Ամենակարևոր անալիզները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել բազմաթիվ լուրջ հիվանդություններ
Advertisement 1000 x 90

Ամենակարևոր անալիզները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել բազմաթիվ լուրջ հիվանդություններ

Անալիզների պատասխանները թույլ են տալիս ոչ միայն ախտորոշել արդեն իսկ ի հայտ եկած հիվանդություններն ու փոփոխությունները, այլև կանխարգելել դրանց առաջացումը: Սակայն հարկ է հիշել, որ անկախ անալիզների արդյունքից, ախտորոշումը պետք է անի միայն բժիշկը, քանի որ այդ անալիզների պատասխանները հաճախ փոխվում են արտաքին գործոնների ազդեցության հետևանքով (օրինակ՝ որոշ դեղամիջոցների ընդունման կամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում):

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենակարևոր անալիզները, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել ու բուժել մի շարք հիվանդություններ:

Սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ու կանխարգելման համար հարկավոր է տարեկան երկու անգամ արյան ընդհանուր և կենսաքիմիական անալիզներ հանձնել:

Այս անալիզի դեպքում ամենակարևոր ցուցանիշն արյան մեջ խոլեստերինի մակարդակն է, որի բարձր լինելը վկայում է աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականության մասին:

Ընդհանուր խոլեստերինի համար սահմանված նորման 3.61-5.21 մմոլ/լ-ն է: «Վատ» խոլեստերինի (ցածր խտությամբ լիպոպրոտեիններ) նորման 2.250-4.820 մմոլ/լ-ն է, իսկ «լավ» խոլեստերինի (բարձր խտությամբ լիպոպրոտեիններ) նորման՝ 0.71-1.71-ը:

Նաև շատ կարևոր են ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) և ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) ցուցանիշները, քանի որ դրանց մակարդակի բարձրացումը խոսում է սրտամկանի բջիջների հետ առկա խնդիրների և սրտամկանի ինֆարկտի զարգացման մասին:

ԱԼՏ-ի նորման կանանց համար մինչև 31 Մ/լ-ն է, իսկ տղամարդկանց համար՝ մինչև 41 Մ/լ:

ԱՍՏ-ի նորման կանանց համար մինչև 31 Մ/լ-ն է, իսկ տղամարդկանց համար՝ 35-41 Մ/լ:

Թրոմբոզի դեպքում անհրաժեշտ անալիզը կոագուլոգրաման է, որը թույլ է տալիս պարզել արյան թանձրությունը, մակարդելիությունը, ինչպես նաև թրոմբների և արյունահոսությունների առաջացման հավանականությունը: Այս հետազոտությունը հարկավոր է կատարել տարեկան 1 անգամ:

Կարևոր ցուցանիշներն են.

·        ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը, որի ընթացքում կազմավորվում է արյան մակարդուկը (27-43 վայրկյան),

·        պրոթրոմբինային գործակիցը (95-105%),

·        ֆիբրինոգենը (2.0-4.2 գ/լ կամ 5.8-11.6 մկմոլ/լ),

·        թրոմբոցիտները (180-320×109):

Շաքարային դիաբետը կարելի է հայտնաբերել մատից վերցված արյան միջոցով, որը ցույց կտա արյան մեջ շաքարի մակարդակը: Արյան մեջ գլյուկոզայի սահմանված նորման 3.3-5.5 մմոլ/լ-ն է: Անալիզը հարկավոր է հանձնել տարեկան 2 անգամ և այնպայման դատարկ ստամոքսին:

Բացի այդ, հարկավոր է ստուգել նաև գլիկոզիլացված հեմոգլոբինի (գլիկոհեմոգլոբին) մակարդակը, որը չպետք է գերազանցի 6%-ը: 6.0-6.5%-ի դեպքում արդեն շաքարային դիաբետի և դրա բարդությունների զարգացման հավանականությունը բարձր է:

Օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար գոյություն ունի թեստերի մի քանի տեսակ, որոնք թույլ կտան հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում: 40 տարեկանից հետո անալիզը հարկավոր է հանձնել 2 տարին մեկ:

Անհրաժեշտ է հանձնել կղանքի անալիզ՝ թաքնված արյան հայտնաբերման համար: Արյան առկայությունը վկայում է աղեստամոքսային տրակտի ստորին հատվածներում թաքնված արյունահոսության մասին, ինչն էլ կարող է լինել ուռուցքի առկայության նշան:

Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար անհրաժեշտ է արգանդի վզիկի քսուքի ցիտոլոգիական հետազոտություն, որը ցույց կտա նախաքաղցկեղային փոփոխությունների առկայությունը:

Լոյկոզի (արյան քաղցկեղ) հայտնաբերման համար հարկավոր է հանձնել արյան ընդհանուր անալիզ: Այս հիվանդության դեպքում փոխվում է լեյկոցիտների քանակությունը: Լեյկոցիտների մակարդակը կարող է նորմայից բարձր կամ ցածր լինել, սակայն երբեք չի լինում նորմայի սահմաններում: Բացի այդ, նվազում է նաև թրոմբոցիտների մակարդակը (կարող է նորմայից 4-5 անգամ ցածր լինել) և զգալիորեն բարձրանում է էրիթրոցիտների նստեցման արագությունը:

Աղեստամոքսային հիվանդությունների հայտնաբերման ու կանխարգելման համար խորհուրդ է տրվում երկու տարին մեկ կղանքի կլինիկական և մակաբուծական հետազոտություն (կոպրոգրամմա) անցնել, որը թույլ կտա հայտնաբերել աղիների, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները:

Գաստրիտի և ստամոքսի խոցային հիվանդության պատճառ հանդիսացող հելիկոբակտեր պիլորի վարակը կարելի է ախտորոշել հատուկ շնչառական թեստի միջոցով, որի ժամանակ նախ մարդը խմում է միզանյութ պարունակող հեղուկ, որը քայքայվում է Helicobacter pylori-ի կողմից, այնուհետև արտաշնչած օդում որոշվում է այդ քայքայման հետևանքով առաջացած նյութը (ամոնիակ):

Էնդոկրին (ներզատական) համակարգի հիվանդություններն ախտորոշվում են վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը որոշող արյան անալիզի միջոցով: Նման ստուգում հարկավոր է անցնել տարեկան 1 անգամ կամ ուժեղ սթրեսից հետո:

Այս դեպքում շատ կարևոր ցուցանիշ է թիրեոտրոպ (թիրեոխթանիչ) հորմոնի մակարդակը, քանի որ այն վահանաձև գեղձի աշխատանքը կարգավորող հիմնական հորմոնն է և արտադրվում է հիպոֆիզի կողմից:

Թիրեոտրոպ հորմոնի նորման 0.4-4.0 մՄ/լ-ն է: Այս հորմոնի բարձր մակարդակը վկայում է հիպոթիրեոզի (վահանաձև գեղձի հիվանդություն, որի դեպքում բավարար քանակությամբ հորմոններ չեն արտադրվում) մասին: Թիրեոտրոպ հորմոնի ցածր մակարդակը հաճախ անվանվում է թիրեոտոքսիկոզ և բնորոշվում է օրգանիզմում վահանաձև գեղձի հորմոնների բարձր մակարդակով:

Հեպատիտի դեպքում հարկավոր է հանձնել արյան անալիզ (երակից), որը ցույց կտա հակամարմինների առկայությունը: Անալիզն անհրաժեշտ է հանձնել տարեկան 1 անգամ կամ վիրահատություններից և կասկածելի սեռական կապերից հետո: Հեպատիտի մասին կարող է վկայել նաև մեզի մեջ բիլիռուբինի առկայությունը, քանի որ նորմայում այն չպետք է լինի:

Երիկամների և միզուղիների հիվանդություններն ախտորոշվում են մեզի ընդհանուր անալիզի միջոցով, որը խորհուրդ է տրվում հանձնել տարեկան 2 անգամ: Այս դեպքում կարևոր ցուցանիշ է մեզի մեջ պարունակվող սպիտակուցի քանակությունը, որը չպետք է գերազանցի 0.140 գ/լ-ը:

med.tert.am