Պատմաբան Վահե Անթանեսյանի միկրոբլոգից.
Հայ-եթովպական առնչությունները դարերի խորքից են գալիս։ Շատ ուսումնասիրողներ պնդում են հայկական և եթովպական այբուբենների ընդհանրության մասին։ Դեռևս Խորենացին է հաղորդում, որ հայոց Զարմայր նահապետը Տրոյական պատերազմի ժամանակ հայոց զորքի հետ առաջնորդել է նաև եթովպացիների բանակը։
Ուշ միջնադարում հայ-եթովպական հարաբերություններն ավելի սերտացան։ Դեռ 15-րդ դարում Եթովպիայում հայտնի էր հայազգի հոգևորական Գևորգը, ով Եթովպիայի ուղղափառ եկեղեցու համար շատ սաղմոսներ է հեղինակել։
Հայտնի է, որ 16-րդ դարում Եթովպիայի կայսեր դեսպանը Պորտուգալիայում, Մաթևոս անունով հայ էր։ Հետագայում, նույն Մաթևոսին իր դիվանագիտական առաքելությունը կատարելիս տեսնում ենք Հռոմում, անգամ՝ հեռավոր Հնդկաստանում։ Նա Եթովպիայի տիրակալի ամենավստահելի մարդն է համարվել։
Ֆրանսիական Բուրբոնների արքունիքում Եթովպիայի կայսեր դեսպանի պարտականությունները Լյուդովիկոս ԺԴ Արև արքայի ժամանակ կատարում էր մեկ այլ հայազգի՝ Մուրադը։
1632 թվականին, Եթովպիայի առաջնորդ Ֆազիլիդասը բոլոր ճիզվիտներին արտաքսեց երկրից, արգելեց օտար կրոնական կազմակերպությունների գործունեությունը Եթովպիայում։ Բացառություն կազմեց Հայաստանյաց առաքելական եկեղեցին, որ ազատ գործելու իրավունք ստացավ։ Սակայն, պետք է նշել, որ եվրոպացի քարոզիչները հիմա էլ Եթովպիա սկսեցին թափանցել՝ հայ հոգևորականների հանդերձանքով։
Իսկ 18-րդ դարի կեսերին Եթովպիայի իրական իշխանությունը գտնվում էր Միքայել Սիուլի ձեռքին։ Նա զորահրամանատար էր, Եթովպիայի փրկիչը, նրա պահապանը, և Միքայելի ազդեցությունը երկրում շատ ավելին էր, քան կայսեր իշխանությունը։
Եթովպիայի կայսերական պալատի արքունական լուսանկարիչներն էլ հայեր են եղել։ Մասնավորապես, Բոյաջյան ընտանիքը սերնդե սերունդ վարել է արքունի լուսանկարչի պաշտոնը։
19-րդ դարի վերջում եթովպական բանակին զենք ու սպառազինություն էր մատակարարում Պողոս Մարգարյանը։
Այս ամենի հետ, Եթովպիայում ամենահայտնի հայը Սարգիս Թերզյանն էր, ում անունն այսօր էլ հանրաճանաչ է ողջ երկրում։
Սարգիս Թերզյանին երախտապարտ եթովպացիները պատվել են Թըլլիք՝ Մեծ պատվանունով։
Թերզյանը 19-րդ դարի վերջին հաստատվել է Եթովպիայում և ծառայության մտել Մենելիք Բ արքայի բանակում: Եթովպիան պատերազմում էր եվրոպացի գաղութարարների դեմ: Թերզյանն աչքի ընկավ պատերազմում և նշանակվեց Կելետեսայի և Բեյոկբոսլայի կառավարիչ:
Նա վերազինեց և վերակազմավորեց եթովպական բանակը:
Շուտով պատերազմ է սկսվում Սոմալիի դեմ, Թերզյանն աչքի է ընկնում այս կռիվներում ևս և դառնում է Կամպուլայի և Նալեյի կառավարիչ:
Նա եթովպական բանակին զենք ու սպառազինություն էր մատակարարում։ Իտալիայի դեմ մղվող պատերազմի տարիներին Սարգիս Թերզյանը ֆրանսիական մեծաքանակ հրազեն ներմուծեց Եթովպիա, զինեց բանակը։ Նրան այս գործում մեծ աջակցություն ցուցաբերեց Հովսեփ Բեխեսնիլյանն, ով հետագայում դարձավ Եթովպիայի ամենահաջողակ գործարարներից մեկը։
Ի դեպ, ֆրանսիացիները Սարգսի հետ համաձայնության եկան, վաճառեցին զենքերը, բայց չցանկացան նավեր տրամադրել՝ արժեքավոր բեռը տեղափոխելու համար։ Սակայն ճկուն ու գործունյա հայորդին գտավ ելքը․ հոլանդական նավատորմի միջոցով զինամթերքը տեղափոխեց Ջիբութի, այնտեղից՝ ուղտերով Եթովպիա։
Սարգիս Թերզյանի մասին Վաշինգտոն Պոսթ թերթը գրել է. ,,Սարգիս Թերզյանը պատերազմների հերոս է: Եթովպիայի պատվիրակն ունեցել է վիպական կյանք: Անվախ և անխոցելի մարտիկ Սարգիս Թերզյանը ծնունդով հայ է, իրականության մեջ Եթովպիայի Բիսմարկն է: Մասնակցել է Մենելիք Բ պատերազմներին, սովորեցրել նրան օգտագործել ֆրանսիական արագահարված զենքը, որով մի քանի տարի առաջ բնաջնջեցին Իտալիայի լավագույն զինվորներից 10 հազարին,,:
Պատերազմից հետո Սարգիս Թերզյանը ալյուրի արտադրությամբ էր զբաղվում։ Սակայն, չի թողել պետական ծառայությունը։ Ինքն էր ղեկավարում եվրոպական երկրներ և ԱՄՆ ուղևորվող դիվանագիտական առաքելությունները: Հմուտ դիվանագետ էր՝ լեզուների իմացությամբ:
Մեծ էր Թերզյանի ներդրումը Եթովպիայի տնտեսության զարգացման գործում։ Նա է կազմակերպել եվրոպական մեքենաների ներմուծումը Եթովպիա:
Կազմակերպեց Ջեբութթի-Ադիս-Աբեբա երկաթգծի շինարարությունը: Նա փաստորեն Եթովպիա բերեց առաջին շոգեքարշր, որին տեղացիներն անվանեցին հենց իր անունով՝ Սարգիս-Բաբուր։
Սարգիս Թերզյանը նաև հայության հոգսերով ապրող մարդ էր: Նա Թուրքիայից ու Արևմտյան Հայաստանից կոտորածներից մազապուրծ շատ հայերի պետական ծախսերով բերեց, բնակեցրեց եթովպիայում:
Իտալացիները հասկանում էին, որ եթովպական պատերազմում պարտվել են հենց Թերզյանի շնորհիվ, և գլխի համար հսկայական գումար էին խոստացել: Հայազգի հերոսը, որ բազում վերքեր էր ստացել մարտերում բայց ողջ էր մնացել, դավադրաբար սպանվեց գերմանական դեսպանատան բակում:
Ողջ Եթովպիան սգացել է նրա մահը:
Հայերը մինչ օրս էլ շարունակում են Եթովպիայում մեծ ազդեցություն և համարում ունենալ։ Մայրաքաղաք Ադիս-Աբեբայի ճարտարապետն է եղել Գրիգոր Օվյանը, ում քաղաքը պարտական է ներկայիս տեսքի համար։
Բաղդասարյան ընտանիքը եթովպական արքունիքին ոսկեղեն ու զարդեր մատակարարող գերդաստանն էր։ Արքունական հայտնի ոսկերիչ էր Տիգրան Էբեյանը։
Աֆևրիկայի լավագույն նկարիչն էր համարվում Սկունդեր (Ալեքսանդր) Պողոսյանը։
Եթովպիան աֆրիկյան մայրացամաքում միակ երկիրն էր, որ երբեք չէր եղել որևէ պետության գաղութը։ 1935 թվականին Մուսոլինիի կարգադրությամբ իտալական զորքերը ներխուժեցին Եթովպիա։ Օգդենի ճակատամարտում իտալացիների դեմ եթովպական բանակի հետ մեկտեղ կանգնեց հայկական կորպուսը՝ բաղկացած 800 զինվորից։ Իտալական զորքը ջախջախվեց այս ճակատամարտում։
Եթովպիայի հիմնի հեղինակը Գևորգ Նալբանդյանն է։ 1923 թվականին Եթովպիայի կայսրը 40 հայ որբերի ապաստան տվեց Եթովպիայում։ Նրանք հիմնեցին Եթովպիայի առաջիւն նվագախումբը։ Նվագախմբի ղեկավար Գևորգ Նալբանդյանն էլ երկրի հիմնի ստեղծողն է։
Մի հետաքրքիր միջադեպի մասին․ Սելասսի Ա կայսեր թագադրման ժամանակ նվագախումբը պետք է կատարեր բոլոր այն երկրների օրհներգերը, որոնք պատվիրակներ էին ուղարկել կայսեր թագադրման արարողության ժամանակ։ Նվագախումբն հրաժարվեց կատարել Թուրքիայի հիմնը։