2030 թվականին մեծ թվով դիաբետիկներ առանց ինսուլինի կման. հետազոտություն
Advertisement 1000 x 90

2030 թվականին մեծ թվով դիաբետիկներ առանց ինսուլինի կման. հետազոտություն

Արդեն այսօր առկա է ինսուլինի հասանելիության գլոբալ խնդիր, որը կարող է խորանալ 2030 թվականին. եթե ոչ մի բան չփոխվի, 10-12 տարի հետո դիաբետիկներից շատերը կարող են առանց ինսուլինի մնալ: Այս մասին նշված է The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Գիտնականները հաշվարկել են, որ 2030 թվականին աշխարհում 2-րդ տիպի դիաբետով մարդկանց թիվը կաճի 100 միլիոնով, իսկ ընդհանուր այս հիվանդությամբ կտառապի մոտ 511 մլն մարդ: Ընդ որում՝ դիաբետի բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ ինսուլինի պահանջարկը 20 տոկոսով կաճի:

Ինսուլինն անհրաժեշտ է 1-ին տիպի դիաբետի ժամանակ, սակայն որոշ դեպքերում այն օգտագործվում է նաև 2-րդ տիպի դիաբետի ժամանակ՝ գլիկիլիրացված հեմոգլոբինի բաժինը մինչև 7 տոկոս նվազեցնելու նպատակով: Ավելի բարձր ցուցանիշի դեպքում մեծանում է դիաբետի հետ կապված անոթների, աչքերի, երիկամների և նյարդային համակարգի պաթոլոգիայի զարգացման վտանգը: Սակայն ինսուլինի սխալ կիրառումը կարող է առաջացնել հիպոգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի մակարդակի չափից ավելի նվազում) և դրա հետ կապված խնդիրներ:

ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Շվեյցարիայից գիտնականները հաշվարկել են, որ ավելի «ձեռնտու» է անաշխատունակության վիճակում անցկացվող կյանքի տարիների սպասվող քանակության (DALYs — disability-adjusted life years) ենթատեքստում գլիկիլիրացված հեմոգլոբինի նիշը բարձրացնել մինչև 8 տոկոս: Պարզվել է, որ 75 տարեկանից փոքր մարդկանց համար առավել իրատեսական է նիշը 7 տոկոսի մակարդակում թողնելը, իսկ դրանից ավելի մեծ տարիքի մարդկանց համար այն մինչև 8 տոկոս մեծացնելը: Սա զգալիորեն կկրճատի հիպոգլիկեմիայի հետ կապված բարդությունների թիվը, բայց աննշան կմեծացնի մնացյալ բարդությունների հավանականությունը:

Գիտնականների խոսքով՝ 2-րդ տիպի դիաբետով մոտ 79 մլն մարդիկ 2030 թվականին ինսուլինի կարիք կունենան: Սակայն նրանց բոլորին ինսուլինն ուղղակի չի բավականացնի: Ինսուլինային թերապիայի բարձր գնի պատճառով,- իսկ շուկայի գնային քաղաքականությունը որոշում են այն վերահսկող խոշոր ընկերությունները,- ինսուլինը հասանելի կլինի միայն 38 մլն մարդու: Եթե այս ոլորտում ոչ մի բան չփոխվի, ինչպես կարծում են գիտնականները՝ լուրջ խնդիրների կբախվեն Աֆրիկայի, Ասիայի և Օկեանիայի երկրներում:

med.news.am