Երիկամների հիվանդությամբ մոտ 1000 պացիենտ այսօր դիալիզ է ստանում, եւ նրանց մոտ կեսը երիկամի փոխպատվաստման կարիք ունի։ Լյարդի, սրտի, ենթաստամոքսային գեղձի եւ այլ օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտները նույնպես քիչ չեն։ Հայաստանում փոխպատվաստման ոլորտի զարգացումը հնարավորություն կտա անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ բոլոր պացիենտներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեի հայտում հաշվի կառնվի նաեւ տրանսպլանտոլոգիայի ոլորտը։ Սակայն առայժմ դժվար է ասել, թե ինչ գումար կարելի կլինի հատկացնել այդ ոլորտին եւ ինչպես այդ գումարը կծախսվի։ Այսօրվա դրությամբ, օրինակ, երիկամի փոխպատվաստման համար 2,5 մլն դրամ վճարում է պետությունը, եւ այդքան էլ վճարում է պացիենտը։ Գուցե, կարելի կլինի ավելացնել այս ոլորտի ֆինանսավորումն այնպես, որպեսզի պետությունն ամեն տարի կարողանա պետպատվերով ապահովել պացիենտների ավելի մեծ թվի։ Ինչ վերաբերում է լյարդի փոխպատվաստմանը, հարկ կլինի դիտարկել բոլոր հնարավոր տարբերակները եւ հասկանալ, թե ինչպես պետությունը կկարողանա մասնակցել այդ վիրահատությանը։
Նախարարը հիշեցրել է, որ օրգանների փոխպատվաստման վիրահատություններն ամբողջ աշխարհում համարվում են շատ թանկ. լյարդի փոխպատվաստման միջին գինը, օրինակ, մոտ 100000 դոլար է, երիկամի փոխպատվաստումը՝ մոտ 30000 դոլար։
«Մենք մտածում ենք ոչ միայն այն մասին, թե ինչպես զարգացնենք տրանսպլանտոլոգիայի ուղղությունը երկրում, այլեւ ինչպես նվազեցնենք պացիենտի ֆինանսական բեռը»,- ասել է նախարարը։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ կարեւոր է նաեւ երկրում զարգացնել մահացածներից դոնորության ոլորտը, որպեսզի փոխպատվաստման օրգաններ վերցվեն ոչ միայն ողջ դոնորներից։ Իրավաբանական փաստաթղթերը, նախարարի խոսքով, արդեն պատրաստ են, բայց դեռ հսկայական աշխատանք կա անելու դոնորների ու ռեցիպիենտների ցուցակների կազմման համար, ինչպես նաեւ հարկավոր կլինի լուծել կազմակերպչական, լոգիստիկ մի շարք հարցեր։
Ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնել նաեւ բժիշկների վերապատրաստմանը։ Ոչ հեռավոր ապագայում օրգանների փոխպատվաստման վիրահատություններ կարվեն Հայաստանի բոլոր խոշոր հիվանդանոցներում, եւ այդ բոլոր կլինիկաների հետ նախարարությունը նախատեսում է համագործակցել։