ՀԱՆ-ի միջոցով տեսողությունը վերականգնած անձինք դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը
Advertisement 1000 x 90

ՀԱՆ-ի միջոցով տեսողությունը վերականգնած անձինք դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ)և Կոնստանտին Ստանիսլավսկու անվան Ռուսական պետական դրամատիկական թատրոնի համագործակցության արդյունքում բարեգործական հիմնադրամի միջոցով տեսողությունը վերականգնած մեծահասակները հոկտեմբերի 13-ին դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը` նվիրված  Կոմիտասի 150- ամյա հոբելյանին: Ինչպես տեղեկացրին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից, այցը կազմակերպվել է Հայաստանում շարունակվող Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում, որոնք, սովորաբար, նշվում են ամբողջ շաբաթվա ընթացքում:

«2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այն տոնվում է անդրադառնալու համար կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով կառավարություններին, աողջապահության նախարարություններին և նաև հասարակությանը համախմբելու ուժերը տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ուղղությամբ:

Կարևորելով Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը` «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, որն արդեն 27 տարի Հայաստանում իրականացնում է բժշկական բարեգործական լայնածավալ աշխատանքներ, 2004 թ-ից ի վեր առողջապահության նախարարության հետ համատեղ ամեն տարի նշում է Տեսողության համաշխարհային օրը, որն այս տարի անց է կացվում «Մեր տեսողությունը կարևոր է» խորագրի ներքո: Այս տարի նույնպես՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 2-րդ շաբաթվա ընթացքում հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների շարք է նախապատրաստել, որոնցից առաջինը առողջապահության փոխնախարարի այցն էր Հայկական ակնաբուժության նախագծի շարժական հիվանդանոցը, որն այս պահին գտնվում է Հրազդան քաղաքում և որտեղ անց էն կացվում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ:

2010թ.-ից մինչեւ 2019թ. հուլիս ամիսը  8.794 թիրախային խմբի (34 շաբաթ գեստացիոն տարիքից փոքր եւ/կամ 2.000գր. պակաս քաշով) նորածին երեխա ենթարկվել է առաջնային եւ ընթացիկ ստուգումների, որից առաջնային ստուգման՝ 6.720-ը,  22.193 ԱՌ ստուգում է իրականացվել (44.386 աչք), 192 երեխա ստացել է 337 լազերային բուժում (ֆոտոլազերկոագուլյացիա), 116 երեխա ստացել է 194 հակա-անգիոգեն բուժում, 60 երեխա ենթարկվել է 74 վիտրեոռետինալ եւ հարակից վիրահատությունների եւ միջամտությունների:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում 1,3 միլիարդ ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Տեսողության խանգարման  ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտ: Դպրոցական տարիքի երեխաների շրջանում կարճատեսների բաժինը  շուրջ 20% է, ուսանողների` մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է  դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն՝ դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում կատարակտի տարածվածությունը 27% է, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն»,- նշված է հաղորդագրության մեջ: