Քաղաքային քրոնիկոն [իտալացի Տոնինոյի արկածները Գյումրի-Երևանում]. vnews.am
Advertisement 1000 x 90

Քաղաքային քրոնիկոն [իտալացի Տոնինոյի արկածները Գյումրի-Երևանում]. vnews.am

Մասնագիտությամբ քաղաքագետ, ծագումով իտալացի, արմատներով հայ՝ պարսկահայ, համաստեղությամբ կույս Էմիլիոն Լոնդոնից Գյումրի տեղափոխվեց կամավորական աշխատանքի:

Իտալացի հայրը՝ Տոնինոն, տնեցիների համար Տոնի,  դժկամությամբ ընդունեց այդ փաստը, իսկ այ պարսկահայ մոր համար ևս մեկ առիթ էր Հայաստան այցելելու և տեղի արժան ղարաբաղյան նուռը վայելելու համար:

Գյումրիում Էմիլիոյին դիմավորեցին սրտաբաց ու դռնբաց:

Հյուրասիրեցին հազար ու մի ուտեստներով: Միակ անմարդկային ճաշատեսակը, որն այդպես էլ չփորձեց, այն էլ կենդանակերպի նշանը թույլ չտվեց, քյալան էր:

Մնացյալում, ամեն օր երեկոյան ծնողների հետ խոսելիս, Էմիլիոն հիացած պատմում էր տեղի հյուրասիրության ու մարդասիրության մասին, իսկ եվրոպացի հայրը թերահավատորեն va bene էր ասում. զգում էր, որ  որդին քաղցր սուջուխի երկրում հիմնական բնակություն հաստատելու հազարավոր փրփրադեզ ալիքներ էր վառում: Պարսկահայ մայրը Մուրադ էր դարձել՝ չնայած անունը Թուրինջ էր:

Էմիլիոն տիրապետում էր հինգ լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, հայերեն, իտալերեն և գերմաներեն: Երբ Գյումրիում կամավորական աշխատանքն ավարտեց, տեղափոխվեց Երևան:

Երեկոյան անգլերեն և գերմաներեն էր դասավանդում:

Հիացած աշխատանքով, մարդկանցով ու  սովետի շենքերով՝ Էմիլիոն մի աշնանային ձմռան օր ավտոբուս նստեց՝ ավելի ճիշտ կանգնեց:

Առջևում նստած տատիկը առաջարկեց պահել Էմիլիոյի՝ մի ամբողջ կյանք պարունակող ուսապարկը: Նա սկզբում շփոթվեց, հետո կասկածեց ու երբ արդեն ուզում էր վախենալ ուսապարկի անվտանգության համար, հանկարծ ուղեղին հասավ, որ տատիկն ուզում է իրեն օգնել:

Դե, չես մեղադրի, մարդը նման երթուղային մշակույթի ավանդույթ չէր տեսել:

Հաջորդ անգամ ավտոբուս նստելուց նոր բացահայտում էր սպասում նրան: Մարդը ապշեց, երբ օթյակում սևազգեստ մի թասիբով տղա՝ տունը պուպուշ, դուրսը քյառթուշ շարքային մի քաղաքացի, նրան տվեց 100 դրամանոցն ՝ ասելով.

-Ապե՜, մի հատ փոխանցե՞ս:

Էմիլիոն ընկրկեց, հուզվեց ու չհասկացավ,  թե ինչ պիտի անի:

-Համե՞, – լսվեց նրա աղիողորմ ձայնը:

-Փոխանցի շոֆեռին, ընգե՛րս,- պարզաբանեց ժամանակին հայաթում ընտրատասովշիկ-գազելատասովշիկ, իսկ հիմա աջը քաշած, բայց համառորեն «լեվի» գնացող մեր ուղևորը:

Էմիլիոն փութաջանորեն առաջացավ, փոխանցեց գումարն ու որդան կարմիր դեմքով նստեց՝ անմեղ ժպիտն աչքերում: Բայց հոգու խորքում պինդ «մանթո» էր:

Եվս մեկ մշակութային առանձնահատկություն, որը սերտեց մեր փոքրամարմին հերոսը:

Էմիլիոն արդեն վեց ամիս էր, ինչ Հայաստանում էր: Դասավանդմանը զուգահեռ աշխատում էր Կոմիտասում՝ թարգմանություններ էր անում: Սիրում էր քաղաքով քայլել, հանդիպել  տեղացի պարսկահայ ընկերներին: Սիրում էր Երևանը…

Մի օր էլ մայրը զանգ տվեց ու ասաց, որ «պապի հետ մէ շաբաթով» գալիս են Հայաստան: Էմիլիոն շատ ուրախացավ՝ մանավանդ որ Ղարաբաղի նռան սեզոն էր:

Ծնողներին դիմավորեց:

Պատմեց քաղաքի ճարտարապետության մասին:

Կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ լուսանկարեց իտալացի հորը՝ չնայած որ վերջինիս ուշքն ու միտքը Թամանյանից քիչ հեռու  թմբլիկ, մերկ, ծխող կինն էր՝  Բոտերոյի  կինը:

Իսկ Թուրինջը  Վերնիսաժում  հուշանվերներ գնելիս՝  պարսկահայերին հատուկ ջանասիրությամբ ցուցադրում էր իր՝ սակարկելու ալամ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Եղան Գյումրիում:

Ծանոթացան Էմիլիոյի գյումրեցի ընկերների հետ:

Խոր Վիրապից բարձրացան Գառնի, ինչ խոսք`շատ հոգնեցին:

Խուճապի մեջ ընկան, երբ Գեղարդի «գաթա» տատիկների հրոսակախումբը արշավեց տուրիստների վրա: Այդ իսկ պատճառով միայն քաղցր սուջուխ ու կաթնահունց գնեցին ճանապարհից՝ փայտից, ճաքճքած աթոռի վրա նստած, բրդյա գուլպաներով Վերգուշ տատից:

Մեկ շաբաթվա ընթացքում իտալացի հայրը հասցրել էր սիրել Հայաստանը՝ իր արժան միրգ-բանջարեղենով, միշտ աշխատող սուպերմարկետներով,  նախշուն պուլպուլակներով, Ազգային պատկերասրահի շենքով և իհարկե բարձր մակարդակի հյուրասիրությամբ ու համեղ ճաշատեսակներով՝ մասնավորապես քյալայով ու հորթի պոչով

Ծնողներին օդանավակայան  ճանապարհելիս՝  հայրը կեսկատակ-կեսլուրջ տաքսու վարորդին ասաց, իսկ Էմիլիոն էլ իհարկե թարգմանեց, որ Լոնդոնում է ապրում, բայց գուցե սկսի մտածել Երևան տեղափոխվելու մասին՝ չնայած այս փոքր քաղաքում շնից շատ մեքենա կա (իհարկե ծագումով իտալացին այսպիսի արտահայտություն չէր անի, հեղինակի` մորից փոխանցված  լեզվանտածողություն է  և սեփական վարորդական փորձը) և ազդանշանային երկար ու կարճ երկխոսություն (ավելի ուշ կպարզի որ դրանք երկխոսություններ չեն, այլ հայկական ավանդական ուշունց-նախշոց բարեմաղթանքներ):

Իսկ տաքսու մեր կլասիկ վարորդը՝ ձյաձ  Մարտինը,  պատասխանելու փոխարեն  միացրրեց երաժշտություն, որտեղ Հախվերդյանը  Տոնինոյի համար երգում էր կամ էլ բացատրում՝  «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես… » :

Քթի տակ երգում էր ձյաձ Մարտինն ու անխնա ազդանշանում դիմացի կին վարորդին, որի մեքենայի հետնապակուն կանացի կարմիր կոշիկ էր փակցրած…

vnews.am