Հայաստանում ինչպիսի՞ գանգատներով են ավելի հաճախ դիմում սեքսոպաթոլոգին
Advertisement 1000 x 90

Հայաստանում ինչպիսի՞ գանգատներով են ավելի հաճախ դիմում սեքսոպաթոլոգին

Առավել հաճախակի խնդիրը, որ հայ տղամարդիկ դիմում են սեքսոպաթոլոգին, էրեկտիլ դիսֆունկցիան է: Այս մասին հայտնեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ վկայակոչելով ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի տվյալները:

Ըստ դիմելիության՝ երկրորդ տեղում է վաղաժամ սերմնաժայթումը, հաջորդում է սեռական ձգտման նվազումը կամ լիակատար բացակայությունը, ինչը փորձագետը կապում է օրգանիզմի վրա սթրեսի բացասական ազդեցության հետ: Շահրամանյանը տեղեկացրեց, որ տղամարդկանցից ստացվող գանգատներն առնչվում են սեռական խանգարումներին, որոնք առաջանում են նևրոզների և դեպրեսիայի հետևանքով:

Փորձագետը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ տղամարդիկ ավելի հաճախ են դիմում սեքսոպաթոլոգին, քան կանայք: Այսպես, ելնելով Սեքսոպաթոլոգիայի կլինիկա դիմելիության ցուցանիշներից՝ պացիենտների 50 տոկոսը տղամարդիկ են, 25 տոկսը՝ կանայք, ևս 25 տոկոսը՝ զույգեր:

Ինչ վերաբերում է կանանց սեռական կյանքի խնդիրներին, ապա այս դեպքում առաջին տեղում է օրգազմի բացակայությունը, երկրորդ՝ վագինիզմը (հեշտոցի մկանների ակամա կծկումը), իսկ երրորդ՝ լիբիդոյի նվազումը: Դրանից բացի, կանանցից ստացվում են ներթափանցող սեռական ակտի ժամանակ առաջացող ցավի գանգատներ:

Շահրամանյանի խոսքով՝ վագինիզմի պատճառը կարող է լինել սեռական սխալ դաստիարակությունը, որի հետևանքով աղջկա մոտ սեռական հարաբերության հանդեպ վախ է առաջանում: Սա կարող է երկարաժամկետ հեռանկարում բացասական հետևանքներ ունենալ, երբ առաջին անհաջող սեռական փորձը հետագա ամիսներին և անգամ տարիներին բացասաբար է ազդում կնոջ վրա: Այս դեպքում փորձագետը խորհուրդ է տալիս դիմել ոչ թե ընկերներին և գուշակներին, այլ մասնագետներին, որոնք կկարողանան օգնել խնդրի լուծմանը:

med.news.am