Արդեն 44 տարի է, ինչ Լեռ Կամսարի աքսորական կյանքի սեւ ճամպրուկը այլեւս չի դրվում այն ցախատան դռան ետեւում, որտեղ շուրջ 50 տարի բնակվել է Կամսարն իր ընտանիքով: Այսօր հաստատ չես գտնի այն չորացրած հացի կտորները, որոնք գրողը միշտ պահում էր ճամպրուկում: Նա արեւի յուրաքանչյուր ծնունդին հուզվում էր, բակում անցուդարձի աղմուկից, մեքենաների հռնդյունից լարվում էր ու սպասում աքսորի հերթական «շչասուլոցին»:
Մի քիչ ջուր` արեւոտ ջրհորից
«Պապս կարծես ամեն օր մեռնում էր սպասման հոգեվիճակից: Ես 10 տարեկան էի, երբ նա մահացավ: Ու նրա հետ ապրելով` չէի մտածում, որ պապս գրող է: Այդ տարիներին ես իմ հստակ պատկերացումներն ունեի գրողների մասին: Կարծում էի, թե գրողը պետք է ապրի բարեկեցիկ, լավ բնակարանում, մինչդեռ մենք ապրում էինք պարսկակա՞ն, թե՞ թուրքական ընտանիքի մի լքյալ ցախատանը` մի կտոր հացով ու սոխով»,- հիշում է Կամսարի ավագ որդու` Աշոտ Երկաթի դուստրը` Վանուհի Թովմասյանը, ում աչքերի հատակը հիշողություններից ավելի է թացանում: Եվ մի պահ նույնիսկ թվում է, թե ջոնջուլե վերնազգեստի մաշված թեւքերով ու օձիքով փոքրամարմին պապը փոխադարձ ժպիտով պատասխանում է թոռնուհուն: Վերջինս ծիծաղով է հիշում այն, թե տարիներ առաջ ինչպես հանդիպեց Կամսար գրողին ու ինչպիսի թշնամություն ծագեց պապի նկատմամբ: «Արամ պապիկիս գիտեի եւ սիրում էի ծնված օրվանից, բայց, այ, Լեռ Կամսարին հանդիպեցի 12 տարեկան հասակում: Երբ առաջին անգամ կարդացի, թե պապս ի՜նչ էր գրել իմ Լենին պապիկի մասին, ես ուղղակի հիասթափվեցի, որովհետեւ պապս Լենին պապիկիս անվանել էր համաշխարհային աղվես: Իսկ ես Լենին պապիկի ազնիվ հոկտեմբերիկ սանիկն էի: Մի մոռացեք, որ դա դեռեւս 1965 թվականն էր: Ես դողալով շրջեցի թերթիկը, որտեղ կրկին կարդացի`
– Այո՛, Լենինը համաշխարհային աղվես է. նրան պակասում է միայն փառահեղ համաշխարհային պոչ:
Ես շատ հուզվեցի այդ տողերից ու մտածեցի, թե Արամ պապս հլա հոժա՞ր էլ չէր, որ 20 տարով աքսորել էին. «Շնորհակալություն պետք է հայտնես, որ չեն գնդակահարել»: Ու ես նայեցի կրծքիս կպցրած Վոլոդյա Ուլյանովի ոսկե գանգուրներին»,- աչքերի ջրհորի ծփանքով պատմում է տիկին Վանուհին ու նորից ժպտում` այս անգամ հիշելով Լեռ Կամսարի հետ իր երկրորդ, բայց ճակատագրական հանդիպումը:
«Լեռ Կամսարի նկատմամբ ատելությունս ավելի խորացավ, երբ հայրս մեր նոր ստացած բնակարանի առաջին «կահույքը»` «Օպտիմա» գրամեքենան գնեց եւ, չգիտես ինչու, տեղավորեց հենց իմ ննջասենյակում: Սկսվեցին տարտարոսի իմ տանջանքները: Մինչեւ ուշ գիշեր` չըխկ, հա չըխկ: Հայրս պապիս ձեռագրերը տպում էր 7 օրինակով եւ դրանք թաքցնում էր տարբեր տեղերում: Աչքը վախեցած էր, մտածում էր բռնագրավելուց հետո` գոնե մի օրինակը կփրկվի: Լեռ Կամսարի բանտարկվելուց հետո հայրս թողել էր դպրոցը, որպեսզի մոր հետ կարողանար պահել քրոջը եւ եղբորը: Հետեւաբար, ունենալով 4-րդ դասարանի կրթություն` նա, բնականաբար, պետք է հարցներ ամեն բառի ուղղագրությունը: Ուղղագրություն հարցնելը գլուխը քարը` ես պետք է իմանայի բոլոր երկրների վարչապետների, քաղաքական գործիչների անունները, Սովետմիության կոմկուսի բոլոր ժամանակների քարտուղարների անունները: Պետք է յուրացրած լինեի ոչ միայն Աստվածաշունչը եւ հունական դիցաբանությունը, այլեւ համաշխարհային փիլիսոփայությունը` մարքսիզմ-լենինիզմի հետ միասին: Խենթանալիք էր: Տարեցտարի սպասում էի` ե՞րբ կվերջանա այս զուլումը, երբ հանկարծ մեկ օր հայրս հայտարարեց.
– Փոխանակ անօգուտ թափառելու` տար պապիդ գրվածքները եւ փորձիր տպագրել մամուլում:
– Եթե արժեքավոր լինեին, ինձ չէին սպասի` վաղուց արդեն հրատարակած կլինեին,- նետեցի ես:
Հայրս սփրթնեց իմ անպատկառ հայտարարությունից, եւ եթե չասեի դրությունը փրկող նախադասությունը, երեւի թե հայրս կաթվածահար կլիներ:
– Լավ, լավ, նյութերը տուր, «Ավանգարդը» ճամփիս է` կտամ-կանցնեմ:
Վերցնելով նյութերը` որոշեցի սրբագրել, նոր տանել, հաստատ իմանալով, որ մեքենագրելուց բավականին սխալներ արված կլինեն: Մեկ սխալ, երկու, երեք, տասներեք` մեկ էլ հանկարծ նկատեցի, որ այլեւս վրիպակները ինձ չեն հետաքրքրում` միտքս մեկեն բռնեց տողի պոչը եւ գնա՜ց, գնա՜ց, գնա՜ց ու ընկավ Լեռ Կամսարի աշխարհը: Երեւի նույն զգացողությունն ունեցա` ինչ որ Կոլումբոսը Ամերիկան գտնելիս: Արդեն գանգատուփումս ունեի համալսարանական պարտադիր եւ ցանկալի գրականության մաղուցքը, եւ թացը չորից մի փոքր զանազանել գիտեի, բայց սա հայտնություն էր: Անվախ մտածողություն, անբռնազբոս խոսք, անկաշկանդ գրելաձեւ առանց լեզվական խրթին սեթեւեթանքների` պարզապես մի զվարճալի զրուցակից, որ քեզ ամեն տեսակի կապանքներից ազատում է խնդմնդալով եւ դարձնում ազնիվ, շիտակ, մարդկային, անվախ, արդարամիտ եւ խելացի:
Ահա այսպես փոքրիկ զոմբին գտավ իր մեծ ճշմարտությունը եւ դարձավ ազա՜տ, ազա՜տ, երիցս ազատ մարդ»,- վերհիշում է Լեռ Կամսարի բանասեր թոռնուհին, ով այդ ժամանակից ի վեր սկսել է ուսումնասիրել պապիկի ստեղծագործությունները, որոնց գերակշիռ մասը դեռեւս անտիպ է ու պահվում է այն սեւ ճամպրուկում, որը եղել էր գրողի աքսորական կյանքի ուղեկիցը:
Հավերժ գաղտնիի գաղտնիքը
1915թ. Վանից Երեւան է գաղթում Լեռ Կամսարը, ով մինչեւ 1926թ. ազատորեն տպագրում էր իր ստեղծագործությունները: Սակայն 1920թ. բոլշեւիկների իշխանության գալուց հետո` Կամսարը փախչում է Թավրիզ: Եվ փախչելու պատճառը, ըստ Վանուհի Թովմասյանի, այն էր, որ Կամսարն ու նրա ընկերը` Արսեն Հացագործյանը, հողին էին հանձնել այն դաշնակցական գործիչների դիերը, որոնք բանտում կացնահարվել էին բոլշեւիկների կողմից: «Նրանք հավկիթները լցրել էին ծոցի մեջ ու փախել Երեւանից: Այնքան էին շտապել, որ միայն Թավրիզ հասնելուց հետո Կամսարը նկատել է, որ ճանապարհին կորցրել է գլխարկն ու մի ոտնամանը: Թավրիզում էլ հանդիպում են հոգեւոր առաջնորդ Մելիք Թանգյանին: Վերջինս ծանոթ էր Կամսարի գրչին դեռ 1916թ., երբ Կամսարը երգիծական ֆելիետոններ էր գրում եկեղեցու դեմ»,- նշում է Վ. Թովմասյանը` նկատելով, որ Կամսարը միշտ էլ քննադատել է իշխանություններին: «Կամսարը գրում էր անվախ: Նա միշտ ընդդիմադիր էր: Դաշնակցականների բոլոր սրբություններին կպել էր, բայց դաշնակցականները ընդունում էին նրա երգիծանքը եւ խնդրում էին նրան դառնալ պառլամենտի անդամ»,- ասում է տիկին Վանուհին: Սակայն Կամսարի երգիծանքը խիստ անընդունելի էր բոլշեւիկ ղեկավարների համար, որոնք 1935թ. նոյեմբերի 25-ին ձերբակալեցին գրողին: Եվ միայն Կամսարի «Պլենար նիստ» պիեսի ռուսերեն թարգմանությունը օգնում է գրողին կրճատել ազատազրկման ժամկետը: Դատավարության ընթացքում դատավորը, կարդալով այդ պիեսից հատվածներ, փռթկացնում էր, եւ որպեսզի տեսանելի չլիներ դա, թաշկինակով ծածկում էր բերանը:
«Շատ մեծ գրող ես, բայց դու ուրիշ ժամանակ պետք է ծնված լինեիր: Կներես, չեմ կարող քեզ ազատել, բայց պատիժը կհասցնեմ նվազագույնի»,- այսպես էր ասել դատավորը` մեղադրելով Կամսարին, ով դատավճռի համաձայն՝ 3 տարի ժամկետով աքսորվեց Վորկուտա (Սիբիր), որտեղից վերադառնալով` բոլշեւիկ իշխանավորները գտան, որ գրողը իր պատիժը դեռ ամբողջությամբ չէր ստացել: Եվ գրողին ենթարկեցին ազատ աքսորի (17 տարի) դեպի Սեւանի հյուսիսային մասում գտնվող Բասարգեչարի սարերը: Ազատ աքսորի մեջ, թեեւ Կամսարին բացարձակապես արգելել էին գրել, սակայն սարերի ազատության մեջ նա շարունակում էր ստեղծագործել: Ստեղծագործություններից շատերը նա թաքցնում էր գյուղացիների խոտերի դեզերի մեջ, մեղվի փեթակների կափարիչների տակ: «Գյուղի տղաները, տեսնելով, որ Կամսարը միշտ տոպրակի մեջ ինչ-որ բան էր թաքցնում ու պահում էր մեղվի փեթակների կափարիչների տակ, մտածեցին, որ երեւի շատ թանկարժեք իր է: Գողանում են Կամսարի գրականության որոշ մասը, հետո կարդալով դա`բերում են հանձնում Կամսարին` ասելով, որ իր շառն ու փորձանքը իրենցից հեռու պահի»,- նշում է Վ. Թովմասյանը, ով հենց իր մահճակալի տակ է պահում դեռեւս անտիպ ստեղծագործությունները: «1955թ. համաներումից հետո գրականությունը հողից հանեցինք: Այն պահել էինք հողի տակ` կճուճների մեջ: Սակայն 1946թ. Երեւանում ջրհեղեղ էր եղել, որից բավականաչափ տուժել էր նաեւ գրականության որոշ մասը: Պապս, տեսնելով վնասված ստեղծագործությունները, գցում էր վառարանը, ու աչքերից անընդհատ արցունքներ էին հոսում: Ասում են` նա նույն զգացողությունն ուներ, ինչպես իր 4 երեխաների կորստից հետո»,- պատմում է տիկին Վանուհին` կարծես կուլ տալով այն զսպված արցունքները, որոնք մեր զրույցի ժամանակ գնալով շատանում էին: Ի դեպ, Լեռ Կամսարը ունեցել է 7 երեխա, որոնցից 4-ին կորցրել էր գաղթի ճանապարհին: «Մինչ էսօր վախենում ենք, որ գրականությունը կարող են մեր ձեռքից խլել: 1965թ. նոյմեբերի 22-ին Կամսարը սպասում էր իր գրքի լույսընծայմանը: Սակայն գրքի խմբագիր Խաչիկ Պողոսյանը, ներս մտնելով, Կամսարին ասում է, որ գիրքը կալանքի տակ է, որովհետեւ գրքում ինչ-որ թատրոնի տնօրենի դեմ ֆելիետոն էր գրված:
– Ես աշխարհի դեմ իմ պատուհանները փակել եմ,- ասաց պապս ու խնդրեց, որ իրեն հողին հանձնեն բերանքսիվայր»:
«Երբ ռեժիմը փոխվի, ես շուռ եմ գալու»,- իր, պապի ու տնեցիների հուզախառը դեմքերը հատ-հատ վերհիշում է տիկին Վանուհին, հիշում է նաեւ այն, թե ինչպես լացի առաջին ակորդը կիսատ մնաց օդում, փակվեցին պատուհաններն ու դռները, եւ տնեցիները սկսեցին հավաքել գրողի գրականությունը: «Արցունքների միջից հետաքրքրվեցի մորիցս, թե դա ինչ էր: «Դա մեր հարստությունն է, մեր գանձերը»,- խորհրդավոր ասաց մայրս: «Տես է՜, ինչ խորն է վանեցիների հոգին: Ապրում են թշվառության մեջ` ունենալով մի ամբողջ ճամպրուկ ոսկի: Երեւի Վանից են բերել»,- մտածեցի ես:
Թաղումից հետո սկսվեց գանձերի իմ որոնումը: Ճամպրուկը գտա Շուշան մորաքրոջս տանը: Պարանով կապված էր եւ կնքված: Պատռեցի կնիքը, մի կերպ փոքրիկ արանք բացեցի եւ ձեռքս սլլացրի ճամպրուկի մեջ եւ սկսեցի շոշափել: Չէ, սա ո՛չ ոսկի է, ո՛չ էլ զարդեղեն: Ուրեմն թղթադրամներ են` անցավ մտքովս: Բայց պետք էր տեսնել ու համոզվել: Մի կերպ ձեռքս ընկածը դուրս հանեցի նեղ արանքից: Սառը ջուր լցվեց գլխիս` ընդամենը գրված թղթի պատառիկներ էին»,- պատմում է տիկին Վանուհին: «Պապիս մահանալուց ժամեր անց երկու մարդ է ներս մտնում տուն ու ասում, որ իրենք եկել են Կամսարի գրականության ետեւից: Հայրս սաստում է նրանց ու ասում, որ գրականություն չկա, եւ չէ՞ որ հենց իրենք էին Կամսարին արգելել գրել»,- սեւ ճամպրուկի հսկա ժառանգությանը նայելով` վերհիշում է զրուցակիցս, հետո վիրավորված հայացքը թաքցնելով` փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ մինչեւ օրս հայ բռնադատված գրողների ամբողջ արխիվը հանձնվել է Պետարխիվ, մինչդեռ այսօր Ազգային Անվտանգության ծառայությունում Կամսարի թղթապանակի վրա գրված է՝ «Հավերժ գաղտնի»: «Ինչո՞ւ Կամսարի արխիվը չեն հանձնում»,- հարցնում է Կամսարի թոռնուհին, ով քիչ հետո պատմում է նաեւ 1961թ. Կամսարի եւ Բոստոնի «Ծիրանի գույն» հանդեսի խմբագիր Սիմոն Կյուրոյի հանդիպումը «Արմենիա» հյուրանոցում: «Կյուրոն Հայաստան էր եկել, որպեսզի գիրք գրի Լեռ Կամսարի մասին: Առանց իմանալու, որ հյուրանոցի սենյակում տեղադրված էին միկրոֆոններ, եւ իրենց զրույցը գաղտնալսվում է: Հաջորդ օրը հյուրանոցի լողասենյակում Կյուրոյին գտնում են մեռած` պատճառաբանելով, որ դա կաթված էր, այնինչ իրականում նրան խեղդել էին ու, բացի 500 դոլարից, նրա մոտ ոչինչ չեն գտնում»,- ասում է Վանուհի Թովմասյանը՝ համոզված, որ մի օր հաստատ մեր հասարակությունը կգնահատի հայ գրողին` ըստ նրա թողած ժառանգության: «Այսօր իմ կողքին արդեն Կամսարին լիարժեք գնահատողներ կան: Կամսարն ասում էր` ես ծիծաղով պայքարեցի: Ես համոզված եմ, որ Կամսարը դեռ իր արժանավոր տեղը չի զբաղեցրել»,- ավելացնում է տիկին Վանուհին ու կրկին հայացքը ձգում է դեպի այն սեւ ճամպրուկը, որը մի ժամանակ եղել էր ջոնջուլե վերնազգեստի մաշված թեւքերով ու օձիքով այն մեծ գրողի ուղեկիցը, որին գնահատելու ժամանակը դեռ չի եկել… «Բայց կգա»,- տիկին Վանուհու մահճակալի տակից ասես այս մասին վստահեցնում է հենց ինքը՝ սեւ ճամպրուկը` իր դեռեւս անտիպ ստեղծագործություններով…
Մարինե Մարտիրոսյան