Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհում ոգելից խմիչքների օգտագործման աճ է կանխատեսում առաջիկա 10 տարում: Ժնևում հրապարակված զեկույցում նշվում է, որ ալկոհոլամոլության համար հարկ է լինում վճարել «անընդունելի բարձր» գին և որ կառավարությունների կողմից «կրեատիվ որոշումներ» են հարկավոր այս խնդրի լուծման համար:
Ինչպես հետևում է զեկույցից, աշխարհում 237 մլն տղամարդ և 46 մլն կին «տառապում են ալկոհոլի հետ կապված խանգարումներից»: Այս խանգարումներն ավելի շատ տարածված են բնակչության մեկ շնչի հաշվով բարձր եկամուտներ ունեցող երկրներում: 2016 թվականին աշխարհում ոգելից խմիչքների «վնասաբեր օգտագործումից» մահացել է ավելի քան 3 մլն մարդ (մահվան բոլոր դեպքերի 5,3 տոկոսը): «Ալկոհոլի օգտագործումից մահացությունն ավելի բարձր է, քան այն մահացությունը, որը պայմանավորված է տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և շաքարախտ հիվանդություններով»,- արձանագրում են ԱՀԿ-ում:
2016 թվականին ալկոհոլի հետ կապված հաշմանդամությունը, վնասվածքները և հիվանդությունները կազմել են միագումար 132,6 մլն պայմանական տարի: Մինդեռ, արդեն այժմ աշխարհում 2,3 մլրդ մարդ ոգելից խմիչքներ է օգտագործում:
Մեկ անգամ օգտագործվող խմիչքի միջին չափաբաժինը կազմում է 33 գրամ մաքուր սպիրտ կամ երկու գավաթ գինի: Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի երկրների բնակիչների կեսից ավելին ալկոհոլ է օգտագործում: