Այսօր` Սեպտեմբերի 18-ը, հայ մեծանուն գիտնական, աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Հայաստանի ազգային հերոս, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է:
Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր։
Նա հիմնարար ներդրում ունի աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում:
Ավելի քան 700 հոդվածների և 20-ից ավելի գրքերի հեղինակ է: Առավել հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող և այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով և հայտնագործություններով: Նա նաև գիտության խոշոր կազմակերպիչ էր, կարևոր քաղաքական և հասարակական գործիչ:
Գալակտիկայում աստղային համակարգերին վերաբերող դիտողական նյութի տեսական վերլուծության միջոցով Համբարձումյանը հայտնաբերեց նոր տիպի աստղային համակարգեր։ Դրական էներգիայով այդ լայնացող համակարգերը նա անվանեց «աստղասփյուռներ» և ապացուցեց դրանց «երիտասարդ» լինելը։ Դա հեղաշրջում էր աստղերի տիեզերաբանության մեջ, քանի որ այստեղից հետևում էր, որ աստղառաջացման գործընթացը Գալակտիկայում շարունակվում է նաև ներկայումս, և աստղերը առաջանում են խմբերով։
Փառք մեծահռչակ հայորդու անմահ հիշատակին…
Շնորհավոր Հայաստանի աստղագիտության տոնը…
Վ. Համբարձումյանի կտակը.
«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:
Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ» (1994):
Լուսանկարում՝ Վ. Համբարձումյանը և Մարշալ Հ. Բաղրամյանը