Դիվանագիտության տեսության և պրակտիկայի տեսանկյունից չափազանց կարևոր դեր ունի ֆրանսիացի հայտնի դիվանագետ Թալեյրանի գործունեությունը, ով ապրելով Ֆրանսիայի համար անցումային շրջանում, երբ ոչինչ կայուն չէր, ամեն ինչ ենթակա էր ամեն վայրկյան փոփոխության կարողացավ իր կայուն տեղն ունենալ տվյալ ժամանակահատվածի բոլոր կառավարություններում: Այդ ամենին նա հասնում է իր տաղանդների ու ունակությունների շնորհիվ, ինչպես նաև շնորհիվ այն կենսապայմանների, որում դաստիարակվել ու կայացել է: Թալեյրանի օրինակն իրոք բացառիկ է և ուղղորդիչ նշանակություն ունի անգամ ժամանակակից դիվանագետների համար:
Թալեյրանի դիվանագիտական գործունեության կենսագրական նախադրյալները
18-րդ դարի վերջերի և 19-րդ դարի սկզբի ֆրանսիական և ընդհանրապես եվրոպական դիվանագիտության մեջ խոշորագույն կերպարներից էր Շառլ Մորիս դե Թալեյրան-Պերգորը[1]: Թալեյրանները նշանավոր տոհմ էին, իսկ նրանց կարգախոսն էր «Չկա ուրիշ թագավոր Աստծուց բացի» (Re que Diou)[2]:
Եղբոր մահից հետո Շառլը դարձավ ընտանիքի ավագ որդին: Թալեյրանի կենսագիրներից շատերը նշում են, որ նրան ոչ ոք չէր սիրում, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում[3]: Նա դաստիարակվել է ընտանիքից հեռու՝ վարձու խնամողի մոտ: Ի տարբերություն իրեն՝ կրտսեր եղբայրները ընտանիքում են դաստիարակվել, ինչին Շառլը մշտապես նախանձով էր վերաբերվում, թեև ցույց չէր տալիս, նա ընդհանրապես իր եղբայրների նկատմամբ սառը վերաբերմունք ուներ:
Երեք տարեկանում աջ ոտքի լուրջ վնասվածք է ստացել, արդյունքում Թալեյրանը ողջ կյանքում կաղ մնաց: Ըստ որոշ աղբյուրների էլ նա կաղ է ծնվել: Վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրորդ տարբերակն առավել հավաստի է[4]: Ֆիզիկական արատի պատճառով զինվորական կարիերան նրա առջև փակված էր: Նրա միակ ուղին մնում է կրոնական ուղին:
1769 թ.՝ տասնհինգ տարեկանում նրան ուղարկեցին Ռեյմս՝ հոգևորական դաստիարակություն ստանալու համար, ինչը ամենևին էլ ցանկալի չէր պատանու համար[5]: Նա արտաքին սառնությամբ ու զսպվածությամբ ընդունեց նաև իր հարազատների որոշումը:
1770 թ. նրան տեղափոխեցին Փարիզ՝ Սոն Սյուլպիս սեմինարիա, ուր սովորեց մինչև 1773 թ.: Դրանից հետո Սորբոնում ստացավ աստվածաբանության բակալավրի կոչում: 1774 թ. միաժամանակ դարձավ հոգևորական: Հետագայում այս տարիների մասին նա գրում է. «Իմ ողջ երիտասարդությունը նվիրված էր մի մասնագիտության, որն ինձ համար չէր»: Սակայն նրա երազանքը գումարն էր, ինչն անհասանելի էր հոգևորականի համար, մինչդեռ նրա ցանկանում էր ֆինանսների նախարարի պաշտոնում իրեն տեսնել: Թալեյրանի համար ոչ պակաս կարևոր էր նաև կանանց հետ հարաբերությունները: 1772 թ. ծնվեց նրա առաջին սիրավեպը: Թալեյրանը համարում է, որ այդ տարիները հետագա դիվանագիտական ունակությունների վրա մեծ ազդեցություն են թողել[6]:
Թալեյրանի մյուս նախասիրությունը թղթախաղն էր, որի պատճառով 16 տարեկանում անգամ ձերբակալվել է: Նման վարքի համար նրան հետագայում անգամ անվանել են «կաղ սատանա»:
1775 թ. նա ստացավ աբբատի տիտղոս Սեն-Դենի աբբայությունում: 1778 թվականից սացավ բակալավրի կոչումը, ապա նաև աստվածաբանության մագիստրոսի կոչում՝ ամբողջցնելով իր կրթությունը: Իսկ արդեն 1779 թ. երկար մտորումներից հետո դարձավ վանական: Թալեյրանը գրում է. «Ես տեսա, որ չեմ կարող խուսափել իմ ճակատագրից և իմ հոգնած ոգին համակերպվեց»[7]: 1780 թ. Թալեյրանը ստացավ ֆրանսիական հոգևորականության գլխավոր գործակալի պաշտոն, որն ըստ էության ապահովում էր հոգևորականության և թագավորական պալատի կապը[8]:
Թեև Թալեյրանի՝ որպես հոգևորականի վարկանիշը բարձր չէր, նա մի շարք սիրավեպերի մեջ էր ներգրավվել և անգամ արտաամուսնական զավակ ուներ, սակայն օգտագործելով իր կապերը, 1788 թ.՝ 35 տարեկանում նշանակվեց եպիսկոպոս Օտենում (Բուրգունդիա): Արդեն իսկ Թալեյրանը բավականին մեծ գումար էր ստանում իր ծառայությունների համար:
Սկզբունքորեն Թալեյրանի կյանքում կարևորագույն իրադարձություն դարձավ մասոն դառնալը: Մասոնությունը* շուրջ 300 տարվա պատմություն ունի և այն սկսվում է 1717թ. հունիսի 24-ից, երբ 4 հին օթյակներից («եղբայրական որմնադիրների») «Խնձորենու տակ» պանդոկում կազմավորվեց Անգլիայի Մեծ Օթեակը… Սակայն մասոնականությունը իր խորը արմատներն ունի պատմության մեջ: Մասոնական տարրի համար հիմք են ծառայել Կաբալականությունը, Գնոստիկությունը, Տաճարական ասպետների (տամպլիերների) գործունեությունը, Վարդախաչյանները (ռոզենկրեյցերներ), Ազատ մասոնները, Լուսավորյալները (Illuminati), իսկ 18-րդ դարից տարածվում են արդեն մասոնական օթյակները:
Ֆրանսիական մեծ հեղափոխության շեմին Ֆրանսիան լցված էր մասոններով. տեղի «Ինը քույրերի օթյակի» (ստեղծված 1769 թ.) անդամներ էին ժամանակի հայտնի գիտնականներից ու մտածողներից շատերը: 1777 թ. օթյակն ուներ 60 անդամ, 1783-ին՝ 118[9]:
18-րդ դարի վերջերին դարում Ֆրանսիան կայացած, զարգացած ու հզոր միապետություն էր` Բուրբոնների արքայական դինաստիայի կառավարմամբ: Երկիրը հարյուրամյակների ընթացքում անթաքույց պայքար էր մղում եվրոպական մայրցամաքում գերիշխանության համար, և դա նրան հաջողվում էր. Ֆրանսիայի թագավորության դեմ կարող էր մրցակցել միայն Անգլիան, որ անվիճելի առավելություն ուներ ծովում և դրա շնորհիվ էլ կարողանում էր հավասարակշռություն պահպանել Ֆրանսիայի դեմ պայքարում: Ֆրանսիան ուներ նաև իր անդրծովյան գաղութները. մի խոսքով` ժամանակի հզորագույն երկրներից էր:
Սակայն 1789 թ. արտաքին շուքի հետ մեկտեղ երկրում բազում ծանր սոցիալական խնդիրներ կային: Երկիրը տնտեսական ծանր վիճակում էր հայտնվել: Ինչ-որ լուծում գտնելու համար երեք խավերի ներկայացուցիչների Գլխավոր շտատներ հրավիրվեց:
Այդ ընթացքում Թալեյրանը 1789 թ. մարտի 25-ին պաշտոնապես լքեց իր եպիսկոսական դիրքը և մեկնեց Փարիզ: 1789 թ. ապրիլի 2-ին նա ընտրվեց Գլխավոր շտատների պատգամավոր հոգևորականության կողմից[10]:
Թագավորը ցանկանում էր երկրում առկա ծանր վիճակի բեռը բարդել այդ ժողովրդական ժողովի ուսերին: Ինչպես նախկինում էր, որոշվեց հոգևորականներին ու ազնվականներին 2 ձայն հատկացնել, իսկ երրորդ խավին՝ հասարակ ժողովրդին՝ 1 ձայն: Վերջին հանգամանքը լայն զանգվածների սրտով չէր:
1789 թ. մայիսի 5-ին տեղի ունեցավ Գլխավոր շտատների արարողակարգային բացումը, որում ներկայացված էին 1118 պատվիրակներ (երրորդ խավից՝ 577, հոգևորականներից՝ 291 և ազնվականներից՝ 250):
Շտատների գործունեությունը լցվա էր վեճերով: Արդյունքում իրեն ողջ ժողովրդի ներկայացուցիչ համարող երրորդ խավը (ի դեպ 1789 թ. Ֆրանսիայի բնակչությունը մոտ 20,5 մլն էր կազմում, որից ազնվականներին էին 80 հազարը, իսկ հոգևորականները՝ 200 հազարը) հայտարարեց Ազգային ժողովի լիազորություններ ունեցող մարմին և սկսեց ինքնուրույն օրենսդրական գործառույթ իրագործել: Ստացվում է, որ պատգամավորները նոր պետական համակարգ փորձեցին ձեռնարկել:
Հունիսի 23-ին թագավորը պատասխանեց, որ նման մոտեցումը անընդունելի է և որ պատգամավորները ըստ հաստատված կարգի պետք է գործեն: Սակայն երրորդ խավը չէր պատրաստվում ընդունել թագավորի հրամանները: Հուլիսի 12-ին այն իրեն հռչակեց՝ որպես Ազգային ժողով, սկսվեց համաժողովրդական ապստամբություն[11]: Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Բաստիլի ամրոցի գրավումը. պետք է նշել, որ այդ իրադարձությունն ինքնին որևէ մեծ բան չէր իրենից ներկայացնում, Բաստիլի բանտում ընդամենը 7 կալանավորներ էին, իսկ ամրոցի ողջ պաշտպան անձնակազմը հաշմանդամներ էին: Այս ոչինչ չասող իրադարձությունը դարձավ Ֆրանսիական մեծ հեղափոխությա սկիզբը[12]:
Բաստիլի անկման օրը Թալեյրանը ընդգրկվեց Ազգային ժողովի սահմանադրական կոմիտեի մեջ: Երկրին հարկավոր էր նոր սահմանադրություն, իսկ «հաղթանակի հասած» ամբոխն ունակ չէր այն մշակել, գրագետ մարդկանց կարիք էր զգացվում: Թալեյրանը իդեալական էր այդ դերի համար: Նա սկսեց ակտիվ մասնակցություն ունենալ Սահմանադրական կոմիտեի աշխատանքներում՝ խմբագրելով հայտնի «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»:
Հեղափոխության արդյունքում երկրի տնտեսական ծանր կացությունը չլուծվեց, երկրին միջոցներ էին պետք, միայն պետական պարտքը կազմում էր 4 մլրդ լիվր, իշխանությունները տարբեր մեխանիզմներ էին մտածում վիճակն ինչ-որ կերպ փրկելու, սակայն ապարդյուն:
Այդ շրջանում Թալեյրանը հանդես եկավ եկեղեցական ունեցվածքը վաճառելու առաջարկությամբ, այդ հարցը քննարկվեց Ազգային ժողովում նոյեմբերի 2-ին: Նա հայտարարեց, որ եկեղեցու ունեցվածքը հսկայական է: Սակայն այն ժամանակին ոչ թե հոգևորականներին է տրվել, այլ եկեղեցուն, այսինքն բոլոր հավատացյալներին, այլ խոսքերով ասված՝ ժողովրդին:
1789 թ. դեկտեմբերին ընդունվեց եկեղեցական հողերի ազգայնացման մասին դեկրետ: Դրանից հետո եկեղեցին ատելությամբ լցվեց Թալեյրանի նկատմամբ: Սակայն Թալեյրանի այս առաջարկությունը որոշակիորեն նաև փրկեց եկեղեցին, եթե այն չլիներ, ապա ինչպես Անգլիայի օրինակով, երբ Օլիվեր Կրոմվելի կողմից եկեղեցին «փակվեց», Ֆրանսիան էլ կարող էր շարժվել:
1790 թ. փետրվարի 16-ին պատգամավորները Թալեյրանին ընտրեցին Ազգային ժողովի նախագահ: Սկզբունքորեն նա դարձավ հեղափոխության գլուխը[13]:
Թալեյրանի գործողություններին եկեղեցու պատասխանը չուշացավ: 1791 թ. մարտի 10-ին Հռոմի պապը հրաման արձակեց, որով դժգոհություն էր արտահայտվում Օտոնի եպիսկոպոսի գործունեությամբ, իսկ ապրիսլի 13-ին «Ֆրանսիայի թիվ մեկ չարագործը» Պապի անունից հեռացվեց եկեղեցուց: Նրան հայտարարեցին հերետիկոսության և այլ աններելի մեղքերի մեջ[14]:
Դրանից հետո Թալեյրանի հարազատները հրաժարվեցին նրանից: Արդյունքում Թալեյրանն իր համար նոր կարգախոս ընդունեց «Ես ճկվում եմ, բայց չեմ կոտրվում»:
1791 թ. հունիսի թագավոր Լյուդսովիկոս 16-րդը փորձեց փախչել Փարիզից, որից հետո Ազգային ժողովը հռչակեց, որ իր դեկրետները ենթակա են իրագործման առանց թագավորի կողմից ընդունելու: Փաստացիորեն Ազգային ժողովը իր ձեռքը վերցրեց երկրի կառավարումը:
Երկրի սահմանադրությունը վերանայվեց, իսկ սեպտեմբերի 3-ին ընդունվեց նաև թագավորի կողմից: Իսկ արդեն սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի վերջին նիստը: Նրան փոխարինելու եկավ Օրենսդիր ժողովը, որում Ազգային ժողովի նախկին պատգամավորները չէին կարող մաս կազմել:
1792 թ. հունվարի 15-ից հուլիսի 5-ը Թալեյրանը դիվանագիտական առաելությամբ Լոնդոնում էր: Թալեյրանի գերնպատակն էր հասկանալ բրիտանական իշխանությունների ընդհանուր տրամադրությունները: Անգլիայում նրան հաջողվեց ծանոթանալ մի շարք հայտնի անձանց հետ: Իսկ առաքելության ամենից կարևոր ձեռքբերումն այն եղավ, որ կարողացավ 1792 թ. ապրիլին Ֆրանսիայի և Ավստրիայի միջև ծագած պատերազմում Անգլիայի չեզոքությանը հասնել:
Հենց այդ ժամանակ էլ Թալեյրանն առաջին անգամ ի ցույց դրեց իր առաջնակարգ դիվանագետ լինելու ունակությունները: Բրիտանացիների համար Թալեյրանը զարմանալի էր, ըստ նրանց վերջինս ֆրանսիացու նման չէր. նա սառն էր, վերամբարձ էր խոսում, սակավախոս ու ըստ էության էր խոսում և ունակ էր լսել մյուսներին՝ օգուտ քաղելով հակառակորդի չնչին իսկ անմտածված խոսքից[15]:
Ամբողջությամբ` geopolitics.am