«Էրիքսոն» ընկերության Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի գծով տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմեսը Հայաստանում նկատել է մաթեմատիկայի և ծրագրային ապահովման ոլորտում երիտասարդների ունակությունները, կարծում է, որ դա շատ կարևոր է երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար: Խավիեր Գարսիա Գոմեսը, որը Հայաստանում էր «WCIT 2019»՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցության նպատակով, նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Ես լսել եմ, որ դուք ունեք մասնագետների մեծ խումբ, որոնք արդեն աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, հայտնի է, որ ձեր երիտասարդները մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեխնոլոգիայի ոլորտներում լավ ունակություններ ունեն, այսպիսով ես կարծում եմ, որ դա ֆունդամենտալ է: Նոր աշխարհում ՏՏ-ն, արհեստական բանականությունը զարգացնելու համար կարիք կա մարդկանց, ովքեր հասկանում են մաթեմատիկայից, ծրագրային ապահովումից: Որքանով ես տեղյակ եմ, դուք ունեք բոլոր բաղադրիչները Հայաստանում՝ այդ բնագավառում հաջողակ լինելու համար»,-ասաց Գարսիա Գոմեսը:
Նա նկատեց՝ աշխարհը գնալով ավելի ապակենտրոնացված է դառնում: Խավիեր Գարսիա Գոմեսի կարծիքով՝ եթե Հայաստանում տեխնիկական ունակությունները, մաթեմատիկական միտքը միավորեն առկա նպաստավոր միջավայրի հետ, ֆանտաստիկ կլինի՝ հաջողակ լինելու համար: «Դուք կարիք չունեք լինելու Սիլիկոնյան հովտում՝ զարգացնելու հաջողված ծրագրեր, դուք կարող եք զարգանալ ամեն տեղ։ Այսպիսով` նշանակություն չունի, թե դուք ֆիզիկապես որտեղ եք, կարևոր է ձեր իմացությունը և ձգտումը»,-նշեց նա:
«Էրիքսոն» ընկերությունը հայաստանյան շատ օպերատորների համար տեխնիկայի մատակարար է: Նա նկատեց՝ այն բջջային հեռախոսները, որոնք հայաստանցիներն օգտագործում են համացանցից օգտվելու համար, ապահովվում են նաև «Էրիքսոն»-ի կողմից:
Խավիեր Գարսիա Գոմեսը նկատել է Հայաստանում նոր հնարավորություններ կան՝ թվայնացնելու ձեռնարկությունները, արդյունաբերությունը, և կարծում է, որ դա լրացուցիչ պոտենցիալ կլինի՝ Հայաստանում հաղորդակցության ծառայությունների ապահովման համար լրացուցիչ բիզնես զարգացնելու։ Գոմեսը նշեց՝ հավատում են, որ «Էրիքսոն»-ը հիանալի հնարավորություն է՝ Հայաստանում արդյունաբերության համար նորարարություններ ունենալու:
Անդրադառնալով «WCIT 2019»-ին՝ նա նշեց՝ շատ լավ կազմակերպված էր, այն գլոբալ իրադարձություն է, որին հետևում են ամբողջ աշխարհից: Գոմեսը նկատեց՝ համաժողովը շատ մարդկանց բերեց Հայաստան։ Նա առաջին անգամ էր Հայաստանում, գոհունակություն հայտնեց բարդ միջոցառումը կազմակերպելու Հայաստանի կարողության առնչությամբ: «Դեռ ավելին, դա թույլ կտա զարգացնելու ՏՏ ոլորտում հնարավորությունները»,-ասաց Գոմեսը:
Աննա Գրիգորյան