Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց Ազգային պատկերասրահը։ Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները բարձրաձայնում էին պատկերասրահից անհետացող թանգարանային առարկաների մասին։ Սրան զուգահեռ՝ 2011-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հաստատած կարգով, իսկ նրանից առաջ էլ մշակույթի այլ նախարարների հրամաններով՝ պատկերասրահից հարյուրավոր կամ միգուցե հազարավոր թանգարանային առարկաներ են տրամադրվել պետական գերատեսչություններին և նույնիսկ մասնավոր ընկերությունների։ Որոշ դեպքերում՝ պատկերասրահից դուրս եկած նկարները հետ չեն վերադարձել պահոցներ։ Թանգարանային առարկաները չեն ապահովագրվել, լավագույն դեպքում ստացած առարկաների դիմաց պատկերասրահը ստանում է չնչին գումարներ։
Նախարարի հրամանը՝ կանաչ լույս
2011-ի հունիսի 3-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հաստատել է պետական թանգարաններից ու պահոցներից թանգարանային առարկաների ժամանակավոր պահպանության ու օգտագործման հանձնման կարգը։ Դրանով սահմանվել է, որ թանգարանային հավաքածուն ժամանակավոր պահպանության կարող է հանձնվել պետական կառավարչական հիմնարկներին, ՀՀ տարածքի ֆիզիկական ու իրավաբանական անձանց, այլ պետությունների իրավաբանական անձանց։
Գեղանկարներ՝ «Գոլդեն փելիս»-ին ու ապակու գործարանին
Ազգային պատկերասրահը 2005-ին 10 գեղանկար է հանձնել «Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ին։ Այս հյուրանոցը կապվում է մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի հետ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի 94 տոկոսի սեփականատերը օֆշորային գոտում գրանցված «Գոլդեն գրուպ լիմիթեդ» ընկերությունն է։
«Շողիկի դիմանկարը» պետք է լիներ գեներալի աշխատասենյակում
Քանի որ մշակույթի նախարարի հրամանով թանգարանային առարկաներ կարող էին դուրս գալ պատկերասրահից ու «հոսել» դեպի պետական այլ գերատեսչություններ, պարզվում է, այդ գերատեսչությունների ղեկավար անձանցից ոմանք էլ կարողացել են Ազային պատկերասրահի հաշվեկշռում գտնվող թանգարանային իրեր սեփականացնել։ 2001-ին մշակույթի նախարարի հրամանով պաշտպանության նախարարության ընդունելությունների տանը պահպանության է հանձնվել ութ գեղանկար։ Ազգային պատկերասրահում պահպանվում են փաստաթղթեր, ըստ որոնց, հանձնումից երեք տարի անց՝ 2004-ի օգոստոսի 28-ին, Ազգային պատկերասրահի ներկայացուցիչները առկայության ստուգում են անցկացրել ընդունելությունների տանը, ու պարզվել է, որ Կառլոս Աբովյանի վրձնին պատկանող «Շողիկի դիմանկարը» կտավը բացակայում է։
Դեսպանատանը այրված գեղանկարը
Ազգային պատկերասրահը ինը կտավ է հանձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը՝ ժամանակավոր պահպանության։ Դրանք այժմ պահպանվում են դեսպանատանը՝ դարձյալ առանց ապահովագրության։ Պատկերասրահում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ՝ Սիվիլնեթը պարզեց, որ այդ ընթացքում նկարիչ Լևոն Տեր-Կարապետյանի «Նատյումորտ վարդեր հայելիով» աշխատանքն այրվել է։ Մասնավորապես՝ ըստ դեսպանատան, գեղանկարն այրվել է 1997-ի հունվարի 19-ին դեսպանության առանձնասենյակներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ Կազմվել է միջադեպը հավաստող ակտ։ Տարօրինակ կերպով, այդ ակտը կազմվել է 2001-ին։
Ամբողջությամբ՝ civilnet.am