«Մոսկովյան գործ»․ ինչ է դա ու ովքեր են դրա զոհերը
Advertisement 1000 x 90

«Մոսկովյան գործ»․ ինչ է դա ու ովքեր են դրա զոհերը

4 մարդ քաղաքական բռնաճնշումների զոհ է դարձել Ռուսաստանում այսպես կոչված «Մոսկովյան գործի» հետևանքով։ Ովքե՞ր են նրանք, ինչի՞ համար են նրանք մեղադրվում

Այս ամառ Մոսկվայում բողոքի ցույցերը հաճախ զանգվածային ձերբակալություններով էին ավարտվում, իսկ մասնակիցների դեմ քրեական գործեր էին հարուցվում։ Նրանցից ոմանց համար դատերն ավարտվեցին ազատազրկմամբ։ Մանրամասները ներկայացնում է Բի-Բի-Սին։

Ցույցերի պատճառը

Ցույցերը սկսվել են հուլիսին՝ Մոսկվայի քաղաքային դումայի նախընտրական արշավի ժամանակ, երբ պարզ է դարձել, որ իշխանությունները թույլ չեն տալու ընդդիմադիր թեկնածուներին մասնակցել ընտրություններին։

Մինչև օգոստոսի կեսը զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում յուրաքանչյուր շաբաթ։ Հուլիսի 27-ին հազարավոր մարդիկ էին դուրս եկել Տվերսկայա փողոց։ Ցույցից հետո դրա մասնակցներին սկսեցին կալանավորել անկարգությունների և ոստիկանությանը դիմադրելու քրեական հոդվածներով։ Լրատվամիջոցներն այս գործընթացը «Մոսկովյան գործ» անվանեցին։

Բռնաճնշումների զոհերը

Քննչական մեկուսարաններում և մեղադրյալների նստարանին հայտնվեցին ամենատարբեր մարդիկ՝ փորձառու ակտիվիստներից մինչև պատահական անցորդներ և մի օգտատեր, որը հինգ տարվա ազատազրկման ենթարկվեց Թվիթերում կատարած մեկ գրառման համար։

Ընդհանուր առմամբ, «Մոսկովյան գործով» մեղադրվել է, քննության տակ է և արդեն դատապարտվել է 24 մարդ։

Նրանք մեծ մասամբ ուսանողներ են, ասպիրանտներ, մենեջերներ, ծրագրավորողներ։ Միայն երկուսն են չորակավորված աշխատանքով զբաղվում՝ մեկը պահակ է, մյուսն՝ առաքիչ։

Նրանց մեծ մասի տարիքը չի գերազանցում 30-ը։ Ամենակրտսերը 21 տարեկան է, ամենաավագը՝ 48։

Այսօրվա դրությամբ կարճվել են հինգ անձանց դեմ գործերը։

11 մարդ քննության տակ է։ Նրանք մեղադրվում են ոստիկանության աշխատակիցներին դիմադրելու համար։

Ութ մարդու նկատմամբ մեղադրական դատավճիռներ են կայացվել։ Պատժի ժամկետը կազմում է մեկ տարվա պայմանական ազատազրկումից մինչև հինգ տարի։

Հնգամյա պատժի է դատապարտվել ֆինանսական մենեջեր Վլադիսլավ Սինիցան թվիթի համար, որում ենթադրել է, որ ոստիկանության աշխատակիցների երեխաները կարող են ատելության օբյետներ դառնալ բողոքի խաղաղ ակցիաները ցրելիս նրանց ծնողների չարդարացված դաժանության համար։

jam-news.net