Հղիության մինչև ո՞ր ժամկետում է կարելի աբորտ կատարել. մասնագետի մեկնաբանություն. med.news.am
Advertisement 1000 x 90

Հղիության մինչև ո՞ր ժամկետում է կարելի աբորտ կատարել. մասնագետի մեկնաբանություն. med.news.am

Հայաստանում վերջին տարիներին դիտվում է աբորտների թվի նվազում: Նոյեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հայտնեց, որ մեկ աբորտին բաժին է ընկնում 6-7 երեխայի ծնունդ, մինչդեռ 90-ական թվականներին այս հարաբերակցությունը կազմել է 1:3:

Եթե 90-ական թվականներին ամեն տարվա կտրվածքով աբորտների թիվը հասնում էր մինչև 26 հազարի, ապա 2010 թվականին այս ցուցանիշը նվազել է մինչև 8500, իսկ 2015-ին, 2016-ին և 2017-ին՝ մինչև 6 500-6 000:

Ավագյանը տեղեկացրեց, որ աբորտը կատարվում է կնոջ ցանկությամբ՝ մինչև 12-շաբաթական հղիության ժամկետի դեպքում: Բացառություն է կազմում հղիության ընդհատումը բժշկական և սոցիալական ցուցումների առկայությամբ: Այս դեպքում հղիության ժամկետը կարող է հասնել մինչև 22 շաբաթի:

Հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում 2000 թվականին մեկ կնոջը բաժին է ընկել 2,6 աբորտ, իսկ 2015-ին՝ արդեն 0,6: «Այս ցուցանիշներն ավելի ցածր են, քան Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, բայց բարձր են որոշ եվրոպական երկրների համեմատությամբ»,- ասաց նա: Հայաստանում աբորտների թվի նվազման պատճառը, ըստ Ավագյանի, բնակչության տեղեկացվածությունն է ընտանիքի պլանավորման դեպքում հակաբեղմնավորման միջոցների կիրառման մասին:

Ավագյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ մշակված պետական միջոցառումների շնորհիվ հաջողվել է նվազեցնել սելեկտիվ աբորտների ցուցանիշը:

«Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115-116 տղա, ապա այսօր իրավիճակը մի փոքր կայունացել է, և 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա: Կատարյալ դեպքում տղաների թիվը պետք է կազմի 106»,- հայտնեց փորձագետը՝ հիշեցնելով, որ հանրապետությունում սելեկտիվ աբորտների արգելք է սահմանվել:

Փորձագետը նշեց նաև, որ ախոտորոշման ժամանակակից մեթոդների ներդրումը թույլ է տվել փաստացի կրկնակի կրճատել ինքնաբերական աբորտների (վիժումների) թիվը: Եթե 2013 թվականին գրանցվել է 4 500 վիժում, ապա այսօր հաջողվել է այս ցուցանիշը նվազեցնել մինչև 2 հազար:

med.news.am