Կարմրուկով հիվանդանալը ավելի վտանգավոր է, քան կարծում էին բժիշկները, որովհետև այն քայքայում է իմունիտետն այլ հիվանդությունների հանդեպ։
Ստացված տվյալներն օգնում են բացատրել, թե ինչու են երեխաները հաճախ վարակվում վարակիչ այլ հիվանդություններով կարմրուկից հետո, և ընդգծում են երեխաների՝ պատվաստման հանդեպ աճող կայունության վտանգը որոշ երկրներում, տեղեկացնում է Reuters Health-ը՝ հղում կատարելով հետազոտություններին։
Համաձայն վերջինների՝ կարմրուկը ամենավարակիչ հիվանդություններից է, իմունային համակարգը վերադարձնում է «անչափահաս վիճակի», որը նոր վարակների դեմ պայքարելու սահմանափակ կարողություններ ունի։
Ստացված արդյունքները նշանակություն ունեն հանրային առողջապահության համար ամբողջ աշխարհում, քանի որ վստահության նվազումը պատվաստանյութերի հանդեպ և, համապատասխանաբար, պատվաստման ցուցանիշների հանդեպ, հանգեցնում է կարմրուկի բռնկման, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել վտանգավոր այլ հիվանդությունների վերսկսման, ինչպիսին են գրիպը, դիֆթերիան և տուբերկուլյոզը։
«Դա… մարդկանց մոտ «իմունոլոգիական ամնեզիայի» ուղղակի դրսևորում է, երբ իմունային համակարգը մոռանում է ինչպես արձագանքել ավելի վաղ հանդիպած վարակներին»,- ասել է Վելիսլավա Պետրովան բրիտանական Wellcome Sanger ինստիտուտից և Քեմբրիջի համալսարանից։
ԱՄՆ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի գենետիկ, հետազոտող Սթիվեն Էլեջը կարծում է, որ հետազոտության արդյունքները «իսկապես համոզիչ ապացույցներ են տալիս, որ կարմրուկի վիրուսը քայքայում է իմունային համակարգը»։
Կարմրուկի վիրուսը առաջ է բերում հազ, ցան և տենդ ու կարող է հանգեցնել պոտենցիալ մահացու բարդությունների, ներառյալ թոքաբորբը և ուղեղի բորբոքումը, որը հայտնի է որպես էնցեֆալիտ։
Կարմրուկը կարելի է կանխել պատվաստանյութի երկու չափաբաժնի օգնությամբ, որն ապացուցել է իր անվտանգությունն ու արդյունավետությունը, և օգտագործվել 1960-ական թվականներից, բայց երեք շաբաթ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները նախազգուշացրել են չպատվաստված մարդկանց մոտ դեպքերի «տագնապալի բռնկման» մասին ամբողջ աշխարհում։
ԱՀԿ տվյալներով՝ այս տարվա առաջին երեք ամիսներին հիվանդության դեպքերի թիվն ավելացել է չորս անգամ 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ։
«(Կարմրուկի) վիրուսը շատ ավելի վնասակար է, քան մենք կարծում էինք, իսկ դա նշանակում է, որ պատվաստանյութը շատ ավելի արժեքավոր է»,- ասել է Էլեջը։
Այս հետազոտության համար երկու թիմ ուսումնասիրել է չպատվաստված մարդկանց խումբ Նիդեռլանդներում՝ պարզելու համար, թե ինչպես է կարմրուկն ազդում իմունային համակարգի վրա։
Հետազոտություններից մեկում նրանք սեքվենավորել են 26 երեխաների հակամարմինների գեները, իսկ հետո, կարմրուկով վարակվելուց 40-50 օր անց, հայտնաբերել են, որ հատուկ հակամարմինները, որոնք ստեղծվել են այլ հիվանդությունների դեմ, անհետացել են երեխաների արյան միջից։
Երկրորդ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կարմրուկը վերացրել է երեխաների պաշտպանական հակամարմինների 11-73 տոկոսը՝ արյան սպիտակուցները, որոնք «հիշում» են անցած հանդիպումները վիրուսների հետ և օգնում օրգանիզմին խուսափել կրկնակի վարակներից, ինչը նրանց խոցելի է դարձնում վարակների առջև, որոնց հանդեպ նախկինում ընկալունակ չէին։