ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը, ըստ որի՝ երգիչ-երգչուհիները պետք է անցնեն հարկային դաշտ և հարսանիքներին ու այլ միջոցառումներին ելույթ ունենալու դիմաց ստացած գումարից որոշակի հարկեր վճարեն, շարունակում է թիվ մեկ քննարկման թեման մնալ ոլորտի ներկայացուցիչների շրջանում:
Այսօր Life.panorama.am-ը թեմայի շրջանակում զրուցել է Ջուսի հետ, ով վստահ է՝ այդ օրենքը երբեք Հայաստանում չի գործի:
«Կարծում եմ՝ այդ օրենքը մեզ մոտ չի գործի, որովհետև այսօր երգիչները կորպորատիվ միջոցառումներին երգում են կամ շատ քիչ գումարի դիմաց, կամ ընկերական՝ առանց վարձատրվելու: Մեզ մոտ շոու բիզնես չկա, մենք բիզնեսմեններ չենք, մենք մի հատ բուտկա չունենք, որևէ իր չենք վաճառում, որ դրանից էլ հարկեր վճարենք: Տպավորություն է, թե ուզում են երգիչներին սննկացնեն: Ուրիշ բան, եթե երաժշտական ընկերությունների կողմից կազմակերպվի համերգներ ու մեզ վճարեն, մենք էլ հարկ վճարենք: Նույն Ռուսաստանում երգիչները կորպորատիվ միջոցառումներից հարկ չեն վճարում, քանի որ դա անհատական աշխատանք է և ոչ թե բիզնես, բայց փոխարենը այնտեղ հայտնի երգիչներին վճարում են, որ հայտնվեն այս կամ այն հաղորդմանը, վճարում են, որ իր հետ ֆոտոշարք անեն, վճարում են, որ նրա տեսահոլովակները ցուցադրեն, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ մի փոքր քիչ հայտնի երգիչն է վճարում տվյալ հեռուստաընկերությանը, որ մեկ ամսով ցուցադրեն իր նկարահանած տեսահոլովակը: Նման օրենք կիրառելուց առաջ պետք է շոու բիզնես ստեղծել, հետո նոր բիզնեսի դիմաց հարկ պահանջել»,- նշեց Ջուսը:
Երգչուհին չի պատկերացնում, թե ինչ մեխանիզմներով պետք է հսկվի հարկ վճարելու պրոցեսը:
«Մեր պետությունը կարող է հարկեր նշանակի այն երգիչներին, ովքեր արաբաթուրքական մուղամ են երգում ու իրենց կլկլոցներով իջացնում մեր մշակույթի մակարդակը: Այդ դեպքում անգամ շահավետ կլինի՝ հայկական մշակույթը լավ բարձրունք կապրի: Մեկ այլ հարց էլ կա՝ ինչու պետք է երգիչները վճարեն, բայց ասենք նկարիչները, հաղորդավարները, պարողները՝ ոչ»,- ընդգծեց նա:
Երգչուհին նկատեց, որ երկրի սոցիալական վիճակի վատ լինելու պատճառով երգիչներին այլևս բարձր չեն վարձատրում:
«Վստահ կարող եմ ասել, որ անգամ ամենասիրված ու ամենաբարձր վարձատրվող երգիչները այսօր անհամեմատ քիչ են վարձատրվում: Հիմա գրեթե մեկը չկա, ում օրինակ հարսանիքին երգելու դիմաց ասենք 3000 դոլար վճարեն, իսկ եթե վճարեն անգամ, ապա մինչև ութ երգի դիմաց: Երկրի վիիճակը լավը չէ, ժողովուրդը փող չունի համերգի տոմս գնի, կամ իր հարսանիքին երգչին բարձր վարձատրելով՝ հրավիրի: Միայն հատուկենտ օլիգարխները կարող են իրենց թույլ տալ մեծ գումարներ տալ երգիչներին, այն էլ միայն իրենց ամենասիրելի երգչին. Նրանք կարող են նույն հարսանիքին մի երգչի վճարել 2000 դոլար, մեկ ուրիշին, ով անգամ ավելի հայտնի է՝ 80.000 դրամ: Այսօր հայտնի երգիչների մեծ մասը գումար են աշխատում արտերկրում՝ սփյուռքի համար ելույթ ունենալով»,- նշեց նա, իսկ հարցին, թե Ջուսը բա՞րձր վարձատրվող երգչուհի է, պատասխանեց.
«Տարիներ առաջ, երբ ես նոր էի եկել Հայաստան, ես իսկապես բարձր էի վարձատրվում, կարող էի անգամ մեկ երգի դիմաց ստանալ 1000 դոլար, բայց հիմա ամեն ինչ այլ է, թեև ինքս շարունակում եմ ինձ համարել բարձր վարձատվող երգչուհի, չէ որ ես երգել եմ Իրինա Ալեգրովայի մոտ, Վլադիմիր Պուտինի կողմից հատուկ պատվոգիր եմ ստացել, շատ մրցանակներ ունեմ: Հիմա չեմ կարող ասել, թե որքան եմ վարձատրվում, քանի որ դա շատ փոփոխական է. Մենք իսկապես այսօր չնչին գումարներ ենք ստանում»: