Քաղցկեղով հիվանդանալու մոտ 80 հազար 110 նոր դեպքերը 2015 թվականին մեծահասակ (20 տարեկան եւ բարձր) ամերիկացիների շրջանում վատ սնվելու հետեւանք են։ Այս մասին ասվում է Թաֆթսի համալսարանի մասնագետների նոր հետազոտությունում, որը հրապարակվել է JNCI CancerSpectrum ամսագրում։
Ինչպես նշել է հետազոտության առաջին հեղինակ, դոկտոր Ֆանգ Ֆանգ Չժանը, դա հավասարարժեք է ինվազիվ քաղցկեղի բոլոր դեպքերի մոտավորապես 5,2 տոկոսին, որոնք առաջին անգամ ախտորոշվել են ԱՄՆ մեծահասակ բնակչության շրջանում այդ նույն 2015 թվականին։ Այդ ցուցանիշը համադրելի է ալկոհոլի հետ կապված քաղցկեղի բաժնին։
Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են 7 դիետիկ գործոն. բանջարեղենի, մրգերի, թեփով հացահատիկի, կաթնամթերքների ցածր սպառում եւ վերամշակված մսի, կարմիր մսի, քաղցր գազավորված ըմպելիքների բարձր սպառում։
Օգտագործելով ռիսկի գնահատման համեմատական մոդելը, որը ներառել է ոչ ճիշտ սնվելու հետ կապված քաղցկեղի դեպքերի քանակության գնահատականը եւ տվել սնվելու նշանակալիության աստիճանը պարզելու հնարավորություն, գիտնականներն արել են հետեւյալ եզրակացությունը.
- Ոչ ճիշտ սնվելու հետ կապված դեպքերի ամենամեծ թիվը բաժին է ընկել հաստ աղիին եւ ուղիղ աղիին (38,3 տոկոս)։ Դրանց հաջորդել են բերանի խոռոչի, կոկորդի եւ կերակրափողի, արգանդի, կաթնագեղձի , երիկամի, ստամոքսի եւ լյարդի քաղցկեղները։
- Քաղցկեղի դեպքերի առավելագույն քանակությունը կապված է թեփով հացի, կաթնամթերքի, բանջարեղենի, մրգերի քիչ օգտագործման եւ վերամշակված մսի, կարմիր մսի ու քաղցր ըմպելիքների շատ օգտագործման հետ։ Քաղցկեղի դեպքերի մոտ 16 տոկոսը միջնորդավորված ձեւով կապված է ճարպակալման հետ։
- Հիվանդացողների մեջ ամենամեծ թվաքանակ կազմում են 45-64 տարեկան տղամարդիկ եւ որոշ ռասայական/էթնիկական խմբերի ներկայացուցիչներ (մասնավորապես՝ աֆրո- եւ լատինամերիկացիներ)։
Ժամանակակից մարդիկ ավելի հաճախ են օգտագործում վերամշակված մթերքներ. դրանց բաժին է ընկնում միջին ամերիկացու կերակրացանկի կալորիաների 60 տոկոսը, ավելի քան 50 տոկոսը՝ կանադացիների եւ բրիտանացիների պարագայում։ Զարգացող երկրների մեծ մասը նույնպես սկսում է վերամշակված մթերքներ օգտագործել։ Դա իր հերթին չի կարող չանդրադառնալ մարդկանց առողջության վրա։
Դոկտոր Չժանի խոսքով՝ «դիետան քաղցկեղի կանխարգելման ռիսկը փոխող գործոններից մեկն է»։ Եվ այս հետազոտության արդյունքները մեկ անգամ եւս ընդգծում են ճիշտ սնվելու անհրաժեշտությունը քաղցկեղի կանխարգելման համար։