Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 28-ը Երեւանն ապրելու է լուսանկարչությամբ: Մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվում է լուսանկարչության միջազգային փառատոն՝ Armenian International Photo Fest-ը, որի շրջանակում «Սեգաֆրեդո» սրճարանում կայացավ սննդի լուսանկարչության մաստեր կլաս, որն անցկացրեց իտալացի հայտնի խոհարար եւ լուսանկարիչ Ռաֆաել դե Պասկալիսը: Սննդի լուսանկարչությամբ հետաքրքրվածների համար խոհարարը պատրաստեց իտալական պաստայի երկու տարբերակ, ինչպես նաեւ ցուցադրեց սրճային ոչ ալկոհոլային կոկտեյլ պատրաստելու շատ պարզ ու համեղ տարբերակ: Երեկոյի շրջանակում եղավ նաեւ անդրադարձ ճապոնական արվեստին:
Հայկական լուսանկարչության միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ Տաթեւ Մնացականյանի խոսքով՝ այս փառատոնն ու դրա շրջանակում իրականցվող միջոցառումներն ու վարպետության դասերը կարեւոր նշանակություն ունեն հայկական լուսանկարչության պատմությունը զարգացնելու գործում.
«Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում այս փառատոնը, որը բավականին լուրջ քայլ է ֆոտոնկարչության պատմության մեջ՝ հաշվի առնելով այն լուրջ բեքգրաունդը, որը մենք ունենք: Այդ ամեն ինչը հասկանալով՝ շատ ափսոս էր, որ չկար նման փառատոն: Այն բավական մեծամասշտաբ է լինելու՝ 39 ցուցադրություն, հեղինակավոր հյուրեր… Բավականին լուրջ աշխատանք է կատարվել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Տաթեւը:
Ամբողջությամբ՝ style.news.am