«30 հազար դոլար տվեք, ավտոբուս կսարքենք». Տիգրան Հովհաննիսյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«30 հազար դոլար տվեք, ավտոբուս կսարքենք». Տիգրան Հովհաննիսյան. armeniasputnik.am

Հայաստանը պետք է վերածնի սեփական ավտոարդյունաբերությունը, բայց էնտուզիաստներն աջակցություն չեն գտնում ի դեմս պետության։ Այդ մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Լսումները կազմակերպել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը` եվրասիական ինտեգրացման խորհրդարանական հանձնաժողովի նախագահը։

Մի քանի շաբաթ առաջ Մելքումյանն առաջարկել է ավտոմեքենաների ներկրումից ԱԱՀ չգանձել։ 2020թ–ից սկսած` Հայաստանը  ավտոմեքենաների ազգային տուրքերից կանցնի եվրասիականի, որոնք ավելի բարձր են։ Մելքումյանը կարծում է, որ գնի մեջ տարբերությունը կարելի է փոխհատուցել` ազատելով ԱԱՀ–ից։

Հովհաննիսյանը մի քայլ առաջ է գնացել` հայտարարելով, որ հավաքել է մասնագետների, որոնք պատրաստ են վերածնել Հայաստանի ավտոարդյունաբերությունը։

«Հայաստանում ուզում են ավտոբուսներ գնել 100 հազար դոլարով, 150 հազարով։ Մենք հավաքել ենք ինժեներների խումբ։ Մենք կարող ենք ինքներս թողարկել ավտոբուսներ, եթե մեզ յուրաքանչյուրի համար տանք 30 հազար դոլար», – հայտարարեց Հովհաննիսյանը։

Զարմացած հարցերին, թե ով և ինչպես է զրոյից ավտոգործարան կառուցելու, Հովհաննիսյանը լայն հորիզոններ նկարագրեց։

«Դրա համար պետք է թուլացնել մեքենաների ներկրման հարկերը, որպեսզի ավտոդիլերները կամաց–կամաց բացեն վերանորոգման արհեստանոցներ, իսկ հետո միգուցե սկսեն արտադրել մեքենաներ և ավտոբուսներ», – հայտարարեց նա։

Նշենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը հանդես էր գալիս տաքսիստների, այնուհետև ներկրողների իրավունքների պաշտպանության օգտին։ Նա մի քանի ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ կանգնած պահանջում էր զարգացնել հայրենական ավտոարդյունաբերությունը։ Այժմ նա խոստանում է կրկնել իր ակցիան Հայաստանի կառավարության մոտ։

«Մեկ տարով չեղարկեք ԱԱՀ–ը։ Միայն այդպես»,– ասաց Հովհաննիսյանը։

Նախագծին դեմ են ֆինանսների նախարարությունը և «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները։ Բյուջեի միջոցներն առաջին հերթին պետք է ծախսել ոչ թե առևտրականների հարկային արտոնությունների վրա, այլ սոցիալական խնդիրների, օրինակ` երիտասարդ ընտանիքների բնակարանային վարկերի կամ գյուղատնտեսական տեխնիկայի արտոնյալ լիզինգի։

Նշենք, որ օրինագիծն առայժմ քննարկում են կառավարությունում։ Իսկ մինչև տարեվերջ գործում են ցածր տուրքերը, քաղաքացիները մեքենաներ են գնում թե՛ իրենց համար, թե՛ գալիք տարում վերավաճառելու։ Մաքսային ծառայության տվյալներով` տարեսկզբից մեքենաների ներկրումը Հայաստան ավելացել է ավելի քան 50 տոկոսով։

armeniasputnik.am