Արման Նավասարդյան. «Առաջին մեծության աստղը»
Advertisement 1000 x 90

Արման Նավասարդյան. «Առաջին մեծության աստղը»

Կանադա-ամերիկյան «մեղրամիսը» գոնե «պղտորելու» նկատառումով Հարությունյանը, բնականաբար, օգտագործում էր նման հակաամերիկյան տրամադրությունները: Սակայն քաջ գիտակցելով, որ այդ ամենը ավելի շուտ գաղափարախոսական-քարոզչական ոլորտից է, բացատրում էր կանադական ղեկավարությանը, որ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը բխում է նրանց շահերից: Նա համոզում էր վարչապետ Դիֆենբեյքերին, որ արտաքին քաղաքականության տարբերակումը նրա կառավարությանը կընձեռի գերտերությունների միջեւ մանեւրելու հնարավորություն, կբերի քաղաքական եւ տնտեսական շահեր, կնպաստի Արկտիկայի երկու ծայրերում գտնվող խոշոր տերությունների` ԽՍՀՄ-ի եւ Կանադայի բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը:

Հարությունյանը բանակցային սեղանին է դնում համագործակցության համակարգային, երկուստեք շահավետ ծրագիր: Այն իր մեջ ներառում էր քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային բնագավառները:

Հարությունյանի կարեւոր ավանդը կայանում է նաեւ նրանում, որ նա քննարկման թեմա դարձրեց Արկտիկան: Նա կանադական ղեկավարությանը կարողացավ ապացուցել, որ Կանադային միանգամայն ձեռնտու է հյուսիսային անսահման տարածքների անհամար հարստությունները յուրացնել եւ շահագործել Խորհրդային Միության հետ: Կենտրոնը հիմնականում հավանություն էր տալիս Հարությունյանի ծրագրերին, սակայն դեմ էր Արկտիկայի «ինտերնացիոնալացմանը», այսինքն` ԱՄՆ-ի մասնակցությանը այդ տարածքների յուրացմանը: Հարությունյանը բացատրում էր, որ նման հսկայածավալ նախագծերը կարող են կյանքի կոչվել միայն համատեղ ջանքերով` ինտեգրացման ճանապարհով:

Սակայն Մոսկվան չկարողացավ հաղթահարել իր գաղափարախոսական արգելակները եւ կանադա-ամերիկյան-խորհրդային համագործակցության հեռանկարները Արտիկայում մնացին սոսկ որպես հարությունյանական մտահղացում:

Իսկ, վերջին հաշվով, ի՞նչ դեր խաղաց Հարությունյան-դեսպանը Կանադայի հետ Խորհրդային Միության հարաբերություններում:

Այս հարցը ես ուղղեցի Կանադայում «Իզվեստիա» թերթի թղթակից, արտաքին հետախուզության գնդապետ, ազգությամբ հայ Կոնստանտին Գեյվանդովին։ Նա Կանադա էր գործուղվել Հարությունյանից հետո, սակայն գործի բերումով քաջատեղյակ էր նախկին դեսպանի գործունեությանը: – Հարությունյանի օրոք Կանադան Խորհրդային Միության բարեկամը չդարձավ եւ չէր էլ դառնա, սակայն նրա ջանքերով երկկողմ հարաբերություններում նկատելի դրական տեղաշարժեր եղան, եւ ամենակարեւորը` Օտտավան չբռնեց մարտնչող հակախորհրդային դիրքորոշում,- եղավ պատասխանը:

– Հարությունյանը պետական մտածողության խոշոր քաղաքական գործիչ էր, ճկուն դիվանագետ եւ խարիզմատիկ անձնավորություն: Կանադայի նման` մեզ համար բարդ երկրում, նա կարողացավ դառնալ ճանաչված դեմք: Կանադական քաղաքական իսթեբլիշմենթը ընդունեց նրան, ինչը չէր եղել Հարությունյանից առաջ եւ հետո եղած դեսպանների օրոք: Խորհրդային Միության համար նա Կանադան երկրորդական երկրից դարձրեց առաջնային: Բացի ամեն ինչից, նա իսկական հայ մարդ էր, մեծ հայրենասեր,- ասաց Գեյվանդովը:

Իսկ կանադահայերը, պարզապես, մեծարում էին Հարությունյանին` մշտապես շեշտելով նրա հայկական պահվածքը եւ հայրենասիրական զգացումները, որը նա երբեք չէր թաքցնում: Ես Մոնրեալում ծանոթացա Պոլսից տեղափոխված ինքնամոռաց հայրենասերներ Սուրեն եւ Էլդա Աքիբրիթյանների հետ, որոնք իրենցով փոխարինում էին Կանադայում հայկական դեսպանության չգոյությունը: Նրանք ժամերով կարող էին խոսել Հարությունյանի մասին, ցույց տալ բազմաթիվ լուսանկարներ: Հիշելով մեկ տարի առաջ կյանքից հեռացած դեսպանին` Էլդան արցունքների միջից արտաբերեց. «Նա փաշա էր»:

Հեղինակի անձնական արխիվից

Հարությունյանին Կանադան ընդունեց թշնամաբար եւ կասկածանքով, որպես «չարյաց կայսրության» ներկայացուցչի, սակայն բաժանվեց նրանից, ինչպես բաժանվում են բարեկամից: Նրա` երկրից մեկնելու առթիվ «Դեսպանը Կանադայում շատ բարեկամներ ունի» վերտառությամբ հոդվածում «The Ottawa Citizen»-ը գրում է. «Նորին գերազանցություն Համազասպ Հարությունյանը շաբաթվա վերջին մեկնում է Մոսկվա: Նա ականավոր դեսպան էր: Բազմաթիվ կանադացիներ, որոնք նույնիսկ մահվան դեմ հանդիման չէին պաշտպանի այն դրույթները, ինչին դավանում էր պրն Հարությունյանը, ափսոսում են, որ նա հեռանում է երկրից, քանզի նա իր հետ Օտտավա բերեց հումորի կենդանի զգացում եւ կանադական առօրյա կյանքի մեկնաբանման փայլուն շնորհք»: Դեսպանին նման ձեւով բնութագրելուց հետո, թերթը փաստում է. «Նա բարյացակամ հայ մարդ էր»:

«Նա շատ կլինի Հայաստանի համար»,- ասել է Ստալինը

Հարությունյանի մասին գրելիս hարկ է իմաստավորել այդ տաղանդավոր, ոչ սովորական գործչի եւ քաղաքական տրամաբանությունն ու փիլիոփայությունը:

Երբ դիվանագիտական ծառայության հայր Ֆրանսուա Կալյերը դեռեւս 300 տարի առաջ գրել էր, որ դիվանագետին պետք է հատուկ լինի ոչ սովորական ինտելեկտ, հավանաբար կանխատեսել էր, որ երեւան են գալիս Հարությունյանի տիպի անհատականություններ:

Այդ ոչ «սովորական ինտելեկտը», զուգորդվելով ծագումնաբանորեն ժառանգած ձիրքերին, օժտում են նրան քաղաքական երեւույթները օբյեկտիվ գնահատելու ունակությամբ, անկախ եւ ինքնուրույն մտածողությամբ, սեփական սկզբունքները պաշտպանելու համարձակությամբ` հաճախ ի վնաս իրեն: Քիչ դիվանագետներ կան, որոնք կարող են թույլ տալ նման «շռայլություն»: Ո՛չ, խոսքը չի վերաբերում լոյալության բացակայությանը կամ ծառայողական պարտականությունների թերացմանը: Այդ դեպքում նա, ընդամենը, կլիներ դեսիդենտ` այլախոհ: Մինչդեռ Հարությունյանը ժամանակի եւ համակարգի ծնունդ էր, նրա հավատավորն ու նվիրյալը:

Դրա հետ մեկտեղ՝ Հարությունյանը երբեք չի վախեցել ղեկավարությանն ասել այն, ինչը նա` այդ ղեկավարությունը, չէր ուզի լսել, ինչը հաճելի չէր նրա ականջին, սակայն ինչը, եւ ամենագլխավորը` բխում էր պետության շահերից: Իսկ ԱԳՆ-ի նման պահպանողական կառույցի համար, այն էլ այն տարիներին, դա պարզապես հերետիկոսություն էր` հերձվածություն: Եվ եթե նա կարողացավ մնալ Արտգործնախարարության համակարգում, ապա այն բանի շնորհիվ, որ ուներ, իրոք, ոչ սովորական ինտելեկտ, հունցված էր այլ խմորից: Չնայած որ, նման անձնավորությունը միշտ էլ գրգռում է վերեւում գտնվողներին: Հարությունյանը հեռու էր «գրպանի» կամ «օդանավակայանի» դեսպան լինելուց: Այդպես են կոչվում այն դեսպանները, որոնց հիմնական կոչումը ղեկավարությանն ու նրանց ընտանիքի անդամներին ընդունելն ու ճանապարհելն է, նրանց կարիքները ժամանակին եւ անթերի հոգալը: Այդպիսի դեսպաններ կան բոլոր երկրների արտաքին գերատեսչություններում: Ցավալի է, որ նման դիվանագետներ ձեւավորվում են նաեւ հայկական դիվանագիտությունում: Հարությունյանը «ինքնուրույն օրակարգով» աշխատող դիվանագետ էր, որն առաջնորդվում էր դիվանագիտության դասական այն բանաձեւով, ըստ որի, դեսպանն իր նախագահի եւ պետության գերագույն ներկայացուցիչն է դեսպանընկալ երկրում, ասել է` իր գործողությունների եւ քայլերի միանձնյա տնօրենն ու պատասխանատուն: Այդուհանդերձ, նա բախվում էր բյուրոկրատիայի կողմից այդ ոսկե օրենքը վերաքննելու փորձերի հետ: Հարությունյանի աշխատանքային օրագրերից մեկում գտա քառածալ գրություն` թվագրված 1961թ. մարտի 7-ին, ստորագրված 2-րդ Եվրոպական բաժնի վարիչ Ն. Բելոխվոստիկովի կողմից: «Ընկ. Հարությունյան,- գրում է նա,- ԱԳՆ ուղարկված օտարերկրացիների հետ Ձեր զրույցի գրառումներից մեծ մասում չի նշվում, թե Խորհրդային դեսպանության ներկայացուցիչներից ովքեր են ներկա գտնվել կամ մասնակցել այդ զրույցներին: Այդ կապակցությամբ 2-րդ Եվրոպական բաժինը խնդրում է հայտնել, Խորհրդային դեսպանության աշխատողներից որեւէ մեկը ներկա գտնվե՞լ է, արդյոք, ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Ձեր կազմակերպած նախաճաշերին եւ զրույցներին»: Ձեւով` հակադիվանագիտական, իսկ բովանդակությամբ` քաղաքական երկիմաստ գրությունը, հավանաբար, զայրացրել է Հարությունյանին: Նա էջի ներքեւի ձախ անկյունում կարմիր մատիտով գրում է հանճարեղ բանաստեղծի անմահ խրատը. «Ի նե օսպարիվայ գլուպցա».

Նախանձը ընտրյալների խաչն է: Այդ բոլոր առումներով խարիզմատիկ մարդուն խորապես հարգողների, նրանով հիացողների եւ մեծարողների կողքին կային չարակամներ: Կանադայից վերադառնալուց հետո նա տեղեկացավ, որ դեսպանության արտաքին հակահետախուզության (վարչություն «K») սպան, իր անմիջական պարտականություններով զբաղվելու փոխարեն, «ուշադրության կենտրոնում է պահել դեսպանին»: Սովորական երեւույթ` բոլոր դեսպանությունների համար:

Չնայած Հարությունյանի դեմ նյութվող մեծ ու փոքր դավերին, նա հեղինակություն էր Խորհրդային Միությունում եւ վայելում էր ամենաբարձր ղեկավարության հարգանքը: Անահիտ Մուշեղովնան պատմում է, որ ամուսնու անձնական գրադարանում պահպանվում էր Ստալինի ջերմ մակագրությամբ նրա գրքերից մեկը` ուղղված ամուսնուն: Անահիտ Մուշեղովնայի խոսքերով, 50-ականների սկզբին քննարկվել է Հարությունյանին Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար նշանակելու հարցը եւ, երբ այն ներկայացվել է Ստալինին, վերջինս մերժել է, ասելով. «Օն սլիշկոմ ժիրնո բուդետ դլյաԱրմենիի». Այդ մասին ես տեղեկացել եմ տարբեր աղբյուրներից եւս, իսկ Հարությունյանի մտերիմներից մեկը` բազմավաստակ դիվանագետ, հանգուցյալ Միխայիլ Քոչարյանը, հղում կատարելով Հարությունյանին, հրապարակայնորեն հայտնում է, որ այդ հարցը քննության առարկա եղել է Քաղբյուրոյում: Հարությունյանին իր բարեկամն էր համարում Քաղբյուրոյի ամենախելացի եւ կրթված անդամներից մեկը` Ալեքսեյ Կոսիգինը: Անգամ Սուսլովի նման նենգ եւ թունոտ անձնավորությունը դրական վերաբերմունք ուներ նրա նկատմամբ:

Այս բոլորով հանդերձ՝ Հարությունյանի «մոլորությունը» ազգային հարցում, որը հավասարազոր էր ոտնձգության սրբության սրբոցի նկատմամբ, չէր ներվելու նրան: Հայաստանի Կենտկոմի նախկին քարտուղար Կառլեն Դալլաքյանն իր «Հուշապատում» գրքում գրում է, որ նման «դիրքերի վրա կանգնելու համար» «անվանի դիվանագետ» Համո Ակիմովիչի «գործունեությունը ենթարկվեց որոշ սահմանափակումների»: Մեղմ է ասված: Նա պատրաստվում էր մեկնել Բելգիա` որպես դեսպան, սակայն նշանակվեց ԱԳՆ-ի Արտաքին միջոցառումների պլանավորման գլխավոր վարչության գլխավոր խորհրդական: Շատ դիվանագետներ կերազեին նման պաշտոն, սակայն այն խիստ անձուկ էր Հարությունյանի համար: Գոյություն ունի այն կարծիքը, որ ազգային պատկանելությունը, ինչը նա չէր թաքցնում, այլ, ընդհակառակը, պարծենում էր դրանով, խանգարել է նրա կարիերային: Արդյո՞ք այդպես է: Այո: Բայց, մասամբ: Իմ համոզմամբ, Հարությունյանը շատ խելոք էր, շատ ազնիվ, շատ մարդկային` քաղաքական-դիվանագիտական Օլիմպոսին հասնելու համար: Նա ուներ իր հավատամքը եւ անձնական արժանապատվությունը, ու երբեք չկորցրեց դրանք: Չկորցրեց նաեւ ազգային դեմքը: Մնաց անաղարտ մինչեւ վերջ:

Մեծ հայը

Համազասպ Հարությունյանը պատկանում էր մարդկային էակի այն տեսակին, որի մեջ սերը հայրենիի նկատմամբ գալիս էր ծագումնաբանական արմատներից:

«Նա բյուրավոր թելերով, հետաքրքրություններով կապված էր այն ամենի հետ, ինչ կատարվում էր Երեւանում` մշակույթի, կերպարվեստի, գրականության, պատմագիտության եւ բազմաթիվ այլ ասպարեզներում: Համազասպ Հարությունյանը ուշադրությամբ հետեւում էր Սովետական Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի նորություններին, նոր հրատարակություններին, նոր անուններին»: Իսկ Հարությունյանի վրա մեծ տպավորություն է թողնում Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը» հիմնարար մենագրությունը: Նա գրում է հեղինակին. «Հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջը չի կարելի ոչ ջնջել, ոչ մատնել մոռացության»: Հայկական Մեծ եղեռնի հարցը, Թուրքիայի քաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները գտնվել են դիվանագետի ուշադրության կիզակետում: Հիշում է Ռուսաստանի 2-րդ կարգի դեսպանորդ-խորհրդական Էդմոն Շահնազարյանը. «ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը՝ հայ-թուրքական սահմանի երկայնքով միջուկային մարտագլխիկներով հրթիռներ տեղադրելու մասին, հունից հանել էր Համո Ակիմովիչին: «Դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ է, դա երկրորդ Եղեռն է, չի կարելի թույլ տալ նման ծրագրի իրագործումը, դա սարսափելի է»,- ասել է նա, եւ մեծ աղմուկ բարձրացրել Կենտկոմի, ԱԳՆ-ի ՊԱԿ-ի եւ ՊՆ-ի ղեկավարության մակարդակով»: Կրեմլի համար այդ անհասկանալի պոռթկումը, անշուշտ, մինուս էր Հարությունյանի համար, որը գրանցվելու էր նրա կարիերայի հաշվեմատյանում: Իսկ Շահնազարյանի այն հարցին, թե չի՞ վախենում արդյոք ազգայնամոլության մեջ մեղադրվելուց, Հարությունյանը պատասխանում է. «Ո՛չ, չեմ վախենում, եթե ես չսիրեմ իմ ընտանիքը, իմ ազգը, ես խորհրդային ժողովրդի նկատմամբ էլ անտարբեր կլինեմ: Հայրենասերը պետք է սիրի եւ՛ ընտանիքը, եւ՛ ազգը: Ես նախ հայ եմ, հետո քաղաքացի եւ կոմունիստ»: Մի՞թե սա ներվելու էր խորհրդային դիվանագետին: Երբեք:

02/09/2009

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

168.am