեզի ավելացումը կոչվում է պոլիուրիա, իսկ նվազումը (500 մլ-ից քիչ)՝ օլիգուրիա:
  • Գույն — նորմայում մեզի գույնը պետք է լինի բաց հարդագույնից մուգ դեղին: Գույնը պայմանավորված է դրանում առկա պիգմենտներով՝ ուրոբիլինոգեն, ուրոէրիթրին և այլն:  Գույնի մգացումը վկայում է լյարդի ախտահարման մասին՝ հեպատիտ: Սպիտակավուն երանգը վկայում է միզուղիներում թարախային պրոցեսի մասին: Կարմիր երանգը վկայում է մեզում արյան առկայության մասին:
  • Թափանցիկություն – նորմայում մեզը գրեթե լիվին թափանցիկ է, իսկ դրա պղտորությունը վկայում է բորբոքային պրոցեսի մասին, ինչը պարզելու համար իրականացվում են հետագա անհրաժեշտ հետազոտությունները:

 Աչքով անտեսանելի ցուցանիշներ՝

  • Խտությունը – մեզի խտությունը միջինում պետք է կազմի 1.010-1.022 գ/լ: Խտությունը պայմանավորվում է մեզում առկա հանքային աղերով և այլ միացություններով: Խտության բարձրացումը կարող է վկայել միզուղիներում ինֆեկցիոն հիվանդությունների, շաքարային դիաբետի, հղիների մոտ՝ տոսքիկոզի մասին: Հնարավոր է խտության բարձրացում նաև ջրազրկման և քիչ քանակով հեղուկներ կիրառելու դեպքում: Խտության նվազում նկատվում է երիկամային անբավարարության և այլ հիվանդությունների դեպքում, մեծ քանակով հեղուկներ կամ միզամուղ դեղարայք օգտագործելու դեպքում:
  • Թթվայնությունը – մեզի pH կազմում է 4-7: Այս թվերի շեղումները վկայում են մի շարք հիվանդությունների մասին, որոնք մեկնաբանվում են մյուս ցուցանիշների հետ միասին:
  • Տարբեր նյութեր առկայություն ՝
    • Սպիտակուցներ – նորմայում չպետք է գերազանցի 0.033 գ/լ: Այս ցուցանիշի մեծացումը վկայում է երիկամների վնասման, ներթունավորման, սրտային անբավարարության, էպիլեպսիայի, ծանր ֆիզիկական աշխատանքի և այլ դեպքերում:
    • Գլյուկոզա – նորմայում այն չի գերազանցում 0.8 մմոլ/լ: Ավելացումը վկայում է շաքարային դիաբետի, երիկամների վնասման, հղիության ժամանակ կամ մեծ քանակով քաղցրավենիք օգտագործելու դեպքում:
    • Բիլիռուբին – նորմայում այս պիգմենտը բացակայում է մեզի մեջ: Դրա հայտնաբերումը (ինչը մգացնում է նաև մեզի գույնը) վկայում է կամ լյարդի վնասման կամ տարբեր պատճառներից առաջացած էրիթրոցիտների քայքայման մասին (հեմոլիզ):Կ
    • Կետոնային մարմիններ (ացետոն) — նորմայում բացակայում են, իսկ դրանց առկայությունը մեզի մեջ վկայում է նյութափոխանակության խանգարման մասին՝ շաքարային դիաբետ, թիրեոտոքսիկոզ, սուր պանկրեատիտ և այլն: Կետոնային մարմինների հայտնաբերում մեզի մեջ հնարավոր է նաև հղիության տոքսիկոզի, ալկոհոլային թունավորման, մեծ քանակով սպիտակուցային և ճարպոտ սնունդ ընդունելու դեպքում:
  • Արյան ձևավոր տարրեր — նորմայում արյան ձևավոր տարրեը՝ լեյկոցիտներ և էրիթրոցիտներ նմուշում պետք է լինեն հատուկենտ (մանրադիտակով զննելիս դեսադաշտում՝ 0-6 կանանց մոտ, 0-3 տղամարդկանց մոտ): Էրիթրոցիտների ավելացումը վկայում է միզաքարային հիվանդության, սուր գլոմերուլոնեֆրիտի, միզապարկի, երիկամի, շագանակագեղձի վնասման կամ ուռուցքի մասին: Լեյկոցիտների ավելացումը վկայում է արտահայտված բորբոքային պրոցեսի մասին միզուղիներում:

Ներկայացվածները այն հիմնական ցուցանիշներն են, որոնց վրա առաջին հերթին ուշադրություն է դարձվում մեզի քննության ժամանակ: Ցանկացած դեպքում, քննության տվյալները պետք է վերլուծի մասնագետը: Շեղումները կարող են լինել մի շարք հիվանդությունների և որոշ դեպքերում նաև ֆիզիոլոգիական վիճակների հետևանք: Միայն բժիշկ-մասնագետը ձեզ ճիշտ կուղղորդի արդյունքների վերծանման հարցում:

mymed.am