Այսպես կոչված սելֆիամոլությունը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր հեղինակության վրա։ Վաշինգտոնի նահանգի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանների անցկացրած հետազոտության համաձայն՝ մարդիկ հակված են անվստահությամբ վերաբերվելու նրանց, ովքեր սիրում են շատ սելֆիներ տեղադրել սոցցանցերում։
Փորձին ներգրավվել է 149 ուսանող, որոնց բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մեջ մտել է 30 մարդ, որոնք պետք է թերթիկ լրացնեին և գնահատեին իրենց անձնական հատկանիշները։ Մյուս 119 փորձարկվողներին, որոնք անձամբ ծանոթ չեն եղել նրանց, տրվել է առաջադրանք՝ կազմել տպավորություն նրանց մասին, ելնելով նրանց Instagram-ի էջերից։
Պարզվել է, որ սելֆիի սիրահարները հիմնականում ընկալվում են բացասական իմաստով. նրանց համարել են առանձնապես ոչ հմայիչ, անհաջողակ, միայնակ, անհետաքրքիր և բավական կասկածելի։
Հակառակ կարծիք է ստեղծվել նրանց մասին, ովքեր լուսանկարներ են տեղադրել այլ մարդկանց հետ միասին։ Նրանք ընկալվել են հիմնականում դրական առումով. համակրելի են, ինքնավստահ, մարդամոտ և հետաքրքիր։ Բացի այդ, խմբակային լուսանկարների սիրահարները ստեղծել են այնպիսի մարդկանց տպավորություն, ովքեր ապրում են ավելի հետաքրքիր կյանքով և շատ ընկերներ ունեն։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Research in Personality ամսագրում։