Երեխաներին պետք է գրքերի հետ ծանոթացնել ոչ թե դպրոց հաճախելուն նախապատրաստվելիս, այլ շատ ավելի վաղ՝ 6 ամսականից: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մանկաբույժ Կարինե Լեփեջյանը (ԱՄՆ):
Նրա խոսքով՝ կարդալ չկարողացող երեխաները կարող են գրքերով խաղալ, դրանց ձեռք տալ, նայել, տանել բերանը, և այս ամենը կնպաստի նրանց զարգացմանը: Բայց նման խաղերի համար, բնականաբար, ավելի լավ է երեխաներին տալ ոչ թե սովորական գրքեր, այլ հատուկ՝ նախատեսված հենց փոքրիկների համար. այդպիսի գրքերը շատ հաստ էջեր ունեն, որոնք երեխան չի կարող պատռել կամ կծոտել, դրանց վրա նաև պարզ վառ պատկերներ են, որոնք երեխային, հավանաբար, կհետաքրքրեն:
Ծնողները նույնպես կարող են երեխաների հետ միասին խաղալ՝ նրանց պատմելով, թե ինչ է գիրքը, ցույց տալով, թե ինչպես են էջերը թերթում, պատմել գույների, չափերի մասին: Այսպիսով, երեխան այդպիսի գրքերի միջոցով կճանաչի աշխարհը:
«Երբեք մի մտածեք, որ դեռևս վաղ է երեխային գիրք տալ և որ երեխան, միևնույն է, ոչ մի բան չի հասկանա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե փոքր տարիքից երեխային վարժեցնեք գրքերին, արդեն դպրոցում կարդալը նրա համար կլինի ոչ թե դասերին պատրաստվելու շրջանակում հարկադրված գործողություն, այլ իսկական հաճույք: Ուստի անչափ կարևոր է երեխաներին հատուկ գրքեր տալ դեռևս 6 ամսականից», – ասաց մանկաբույժը:
Մասնագետի խոսքով՝ ոչ պակաս կարևոր է փոքր երեխաների համար գրքեր կարդալը և նրանց տարբեր պատմություններ պատմելը. այս ամենը նույնպես նպաստում է նրանց զարգացմանը:
«Նախադպրոցական տարիքի երեխաները սպունգի պես կլանում են նոր ինֆորմացիան: Որքան շատ գիտելիք մենք կարողանանք տալ երեխային վաղ մանկության տարիներին, այնքան լավ կզարգանա նրա ուղեղը, և նրան այնքան լավ կհաջողվի հետագայում բացահայտել իր ներուժը», – ասաց մանկաբույժը:
Բժիշկ Լեփեջյանը Հայաստան է եկել 5-րդ Հայկական բժշկական առաքելության (Armenian Medical Mission) կազմում:
Առաքելության և COAF կազմակերպության համագործակցության շրջանակում հայերեն են թարգմանվել և տպագրվել շատ հաստ էջերով գրքեր, որոնք նախատեսված են մանկահասակ երեխաների համար: Մասնագետները նախատեսում են բաժանել 2 հազար այդպիսի գիրք բժշկական կենտրոններում, որոնք կայցելեն բարեգործական առաքելության ընթացքում: