Հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: Սպենդիարյանի ստեղծագործությունները հայտնի են բոլորին, սակայն քչերը գիտեն նրա անձնազոհության և սիրո պատմության մասին:
Սպենդիարյանի ամբողջ կյանքի սերը՝ Վարվառան
895թ.-ին Ալեքսանդր Սպենդիարյանը Թեոդոսիայում կազմակերպված բարեգործական մի համերգի ընթացքում հանդիպում է Հովհաննես Այվազովսկու բարեկամուհուն՝ Վարվառա Մազիրովային: Երիտասարդ կոմպոզիտորն անմիջապես հրապուրվում է սիրուն Վարվառայով: Սպենդարյանը երկչոտ էր, ինչն էլ ստիպում է սեր խոստովանելու փոխարեն լրիվ այլ, անսպասելի որոշում կայացնել. «Վարվառայի հետ կամուսնանա եղբայրս՝ Լեոնիդը»:
Սպենդիարյանի եղբայրը հայտնի երկրաբան էր, մինչդեռ ինքը՝ Ալեքսանդրը, հոր խորհրդով ընդունվել էր Մոսկվայի կայսերական համալսարան նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում:
Լեոնիդ Սպենդիարյանը և Վարվառա Մազիրովան ամուսնանում են, ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկ որդին:
Շուտով Լեոնիդը հանկարծամահ է լինում…
«Միայն երաժշտական պարապմունքներն են, որ ինձ ցրում են ծանր մտքերից»,– գրում էր Ալեքսանդրը եղբոր այրուն:
Ալեքսանդրի և Վարվառայի նամակներն ավելի պարբերական են դառնում, դրանց պարունակությունն՝ ավելի մտերմիկ: Կարծես՝ Սպենդիարյանի մոտ երկրորդ շնչառություն են ստանում նախկինում ապրած զգացմունքները: Նա նաև հայրական սեր էր զգում եղբոր որդու նկատմամբ, ում նվիրված է «Արևելյան օրորոցային» երգի մշակումը:
«Ինչպե՞ս է քայլում Լյոսենկան, ի՞նչ նոր բան է ասում: Գո՞հ է զինվորիկներից ու ձիերից: Գրեցեք թանկագին, պաշտելի Վարյուշա: Գրեցեք հնարավորին չափ շատ պստիկի և նրա մոր մասին, որոնց ես աշխարհում ամենից շատ եմ սիրում, առանց որոնց ես ոչ երջանկություն ունեմ, ոչ հանգիստ, որոնց այնպես եմ կարոտում, որ ոչ մի գիշեր չեմ քնում առանց արցունքի»:
1900 թվական, հորը հասցեգրված նամակում Սպենդիարյանը խնդրում է նրան համոզել Վարիային ընդունել իր ամուսնության առաջարկությունը:
«Ես սիրում եմ նրան իսկական խորը սիրով, և չափազանց դժվար կլինի նրանից մերժում ստանալը»,- գրում է Սպենդիարյանը հորը:
Վարվառան ասում է՝ «հա» , բայց «հնազանդ եմ» ասելու հնարավորություն չի ունենում
Վարվառան տալիս է իր համաձայնությունը: Սակայն Սպենդիարյանի սիրո պատմությունը կրկին կիսատ մնալու եզրին էր. հայ առաքելական եկեղեցին արգելում էր ամուսնությունը եղբոր այրու հետ:
Բանն այն է, որ Սպենդիրյանը կապված էր եկեղեցուն, առաքելական կրոնն իր կյանքում միշտ մեծ դեր էր ունեցել: Այդժամ կոմպոզիտորը երկընտրանքի մեջ էր՝ կրկին հրաժարվել անձնական երջանկությունից թե այդքան հարազատ եկեղեցուց…
1901 թվական, փետրվարի 27
Պսակադրությունը տեղի ունեցավ բողոքական եկեղեցում: Նորապսակները Սպենդիարյանի հոր կողմից առանձնատուն ստացան Յալթայում, այն ժամանակին եղել էր սերբ թագուհու նստավայրը, իսկ շուտով դառնալու էր տեղի հայերի մշակութային ու մտավորական կենտրոնը, ինչպես նաև լցվելու էր Սպենդիարյանի և Վարվառայի երեխաների ձայներով: Այդ տունը հյուրընկալեց ժամանակաշրջանի մի շարք ականավոր գործիչների՝ Մաքսիմ Գորկի, Վարդգես Սուրենյանց…
Սպենդիարյանը և Վարվառան երեխաների հետ
Ամբողջությամբ՝ vnews.am