Սուրճի հաճախակի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և լյարդի դիսֆունկցիայի զարգացման ռիսկը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները, հաղորդվում է գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան քոլեջի կայքում:
Հետազոտությանը մասնակցել է 34 մարդ: Նրանք սքրինինգային կոլոնոսկոպիա են անցել, որը նրանց մոտ օղաձև աղիքում պաթոլոգիական փոփոխություններ չի հայտնաբերել: Կամավորները նաև հայտնել են, որ հաճախ են սուրճ օգտագործում:
Մասնագետները պացիենտների աղիքների տարբեր հատվածներից լորձաթաղանթի նմուշներ են վերցրել և առանձնացրել միկրոօրգանիզմների ԴՆԹ-ն: Ապա ԴՆԹ-ն բազմապատկել ամպլիֆիկացիայի գործընթացում, այսինքն, առանձնացված գեների հավելյալ օրինակներ են ստեղծել, ինչը թեթևացրել է դրանց նույնականացումը:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ գիտնականները ԴՆԹ նուկլեոտիդային հաջորդականություն են հաստատել՝ սահմանելով դրանց պատկանելիությունը մանրէների տարբեր խմբերին: Ապա նրանք համեմատել են միկրոօրգանիզմների զանազանությունն ու այն, թե որքան հաճախ են տոքսինները հանդիպում բարձր (օրական ավելի քան 82,9 մգ) և ցածր (առնվազն 82,9 մգ) մակարդակով կոֆեին օգտագործելիս:
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր մեծ քանակությամբ սուրճ են օգտագործել, ալֆա բազմազանությունն ավելի բարձր է եղել, քան մյուսների մոտ: Առաջին խմբի մոտ մեծ է եղել Faecalibacterium և Roseburia-ի քանակը, իսկ պոտենցիալ վնասակար Erysipelatoclostridium և Lachnospiraceae-ի քանակը՝ ավելի քիչ: Այդ կապը նկատվել է անկախ տարիքից և սննդի որակից: