Ակնեն մարդու մաշկին հայտնվում է պրոպիոնոթթվային բակտերիաների՝ Propionibacterium acnes-ի առկայության պատճառով։ Դրանք արտադրում են թույն՝ CAMP գործոնը, որը ներգրավված է բորբոքումների զարգացման գործընթացում, ինչը եւ բերում է մաշկի վրա ակնեի հայտնվելուն։
Սան Դիեգոյում Քալիֆորնիայի համալսարանի բժիշկները փորձարկել են ակնեի դեմ պատվաստանյութ, որի հակամարմինը փոխգործակցում է CAMP սպիտակուցի հետ՝ փոխազդելով ճարպագեղձերի բջիջների վրա։ Այս մասին գրում է ScienceAlert-ը։
Չուն Մինգ Հանգը (Chun-Ming Huang) եւ նրա գործընկերները մի շարք փորձարկումներ են անցկացրել մկների ու մարդկանց հյուսվածքների վրա, որ ցույց տան, որ լաբորատորիայում կառուցված հակամարմինները ունակ են կապվել մանրէաբանական թույնին՝ այդպիսով կանխելով ակնեի առաջացումը։
Պարբերականը նշում է, որ ներկայումս Cutibacterium acne մանրէների առաջացրած ցավը բուժում են հորմոններով կամ իզոտրետինոինով, քանի որ հակաբիոտիկները բացասական կողմնակի ազդեցություն են ունենում։ Միաժամանակ, բուժման գոյություն ունեցով տարբերակները չեն ենթադրում երկարաժամկետ արդյունքներ։
«Բուժման ժամանակակից տարբերակները հաճախ անարդյունավետ են 40 մլն չափահաս մարդկանց 85 տոկոսի համար, որոնք տարբեր մակարդակով տառապում են այդ բազմագործոն մաշկային բորբոքային հիվանդությունից»։
Նոր դեղամիջոցը կարող է օգնել ոչ միայն նրանց, որոնք տառապում են ակնեից, այլ նաեւ այլ հիվանդությունների դեմ՝ սեպսիսի, թունավոր (տոքսիկ) շոկի համախտանիշի, տարատեսակ վերակների դեպքում։
Այժմ գիտնականները հույս ունեն սկսել կլինիկական հետազոտություններ՝ եթե դրանց ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը հաստատվի, պատվաստանյութի հայտնվելը կդառնա իսկական փրկություն այն մարդկանց համար, որոնք տառապում են ակնեով։ Հետազոտողները, սակայն, պետք է ցույց տան ոչ միայն պատվաստանյութի արդյունավետությունը, այլ նաեւ անվտանգությունը։