Ներկայացնում ենք պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող Տիգրան Սարուխանյանի ֆեյսբուքյան ուշագրավ հրապարակումը. «Գերմանիան Հայոց ցեղասպանության ճանաչման իր ընդունած բանաձևով փաստել է, որ կայզերական Գերմանիայի թողտվությամբ հնարավոր դարձավ Օսմանյան հայերի բնաջնջումը։ Ընդ որում, Բունդեսթագի բանաձևի մեջ հստակ նշված է, որ գիտական հիմնադրամները պետք է ամեն կերպ աջակցեն հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը և այդ ուսումնասիրություններում ակտիվորեն ընդգրկեն հայ գիտնականների։
Իսկ իրականում տեղի է ունենում հակառակը։ Այդ մասին մեր շարքային քաղաքացին, ու որքան էլ տարօրինակ թվա, իշխանություննեը տեղյակ չեն։ Մինչ օրս, չնայած բանաձևի ընդունմանը, Գերմանիայի Դաշնությունը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում որևէ գիտական ծրագիր չի օժանդակել։ Այլ հակառակը, ամեն հնարավոր միջոցներով Գերմանիան խոչընդոտում է գիտական ցանկացած նախաձեռնություն, որը այս կամ այլ կերպ հակասում է իր «ազգային շահերին»։ Համենայն դեպս ինձ ուղղարկված գրություններում, գերմանացիները ոչ ցանկալի են համարում այն հետազոտությունները, որոնք կարող են տանել մեղսակցության բացահայտմանը, թալանի ու յուրացման բոլոր փաստերի լուսաբանմանը։ Այս հարցում, որքան էլ տարօրինակ թվա, նրանց օժանդակում են ՀՀ ԳԱԱ համակարգում գործող՝ խնդրով զբաղվող ինստիտուտները, նաև՝ սփյուռքահայ գիտնակականներ։
Պաշտոնական Գերմանիան ֆինանսավորել ու շարունակում է ակտիվ աջակցել միայն Պոտսդամում գործող «Լեփսիուսի տուն» թանգարանի գործունեությանը, մասամբ էլ՝ Բոխումի համալսարանում գործող Ցեղասպանության և գաղթօջախների ինստիտուտի աշխատանքներին։ Այս հաստատությունը սկսել է ակտիվ «հետազոտել» հայերի ցեղասպանությունը, ընդ որում այնպես, որպեսզի որևէ մեկը չհամարձակվի խոսել Գերմանիայի մեղսակցության մասին։ Թանգարանի տնօրեն Հոսֆելդը իր կազմակերպած միջոցառումներում ընդգրկում է միայն այն անձանց, որոնք բազմիցս, պատեհ կամ անպատեհ առիթներով, հայտարարել ու շարունակում են հայտարարել, որ Գերմանիայի մեղսակցության վերաբերյալ որևէ փաստ գոյություն չունի։ Ընդ որում, նման հայտարարություններ են կատարում այն հայ գիտնականները, որոնք իրենց նետած գրոշների դիմաց համաձայնվում են մասնակցել Հոսֆելդ ավազակի ու նրա սեփական տունը դարձած՝ «Լեփսիուսի տուն» թանգարանի գիտաժողովներին ու կլոր սեղաններին։ Ավելին, այդ մասին հրատարակում հոդվածներ ու գրքեր։
Այս իմաստով, Գերմանիայի իշխանությունները՝ 2016թ․ ընդունած դեկլարատիվ բանաձևով շարունակում են այն քաղաքականությունը, որը որդեգրել էին նախորդները, մի քաղաքականություն, որի կործանիչ հետևանքը՝ Օսմանյան Թուրքիայում հայ ազգաբնակչության ոչնչացումն էր։
Պատահական չէ, որ նույն Մերկելը բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի սուլթան Էրդողանին հանգստացնում էր, ասելով, որ չէ՞ որ այդ բանաձևը ոչինչ չի պարտադրում, միայն փաստում է այն, ինչի մասին արդեն բոլորը գիտեն։
Անցյալ է՝ դարդ մի անի»։