Ինչո՞ւ ինտերնետում ներկայացված արևապաշտպան քսուքների բաղադրատոմսերը վստահություն չեն ներշնչում
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ ինտերնետում ներկայացված արևապաշտպան քսուքների բաղադրատոմսերը վստահություն չեն ներշնչում

Եթե իսկապես ցանկանում եք պաշտպանվել արևից և այն խնդիրներից, որոնք կարող են առաջանալ մաշկի վրա նրա ազդեցությունից, մի վստահեք ինքնուրույն պատրաստված արևապաշտպան քսուքներին, նախազգուշացնում են մասնագետները։ Ավելի անվտանգ է օգտագործել հայտնի արտադրողների քսուքները։

Օհայո նահանգի Ազգային մանկական հիվանդանոցի գիտնականները ուսումնասիրել են ինքնուրույն պատրաստված արևապաշպան քսուքների բաղադրությունները, որոնք հրապարակվել են Pinterest հանրահայտ կայքում։ Ինչպես պարզվել է, այդ խառնուրդները շատ ավելի վատ են մաշկը պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քան նրանք, որոնք վաճառվում են խանութներում և դեղատներում։

Ինչպես նշել են գիտնականները, սոցցանցերում գրառումների հեղինակները գովաբանել էին ինքնուրույն պատրաստված արևապաշտպան քսուքները, առաջարկել դեղատոմսեր, իսկ նրանց մոտ մեկ երրորդը պնդել է, որ նման քսուքն ապահովում է պաշտպանության բարձր գործոն (SPF) ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ընդհուպ մինչև SPF 50 մակարդակը։ Բայց հետազոտողները պարզել են, որ նման քսուքների ճնշող մեծամասնությունը պարզապես չի անցել այդ պաշտպանության թեստը։

Կոկոսի յուղը, որն առավել հաճախ է օգտագործվել այդ բաղադրատոմսերում, ինչպես ցույց են տվել լաբորատոր թեստերը, ապահովում է պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից միայն մինչև SPF 7 մակարդակը (ընդ որում՝ յուղի քանակի ավելացումը բաղադրատոմսում չի բարձրացնում պաշտպանության մակարդակը քսուքի մեջ)։ Միևնույն ժամանակ,  պաշտպանության երաշխավորվող նվազագույն մակարդակը տիպիկ արևապաշտպան քսուքներում  SPF 30 է, մակարդակ, որը կարող է արգելափակել ուլտրամանուշակագույն ճառագայթների 97 տոկոսը։

Պակաս կարևոր չէ նաև այն, որ տնային պայմաններում պատրաստված արևապաշտպան քսուքները չեն կարող ապահովել լայն պաշտպանություն, այսինքն՝ դրանք չեն կարող պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթման տարբեր տեսակներից։ Անվտանգության կեղծ պատրանք ստեղծելով՝ դրանք կարող են իրականում մարդուն վնաս պատճառել։

«Դրանց բաղադրիչների մի մասը, բնականաբար, ապահովում է որոշակի պաշտպանություն արևից, բայց ոչ այն աստիճանի, ինչպես պնդում են սոցցանցերի գրառումների հեղինակները։ Քսուքի բաղադրիչների համակցությունը, որը նրանք առաջարկում են, թույլ չի տալիս հասնել SPF 50 մակարդակի։ Լավագույն դեպքում այդպիսի քսուքով կարելի է ստանալ ուժեղ արևայրուք, վատագույն դեպքում դա ապագայում կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի»,- նշել է հետազոտության հեղինակ, դոկտոր Լարա Մակքենզին։

Որոշ դեպքերում ինքնուրույն պատրաստված քսուքների անարդյունավետությունը հետևանքն է այն բանի, որ տնային պայմաններում անհնար է ապահովել դրանց արտադրության ճիշտ տեխնոլոգիան։ Օրինակ, ցինկի օքսիդը և տիտանի երկօքսիդը, այսպես կոչված ֆիզիկական ֆիլտրերը, պարունակվում են արևայրուքի դեմ շատ քսուքներում, և տեսականորեն դրանք կարելի է ավելացնել նաև ինքնուրույն պատրաստվող քսուքներում, բայց խնդիրն այն է, որ դրանք կարող են անհավասարաչափ բաշխվել քսուքում, ինչը կարող է հանգեցնել արևից ոչ լիարժեք պաշտպանության։ Բացի այդ, ինքնուրույն պատրաստված արևապաշտպան քսուքները կարող են ջրակայուն չլինել կամ անկայուն լինել արևի լույսի ազդեցության հանդեպ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Communication ամսագրում։

med.news.am